Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, իրեն կրկին կալնավաորելու դատարանի որոշումից հետո ներկայացավ «Երևան-Կենտրոն» քրեակտարողական (ՔԿՀ) հիմնարկ:
Լրագրողների հարցին կարճ պատասխանեց. «Կարծում եմ դուք տեսել եք՝ ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»։
Սահմանադարական կարգի տապալման ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ ՔԿՀ էր եկել նաև նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Ասաց՝ դատարանը փաստորեն թույլ չտեց, որ պաշտպանական կողմն իր դիրքորոշումը հայտնի։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ հույսով իր հայրը մտավ քրեակատարողական հիմնարկ, պատասխանեց. «Այն հույսով, որ այս աբսուրդը ինչ-որ մի պահի կվերջանա։ Իհարկե, հույսը դա է, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տենց լինի ու դա տենց ա լինելու։ Ուշ, թե շուտ էս ամեն ինչը պետք է վերջանա»։
Հարցին՝ բացի բողոքարկումից, ի՞նչ մարտավարություն են մշակել, արձագանքեց. «Իրավական կա ու կա նաև քաղաքական»։
«Ազատության» դիտարկմանը, որ դատավորը դիմել է ոստիկանություն՝ իր անվտանգությունն ապահովելու համար, իրենց կողմից կա՞ վտանգ, որից դատավորը պաշտպանվում է, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ վտանգ կա, ես նույնիսկ ավելի քան համոզված եմ, որ չի կարող։ Այիսնքն ի՞նչ եք պատկերացնում՝ ինչ-որ մեկը ուզենա դատավորին վնասի՞։ Վտանգը կար էն ժամանակ, երբ որ առաջին ատյանի դատավորը երաշխավորությունը կիրառեց և ազատ արձակեց, և դրանից հետո սկսեցին համացանցում հայտնվել դատավորի մասին բռնության կոչեր, դատավորի հասցեն էին դնում համացանցում։ Իրական վտանգը էդտեղ էր։ Էս դատավորը երևի տեսավ, թե ինչ է ու նախօրոք ինչ-որ միջոցներ ձեռնարկեց։ Ես հավաստիացնում եմ, որ ոչ մի վտանգ, բնականաբար, չի կարող լինել։ Եկեք չմոռանանք, որ հորս վեց ամիս պահեցին կալանքի տակ։ Նույնիսկ դատախազությունը ամբողջ էս ընթացքում չի կարողանում մի փաստ բերել, որտեղ խոչընդոտվել է, պատկերացնո՞ւմ եք, եթե դատավորի հետ կապված ինչ-որ մի հատ սպառնալիք կամ բան լիներ, ինչպես դա իրենք կօգտագործեին»։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր դատարանի բակում չէին, դատավոր Արմեն Դանիելյանի որոշումից հետո նրանք հավաքվեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի առջև: Լևոն Քոչարյանը մոտեցավ նրանց, ինչից հետո աջակցիներն ավարտեցին իրենց բողոքի ակցիան։