Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ՝ ի պատասխան օգտատիրոջ հարցին, հայտարարեց՝ «բավականին երկար ժամանակ չի այցելել Սահմանադրական դատարան և հնարավորինս մինիմալացրել է շփումները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ»։
Օգտատերը մասնավորապես հետաքրքրվել էր Օրբելյանից, թե ինչո՞ւ է պարբերաբար այցելում Սահմանադրական դատարան և հանդիպում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, «չի՞ կարծում, որ ակնհայտ է լինում համագործակցությունը ՍԴ-ի հետ՝ հատկապես հիմա, երբ ՍԴ-ն գործը վարույթ է ընդունել»։
Օրբելյանն ասաց՝ երբ սկսվեցին սահմանադրականության շուրջ քննարկումները և երբ դեռ նույնիսկ դիմում, վարույթ չկար, այդ ժամանակվանից չի այցելել Սահմանադրական դատարան։
«Պարոն Թովմասյանն իմ կնքահայրն է, դրա մասին բոլորը գիտեմ, մինչև էդ մի քանի անգամ իրեն տեսնելու առումով եղել եմ ՍԴ-ում, իրեն հարմար է եղել աշխատանքի տեղը, հարմար լիներ ուրիշ տեղ, ուրիշ տեղ կտեսնեի, ուղղակի մտել եմ՝ «ինչպե՞ս եք, ինչպե՞ս չեք» ու գնացել եմ։ Երբ որ խնդիր կար, որ գործում սահմանադրականության հարց կա, դեռևս դիմումի մասին նույնիսկ զրույց չէր գնում, հնարավորինս մինիմալացրել եմ շփումները, չնայած շատ ցավալի է, որովհետև իմ շփումներն իմ հարազատների հետ աշխատանքային չեն, անձնական ոլորտում են։ Խնդիրը որևէ կապ չունի այս գործընթացի հետ», - ասաց Օրբելյանը։
Նշենք, որ հունիսի 21-ին Սահմանադրական դատարանը վարույթ ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ), ինչպես նաև Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականությունը քննելու Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Գործի դատաքննությունը նշանակվել է օգոստոսի 29-ին:
Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է Մարտի 1-ի մայր գործից առանձնացված քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Դրանից երկու օր առաջ դատավոր Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանը ազատ էր արձակվել կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.