Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Արման Բաբաջանյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին կոչ արեց հեռանալ պաշտոնից


Խորհրդարանն այսօր գրեթե 4 ժամ շարունակ քննարկեց հաշվեքննիչ պալատի 2017-2018 թվականի սկզբի մասին տարեկան հաղորդումը: Նախ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ներկայացրեց ծավալույն նյութը՝ կան միլիարդավոր դրամների անհամապատասխանություններ, ասաց նա։ Օրինակները բազմազան էին՝ նպաստներից մինչև ավիացիայի ոլորտ։

«Ընտանեկան նպաստի համակարգի ծրագրի, որը ամբողջությամբ կազմում է 36,8 միլիարդ դրամ, հաշվեքննությամբ արձանագրվել են էական խեղաթուրման ռիսկեր՝ 10 հազար 193 դեպք, 2,3 միլիարդ դրամի չափով։ 2013 թվականից սկսած այդ օդանավի վարձակալության համար պետական ընկերությունը վճարել է շուրջ 600 միլիոն դրամ վարձավճար, մինչդեռ օդանավը մասնավոր ընկերության կողմից ներմուծվել է դեռևս 2013 թվականին 86,2 միլիոն դրամ արժեքով։ Փաստորեն ստացվում է, որ այս տարիների ընթացքում վճարված 600 միլիոն դրամի չափով վարձավճարը շուրջ յոթ անգամ շատ է, քան օդանավի արժեքը», - ասաց Յոլյանը։

Ե՛վ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, և՛ ընդդիմադիրների հարցերն ու ելույթները հիմնականում քննադատական էին։ «Վեթինգը սկսեք Ձեզնից», - պալատի ղեկավարին խորհուրդ տվեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որի տեսակետը պաշտպանեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ձեր բուն գործառույթը բյուջեի հատկացված գումարների արդյունավետությունն է։ 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են, ես ուզում եմ հասկանամ սա, ըստ Ձեզ, արդյունավե՞տ բյուջեի ծախսման միջոց է, թե՞ ոչ։ նաև կասե՞ք, չեք կարծո՞ւմ, որ սա հենց վկայում է, որ բյուջեի անարդյունավետ ծախս եք Դուք կատարում և վեթինգը պետք է սկսեց ձեր հանձնաժողովից», - նշեց Գաբրիելյանը։

ԲՀԿ-ից Շաքե Իսայանին զարմացրել էր պալատի ղեկավարի՝ խորհրդարանի ամբիոնից հնչած ելույթում ապա հաջորդած հարց ու պատասխանում բազմաթիվ հավանաբար-ների ու մոտավոր-ների առկայությունը։ «Տպավորություն ստեղծվեց, որ ստացել եք չարաշահումների մոտավոր պատկեր, որն առանձնապես չի էլ ենթադրում պատասխանատվություն», - նկատեց ընդդիմադիր պատագամավորը։

«Այո, դուք ճիշտ եք, օրենքը ձեզ թույլ է տալիս հանդես գալ նման անհետևանք գնահատականներով, որը, մի կողմից տալիս է չարաշահում, մյուս կողմից չի ենթադրում որևէ պատասխանատվություն, բայց եթե ազնիվ լինենք, ապա այս դահլիճում նստածների մեծ մասն էլ կարող էր այդ նույն չարաշահումների մոտավոր ոլորտներն ու դրանց մոտավոր ափը կանխագուշակել։ Ստացվում է, որ դուք օրենքին եք հարմարվել, իսկ օրենքը՝ ձեզ, իսկ դրա արդյունքում ունենք 60 էջանոց փաստաթղթում վեցանիշ թվերով մոտավոր չարաշահումներ, մոտավոր ձևակերպումներով։ Ի վերջե, ընդամենը մի քանի առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքեր», - ասաց Շաքե Իսայանը։

Սակայն դահլիճում մթնոլորտը հասավ լարման գագաթնակետին «Լուսավոր Հայաստան»-ից Արման Բաբաջանյանի ելույթի ընթացքում, որից հետո մի քանի րոպեով պալատի նախագահ Լևոն Յոլյանն անգամ լքեց խորհրդարանի դահլիճը։

«Դուք պատրա՞ստ եք Ձեր ընկերությունում աուդիտ կամ հաշվեքննություն հանձնարարել մեկին, ում չեք վստահում, մեկին, ով առնվազն թալանչի է կամ առնվազն թալանի մասնակից, մեկին ով պատրաստ է աչքաթող անել հիմնարկի հաշվապահության տակ հատուկ նախկին պատասխանատուների կողմից թողնված ականները, հետն էլ անձնական դրդապատճառներով սեփական ռումբերն ավելացնել։ Հուսամ պատասխանը բացասական է։ Բա ինչո՞ւ է պետական միջոցների և ծախսերի արդյունավետության հաշվեքննությունը կամ աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին», - նշեց Բաբաջանյանը։

Բաբաջանյանը Յոլյանին մեղադրեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ բիզնես գործընկեր լինելու մեջ, ապա նրան անվանեց «նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ»։

2018 թվականի ապրիլից օրենքի ուժով Հաշվեքննիչ պալատի նախագահ դարձած, իսկ դրանից առաջ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցրած Յոլյանը Բաբաջանյանի ելույթը զրպարտություն անվանեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG