ԵԽԽՎ-ն վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Որոշմանը կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ՝ 62-ը: Վերջին երեք տարիներին Ռուսաստանի պատվիրակությունը զրկված էր ձայնի իրավունքից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունված որոշման կապակցությամբ հայտնել է իր հիասթափությունը: ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամները, որպես բողոքի նշան դուրս են եկել նիստերի դահլիճից: Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արյևը Ֆեյսբուքում գրել է. «ԵԽԽՎ-ն դռները բացեց ագրեսորի առաջ»:
Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում սահմանափակվել են երկու անգամ՝ 2014 և 2015 թվականներին, Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականներին աջակցելու համար:
2017-ից Մոսկվան դադարեցրեց անդամավճարները: Այսօրվա դրությամբ Ռուսաստանի պարտքը կազմում է շուրջ 75 միլիոն դոլար: Մոսկվան հայտարարել է, որ վճարումները կվերականգնի պատվիրակության լիազորությունները ամբողջ ծավալով ապահովելու դեպքում:
ԵԽԽՎ-ի կանոնակարգում նախօրեին փոփոխություններ են արվել, որի արդյունքում դժվարացել է սահմանափակել որևէ պատվիրակության լիազորությունները: Փոփոխություններից հետո Ռուսաստանը դիմել էր իր պատվիրակության լիազորությունները վերականգնելու համար: