Մատչելիության հղումներ

Քրեական միջավայր ստեղծելը, դրանում ներգրավվելն ու դրան հարելը քրեականացնող օրինագիծն արդեն պատրաստ է


Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյան, արխիվ
Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյան, արխիվ

Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նախագիծը հունիսի 27-ին ներկայացվել է Կառավարություն։

Քրեական միջավայր ստեղծելու, քրեական միջավայրում ներգրավվելու, այդ ենթամշակույթին հարելու վերաբերյալ քրեականացնող օրինագիծն արդեն պատրաստ է։

Արդարադատության նախարարությունից օրենքի նախագծի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տրվում, քանի դեռ գործադիրում չեն սկսվել քննարկումները։ Նախագիծն ավելի վաղ հրապարակվել էր e-draft.am կայքում, սակայն որոշ ժամանակ անց հեռացվել էր՝ լրամշակման պատճառաբանությամբ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նման օրենք ունենալն անհրաժեշտություն է համարում։

«Առավել քան անհրաժեշտ է նման օրենքի ընդունումը: Ինչի՞ համար: Որպեսզի մենք կարողանանք ազատել քաղաքական համակարգը քրեական աշխարհից։ Ավելին, քրեական աշխարհը չպետք է որևէ ազդեցություն ու մասնակցություն ունենա տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, որոշումների կայացման մեջ», - նշեց Սաքունցը։

Իրավապաշտպանը վստահ է, որ նախորդ իշխանությունները փոխկապակված են եղել քրեական հեղինակությունների հետ, ու չի բացառում, որ այդ անձինք ազդեցություն են ունեցել պետության կողմից քաղաքական, տնտեսական լուրջ որոշումների կայացման վրա։

Նման վտանգները, իրավապաշտպանի համոզմամբ, հնարավոր է հենց առաջարկվող օրինագծով նվազեցնել․ - «Հիշենք՝ հայտնի Ռոբսոնը, որին Սերժ Սարգսյանը միայն կարող էր որպես Հանրապետության նախագահ, հյուպատոսական անձնագիր տրամադրեր: Ինչպիսի՞ն է եղել այդ մարդականց ազդեցությունը այն որոշումների կայացման մեջ, որոնք էական կամ կենսական նշանակություն են ունեցել պետության համար կամ տնտեսության համար, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Սրանք ռիսկեր են, որոնք պետք է նվազեցվեն, չեզոքացվեն։ Բուն իմաստն այս օրենքի ժողովրդավարական պետության անվտանգության ապահովումն է»։

«Վատ բան չի: Այո, մարդը, որը հանցավորություն է ծնում, նրան ինչ-որ ձևի պիտի վերաբերմունք ունենաս: Բայց եկենք մի հատ հասկանանք․ երրորդ կոմպոնենտը կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է, որը բանտ չի: Դա ոստիկանություն է», - ասաց քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը:

Փորձագետը թերահավատ է, թե նման օրենքը կնպաստի քրեական միջավայրի վերացմանը։ Նրա կարծիքով, պետությունն առաջին հերթին պետք է նման միջավայրի ստեղծման կանխարգելմամբ զբազվի՝ սկսած դպրոցից․ - «Մինչև մենք չիմանանք, թե ինչու է Հայաստանում գործող 1900 դպրոցից 300-ում ավելի շատ կրիմինոգեն իրավիճակ, մինչև մենք սրա վերլուծությունը չունենանք, չենք կարող ասել՝ ինչպես ենք մենք անելու, որը վաղը նորից չծնվի քրեական հեղինակություն»:

Հրապարակված նախագծով քրեական միջավայր է համարվում այն անձանց միավորումը, որը չի ընդունում ու պահպանում համակեցության ընդհանուր կանոնները և գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն։ Իսկ այդ խմբի անդամների նպատակն է ահաբեկելու, սպառնալու, հարկադրելու, բռնության, այլ անձանց ներգրավելու միջոցով ստանալ անօրինական օգուտ, իրավունք կամ շահույթ:

Արշակ Գասպարյանը համոզմամբ, դժվար կլինի քրեական աշխարհին հարող անձանց հանցավորությունը ապացուցելը․ - «Նախ պիտի հասկանանք, թե ինչպես ենք բնութագրելու մարդուն որպես հանցավորություն ծնող, կամ քրեական մշակույթի տարր, կամ ի վերջո օրենքում ամրագրելո՞ւ ենք «օրենքով գող» երևույթը, թե՞ չէ: Եվ էս իմաստով պետք է հասկանանք, թե էդ մարդկանց ոնց ենք իդենտիֆիկացիա անելու, եթե իրենք չհայտարարեն, որ իրենք էդպիսինն են: Որովհետև ինչքան քրեական ենթամշակույթի հիերարխիայի վերևում են գտնվում, նրանք ավելի քիչ են թաթախված որևէ կոնկրետ հանցարարքի մեջ»:

Օրինագծով քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու համար խիստ պատիժ է սահմանվում՝ 4- 15 տարի ազատազրկում: Օրինակ, եթե քրեական միջավայր ստեղծողը կամ ղեկավարողը այդ միջավայրի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է, նրա համար նախագիծը նախատեսում է 10-15 տարի ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG