Մատչելիության հղումներ

Վրաստանի փոխվարչապետը վստահեցնում է, որ Վերին Լարսում հայաստանցի արտահանողները խնդիրներ չեն ունենա


Վրաստանի փոխվարչապետ, Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին այսօր Երևանում հայտարարեց, թե հայաստանցի արտահանողները որևէ խնդիր չունեն Վերին Լարսի անցակետում և որևէ խնդիր չի էլ սպասվում:

«Ազատության» հարցին, թե հաշվի առնելով ներկայիս լարվածությունը ռուս-վրացական հարաբերություններում՝ հնարավո՞ր է խնդիրներ ծագեն Վերին Լարսի անցակետում, վրաց բարձրաստիճան պաշտոնյան պատասխանեց․ - «Իհարկե ոչ: Ես անգամ չեմ հասկանում, թե ինչու է նման հարց ծագում: Անշուշտ, որևէ խնդիր չկա որևէ երկրի ներկայացուցիչների, այդ թվում հայաստանցիների, հայաստանյան գործարարների համար, որովհետև անում ենք հնարավորը՝ մեր ուժերի ներածին չափով, որպեսզի առաջ մղենք տնտեսական հարաբերությունները Վրաստանի ու Հայաստանի միջև: Եվ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկօրյա նիստը մեր երկու կողմերի գործադրած ջանքերի մեկ այլ վկայությունն է, որպեսզի ընդլայնենք այդ համագործակցությունը»:

Ռուս-վրացական հարաբերությունները կրկին սրվեցին, երբ մոտ մեկ շաբաթ առաջ Թբիլիսիում դժգոհության ալիք բարձրացավ Կրեմլի դեմ: Վրաստանի մայրաքաղաքում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, ինչը բողոքի ալիք բարձրացրեց, Վրաստանի կառավարությունը ուժ կիրառեց ակցիան ցրելու համար, վիրավորվեց ու ձերբակալվեց մի քանի հարյուր ցուցարար:

Բողոքի ալիքին զուգահեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ այս հուլիսի 8-ից կդադարեցվեն Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթները։

Այնուհետև հունիսի 24-ին, Роспотребнадзор-ը հայտարարեց, թե Ռուսաստան մատակարարվող վրացական գինիների որակի ստուգումը ցույց է տվել, որ այն վատացել է:

Այս ամենից հետո մտավախություններ հնչեցին, թե Կրեմլը կարող է խնդիրներ ստեղծել նաև «Վերին լարսի» անցակետում:

Վերադառնանք Վրաստանի փոխվարչապետի հետ այսօրվա զրույցին:

Մայա Ցկիտիշվիլին նշեց, որ Վրաստանի կառավարությունն այժմ ակտիվ աշխատանք է տանում Վերին Լարս - Սադախլո տրանսպորտային ուղու կառուցման նպատակով․ - «Վրաստանի ու Ռուսաստանի միջև որևէ լարվածություն չկա: Ինչպես գիտեք, դժբախտաբար 2008 թվականից մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ Ռուսաստանի հետ զինված բախումից հետո: Սակայն դրանից հետո, մասնավորապես 2012-ից հետո մենք կառուցել ենք առևտրային ու հումանիտար հարաբերություններ, վերականգնել ենք Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, և այս առումով Վրաստանի տարածքը, Վերին Լարսի անցակետը ազատ են ցանկացած փոխադրումների համար՝ բոլորի, այդ թվում հայաստանյան գործարարների համար, ովքեր Վրաստան են մուտք գործում խաղաղ նպատակներով, առևտրի ու տնտեսական գործակցության համար: Ուստի կարող ենք ասել, որ տնտեսական հարաբերություներում որևէ լարվածություն չկա: Մենք լուրջ ներդրումներ ենք կատարել ճանապարհների, լոգիստիկ կենտրոնների, օդանավակայանների, նավահանգիստների արդիականացման, կառուցման նպատակով: Մենք ձգտում ենք զարգացնել տնտեսական միջանցքները, ուստի ցանկալի չէ ունենալ որևէ լարվածություն, որն ազդեցություն կունենա տնտեսական հարաբերությունների վրա»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի այսօր կայացած նիստին, ապա նախորդը կայացել էր դեռ ութ տարի առաջ: Այսօրվա նիստի արդյունքում ստորագրված արձանագրությունում ամրագրված են այն քայլերը, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն՝ նոր որակ հաղորդելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին հայ-վրացական առևտուրը կազմել է 43,4 միլիոն դոլար, ինչը 14,1 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG