Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ Ռուսաստանի պատվիրակության վերադարձը առնվազն 24 ժամով հետաձգվում է


Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների կողմից ռուսաստանյան պատվիրակության լիազորությունների վերականգնումը վիճարկվել է: ԵԽԽՎ Ռուսաստանի պատվիրակության վերադարձը առնվազն 24 ժամով հետաձգվում է:

Հարցը քննարկում է հատուկ հանձնաժողովը։ Լիազորությունները վիճարկելու համար անհրաժեշտ էր 30 ձայն հինգ երկրներից: Վաղը հանձնաժողովին պետք է ներկայացվի այս հարցով զեկույց, ինչին կեսօրին կհետևի քվեարկությունը: Ռուսաստանյան պատվիրակությունը այս օրերին կկարողանա աշխատել դահլիճում, սակայն չի կարող քվեարկել իր լիազորությունների հետ կապված հարցերում:

Եթե զեկույցը վաղը ընդունվի, Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները չեն վերականգնվի, եթե չընդունվի՝ հակառակը։ Ռուսաստանի պատվիրակությունը նաև իր թեկնածուին է առաջարկել ԵԽԽՎ-ի փոխխոսնակի պաշտոնում, խոսքը Լեոնիդ Սլուցկիի մասին է։

Նախօրեին ԵԽԽՎ-ն ընդունել էր մի բանաձև, որը սահմանափակում է Վեհաժողովում պատժամիջոցների մեխանիզմի կիրառումը, ինչը ռուսաստանյան պատվիրակությանը վերադառնալու հնարավորություն տվեց: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանին պաշտոնապես հրավիրեց մասնակցելու ամառային նստաշրջանին։ Համապատասխան բանաձևն ընդունվել է լույս 25-ի գիշերը։ Պետրա դը Սուտերի զեկույցը քննարկելուց հետո, 118 պատգամավոր կողմ քվեարկեց, 62՝ դեմ և 10 ձեռնպահ:

Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել բանաձևին։ Պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը։ Կողմ են քվեարկել պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը:

Այսօր, սակայն, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ տեխնիկական պատճառով է դեմ քվեարկել: - «Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է», - Facebook-ի իր էջում գրել է Ռուբինյանը՝ հավելելով, թե երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ իր քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ:

«Այդ առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը», - նշել է Ռուբինյանը։

Մայիսի 17-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել էր հայտարարություն, ըստ որի, պետությունները պետք է ունենան «հավասար մասնակցություն ԵԽԽՎ-ում»: Միևնույն ժամանակ, նախարարները հայտարարել են, որ բոլոր պատվիրակությունները կարող են մասնակցել հունիսյան նստաշրջանին, որի ընթացքում կանցկացվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ընտրությունը: Նախարարները նշել են, որ ԵԽԽՎ բյուջեին հատկացվող վճարումները անդամ պետությունների հիմնական պարտավորություններից են։

Ռուսաստանը սառեցրել է իր վճարումները 2017-ին։ Իսկ Ռուսաստանի պատվիրակության լիազորույթունները սահմանափակվել էին 2014-ին՝ Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արաևելքում սկսված հակամարտության պատճառով։

Ռուսաստանը տարեկան շուրջ 30 միլիոն եվրո էր վճարում Եվրոպայի խորհդրին։ Այս ամիս պետք է լրանար երկու տարին, ինչ Ռուսաստանը չի վճարում անհրաժեշտ գումարը և կանոնների համաձյան պետք է կասեցվեր Ռուսաստանի անդամակցությունը։ Ռուսաստանը սառեցրել էր անդամավճարը՝ պահանջելով վերականգել իր լիազրությունները և ստիպում էր համապատասխան փոփոխություններ կատարել, որոնք թույլ չեն տա սահմանափակել այս կամ այն պետության լիազրությունները։ Ուկրաինային այս նոր բանաձևը, բնականաբար, դուր չի եկել։

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արյևը գրել էր այս կապակցությամբ. «ԵԽԽՎ-ն զոմբի վիճակում գիշերը ագրեսորի համար դուռ բացեց»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին այսօր հայտարարել է, որ հիասթափված է ԵԽԽՎ-ի որոշումից։

«Եվրոպացիները մեզ չլսեցին։ Ես այս հարցը քննարկել էի և՛ Ֆրանսիայի նախագահի, և՛ Գերմանիայի կանցլերի հետ այն կտրվածքով, որ Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ հնարավոր է միայն այն դեպքում, եթե Մոսկվան կատարի Վեհաժողովի սկզբունքային պահանջները», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ուկրաիանայի նախագահը։

Պաշտոնական Մոսկվան ի դեմս նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հակառակը՝ ողջունել էր ԵԽԽՎ-ի որոշումը։ Եվրոպայի խորհրդի պատգամավորների այս որոշումը դուր չի եկել նաև ռուսաստանցի լիբերալներին։

Այս չորս տարվա ընթացքում ռուսաստանցիներին արգելված էր հանդես գալ զեկույցներով, հետևել ընտրություններին մյուս եկրներում, զբաղեցնել բարձր պաշտոններ և ԵԽԽՎ-ն ներկայացնել այլ միջազգային կազմակերպություններում։ Եթե Ռուսաստանը դուրս մնար ԵԽԽՎ-ից, ապա կկորցներ նաև անդամակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG