Քննչական կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Ըստ Քննչական կոմիտեի, 2015-ից մինչև 2018 թվականը մի շարք անձինք որպես աշխատող են գրանցվել Էջմիածնի համայնքապետարանում, սակայն աշխատանքի չեն հաճախել և փաստացի զբաղված լինելով այլ աշխատանքով համայնքային բյուջեից ստացել են աշխատավարձ:
Մասնավորապես, Կարեն Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության և իրենց տան աշխատակիցներին գրանցել է համայնքապատկան հիմնարկներում և համայնքի բյուջեից աշխատավարձ վճարել։ Օրինակ, աշխատակից է գրանցել իր ընտանիքի վարորդին կամ հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տան կենդանիներին խնամող անձին և թիկնապահին:
Այս ամենից բացի, ըստ Քննչական կոմիտեի, Կարեն Գրիգորյանի անչափահաս երեխաները ներառվել են Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում:
Կարեն Գրիգորյանը մեղադրվում է նաև Մանվել Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մանվել Գրիգորյանի փաստաբանի տեղեկացմամբ՝ Մարտի 1-ի գործով Գրիգորյանը հրավիրվել է հարցաքննության
Ինչ վերաբերում է հորը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին, այսօր նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, հայտարարեց, որ Գրիգորյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն հրաժարվել է որևէ ցուցմունք, բացատրություն տալ։
«Ազատության» հարցին, թե ինչով է պայմանավորված եղել ցուցմունք չտալը, փաստաբանն արձագանքեց՝ եթե դա էական նշանակություն ունենար գործի համար, միգուցե տար․ - «Բայց, տեսեք, արդեն բարձրաձայնում են երկու կողմից, մենք ունենք Մանվել Գրիգորյան անձի հետևյալ կերպարը․ մի կողմից, ժողովրդի կողմը պետք է կանգներ, մյուս կողմից, կանչում էր երկրի գլխավոր հարամանատարը, հիմա ոնց որ բարձրաձայնվում է այդ քրեական գործով, որպեսզի անօրինականություններ թույլ տար և մարդը հրաժարվեց. ահավասիկ մարդու կերպարը։ Թե հիմա ի՞նչ ցուցմունք պետք է տար, ի՞նչ մանրամասներ պետք է ասեր, կարծում եմ, արդեն 300, 400-ից ավել ընդե ցուցմունքեր տվողներ կան և դա այդքան էական նշանակություն չէր ունենա»։
Հարցին՝ եթե Մարտի 1-ի գործով ցուցմունք տար Գրիգորյանը, արդյո՞ք դա կազդեր նրա բուն գործի ընթացքին, փաստաբանը դրական արձագանքեց. - «Կարծում եմ, այո: Բարենպաստ որոշակի պայմաններ միգուցե կապահովեր»:
ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ չեն մեկնաբանում, թե արդյոք Մանվել Գրիգորյանին հրավիրել են հարցաքննության, թե ոչ։
Այսօր փաստաբանը անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե ըստ ցուցմունքների, Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հրավիրած խորհրդակցությանը, որին ներկա չի եղել այդ ժամանակ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը, ասել է, որ «Մանվել Գրիգորյանի մաման կլացացնի»։
«Եթե դա իրոք այդպես է, ապա փաստեմ հետևյալը, որ մայրիկ լացացնելը իրավական կատեգորիա չէ, և երկրորդը, երբ դա արվում է երկրի առաջին դեմքի անունից, դա արդեն այլ գնահատման խնդիր է։ Ուղղակի դրանով երևում է հետևյալ պատկերը, որ, այո, Մանվել Գրիգորյանը չի ներկայացել այդ խորհրդակցությանը՝ լավ հասկանալով, լավ գիտակցելով, թե ինչ ցուցումներ պետք է լինեն, և լինելով այդ ըմբոստ տեսակը, առերևույթ որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու պատճառաբանությամբ ուղղակի չի գնացել և այդ տարիների գերագույն գլխավոր հրամանատարի, երկրի առաջին դեմքի, այսպես ասած, հրամանը չի կատարել։ Ինչ վերաբերում է մայրիկը լացացնելուն, ասեմ, որ թուրքը անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնի», - ընդգծեց Բաղդասարյանը։
Նա այսօր հայտարարեց նաև, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն օր-օրի վատթարանում է։ Շարունակեց պնդել, որ Գրիգորյանի հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ։
62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: