Մատչելիության հղումներ

«Համահայկական երաժշտական համաժողովը» համերգաշարով կնշի հիմնադրման 25-ամյակը


Անկախության առաջին իսկ տարիներին փորձեր արվեցին այս կամ այն ստեղծագործական միությանը զուգահեռ ստեղծել նոր միություններ, որոնք կարճ ժամանակ անց դադարեցրին իրենց գործունեությունը, և միայն «Համահայկական երաժշտական համաժողով» կազմակերպությունն է, որ մինչև օրս ակտիվ գործունեություն է ծավալում:

Կազմակերպությունն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգով նշելու է հիմնադրման 25-ամյա հոբելյանը:

Այս տարիների ընթացքում կազմակերպությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները տարածել ու հանրահռչակել է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, և ոչ միայն բազմաթիվ համերգների, այլև հրատարակած 5 տասնյակից ավելի գրքերի և հարյուրավոր ձայնակավառակների միջոցով:

Երեկոյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի «Համահայկական երաժշտական համաժողովի» երեք հիմնադիր անդամների՝ Լևոն Չաուշյանի, Վահրամ Բաբայանի, Երվանդ Երկանյանի և այլոց ստեղծագործությունները:

Կազմակերպության հիմնադիր նախագահ Լևոն Չաուշյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասաց․ - «Արդեն 25 տարի է մենք գործում ենք իբրև հասարակական կազմակերպություն: Այսօր կնհչի Սուրեն Զաքարյանի դաշնամուրային կոնցերտը՝ հեղինակի կատարմամբ, պրեմիերա է: Կհնչի Վահան Բաբայանի «Մուսա լեռան քառասուն օրը» օպերայի նախերգանքը: Կուզեի ուշադրություն դարձնել, որ այս օպերան արդեն մեկ տասնամյակից ավել առաջ է գրված, բայց մինչև հիմա բեմադրված չէ: Իսկ դա ունի, իմ կարծիքով, շատ կարևոր նշանակություն մանավանդ հիմա: Եվ պետք է առաջին անգամ հնչեր Երվանդ Երկանյանի 7-րդ սիմֆոնիան, բայց տեխնիկական պատճառով կհնչի 6-րդ սիմֆոնիան: Սա սկիզբն է համերգաշարի․ մենք կունենանք և՛ կամերային համերգներ, և երգչախմբային համերգներ»:

Լևոն Չաուշյանը վերհիշեց, թե ինչպես 25 տարի առաջ Կոմպոզիտորների միությունում ինքն ու իր համախոհները պարզապես վայր դրեցին միության անդամատոմսերը․ - «Համաժողովը ստեղվեց մի քիչ ավելի անտագոնիստական ալիքի վրա: Դա 1994 թվականն էր, մենք դժգոհ էինք Կոմպոզիտորների միության գործունեությունից և գտնում էին, որ միության այդ ձևը վաղուց արդեն հնացած է, սպառվել է: Եվ մի քանի հոգով, ի դեպ պիտի ասեմ՝ առանց կազմակերպվելու, միության համագումարի ժամանակ վեր կացանք, մեր մանդատները հանձնեցինք ու դուրս եկանք: Դա Մարտիկ Վարդազարյանն էր, Մարգարիտ Ռուխկյանը, Ռուբեն Սարգսյանը, Երվանդ Երկանյանը, Վահրամ Բաբայանը և ես: Առաջինները մենք ենք եղել: Նման կազմակերպություններ շատ եղան, բայց ուղղակի չդիմացան, վերացան: Ես կարծում եմ, մեր գրավականը համախմբվածությունն է»:

«Մեր կազմակերպությունը փոքրաթիվ է իր կազմով», - շարունակեց Չաուշյանը: - «Ի դեպ, ժամանակին մեր կազմակերպություն անդամ են եղել և՛ Էդուարդ Միրզոյանը, և՛ Կոնստանտին Օրբելյանը, Ռուբեն Սարգսյանը, Վիկտոր Խաչատրյանը, որ այսօր մեզ հետ չեն: Մեր հաջողության գրավական էն է, որ մենք համախոհներ ենք, ո՛չ երաժշտական լեզվի տեսակետից: Դա կլիներ շատ տխուր, եթե նույն լեզվով գրեինք: Համախոհ ենք կյանքի կյանքի ընկալման, աշխարհահայացքների, արվեստին վերաբերվելու առումով»:

Համահայկական երաժշտական համաժողովի համահիմնադիրներից կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հարցին, թե ինչ հիմնախնդիրներ կառանձնացնի մեր երաժշտարվեստի բնագավառում, պատասխանեց․ - «Ուղղակի լրացուցիչ աշխատանք տարվի ժողովրդի ճաշակը, կուլտուրան բարձրացնելու ուղղությամբ: Բայց դրա համար նախ պետք է, որ ղեկավարները իրենց վրա աշխատեն, ավելի բարձր ինստանցիաների մասին է խոսքս: Հասկանան որն է երաժշտական մշակույթը: Ոչ թե այն, ինչ որ հնչում է ամենուր․ դա արվեստ չի, դա երաժշտություն չի: Հասկանան որն է մշակույթը և ծառայեն դրան: Եվ փող չխնայեն դրա համար: Որովհետև սա է մեր դեմքը»:

Իսկ Համաժողովի համահիմնադիրներից Երվանդ Երկանյանը, ի պատասխան հարցին, թե ինչ հիմնախնդիրներ են հաղթահարել այս 25 տարիների ընթացքում, նկատեց․ - «Այն դժվարությունները, որոնք հատուկ են մեր երկրին, հատուկ են նաև մեր Համաժողովին: Քիչ դժվարություններ չենք հաղթահարել: Մենք այդպես էլ մնացինք առաջին և միակ կազմակերպությունը նոր Հայաստանում որպես հակակշիռ չասեմ, բայց որպես նոր տեսակ կոմպոզիտորների միաբանության՝ հրաժարվելով Կոմպոզիտորների միության խորհրդային, ստալինյան ֆորմատից: Եվ իհարկե, մեր երաժիշտներին պետք է հազար շնորհակալություն հայտնել: Որ մարդիկ, համեմատած Եվրոպայի իրենց համարժեք կոլեկտիվների հետ, մի քանի անգամ ցածր վարձատրվելով, իրենց ամբողջ ուժերը ներդնում են հանուն մեր մշակույթի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG