Մատչելիության հղումներ

Դատավորների վեթինգը կիրականացնեն ԲԴԽ-ն և Կոռուպցիայի կանխարգելման մարմինը. Մակունց


Լիլիթ Մակունցը զրուցում է «Ազատության» լրագրողի հետ, 24-ը մայիսի, 2019 թ.
Լիլիթ Մակունցը զրուցում է «Ազատության» լրագրողի հետ, 24-ը մայիսի, 2019 թ.

Դատավորների վեթինգը կիրականացնեն Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ վեթինգի մասին առանձին օրենք չի ընդունվի:

Ինչպես Մակունցը բացատրեց՝ առանձին օրենքի դեպքում, խնդիրներ կառաջանային Սահմանադրության հետ և գործընթացը ժամանակատար կլիներ, ինչը չի բխում դատաիրավական համակարգում արագ բարեփոխումներ իրականացնելու իշխանության շահերից:

«Կան հարցեր, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը պետք է իրականացնի, քննարկի։ Հիմնական գործընթացը վեթինգի իրականացնելու է հենց Բարձրագույն դատական խորհուրդը, բայց կան հարցեր, որը իր լիազորությունների տիրույթից դուրս է, հետևաբար, դրանք պետք է ուսումնասիրության և քննության ենթարկվեն այլ մարմնում, որը ենթադրաբար Կոռուպցիայի կանխարգելման մարմինն է», - նշեց Մակունցը։

«Ազատության» հարցին՝ այդ մարմինը պետք է նո՞ր ստեղծվի, պատասխանեց. «Դեռ չի ստեղծվել, բայց մենք արդեն ունենք, Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ արդեն ներկայացվել է Ազգային ժողովին այն օրենքների փաթեթը, որոնք սկիզբն են, մեկնարկն են այդ ինստիտուտի ձևավորման։ Իհարկե, սա նշանակում է, որ որոշակի օրենքների նախագծերով անհրաժեշտ է լինելու հանդես գալ, դրա մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի և պետք է նաև մշակել այն չափանիշները, որոնցով մենք պատկերացնում ենք, որ վեթինգը պետք է իրականացվի։ Ամենակարևոր հատվածը կա, կառույցները գիտենք, թե որոնք են անելու, դատական համակարգը նույնպես այստեղ դեր ունենալու է»։

Թե ե՞րբ այդ մարմինները կսկսեն վեթինգային բուն գործընթացը, Մակունցն արձագանքեց. «Գործընթացը Հակակոռուպցիոն մարմնի հետ կապված և մնացյալ առումով արդեն մենք սկսել ենք։ Երբ նշեցի, որ օրենսդրական նախագծեր արդեն իսկ խորհրդարանում են, և մենք արդեն այս պահին, այսօր քննարկում ենք դրանք, դա դրա մասին է խոսում։ Հնարավորինս արագ և ոչ հապճեպ, ուզում եմ ընդգծել, բայց արագ գնում ենք դրան։ Ամեն ինչ անում ենք, որ արդեն աշնանը գործընթացը սկսվի հենց ԲԴԽ-ի կողմից»։

Իշխանական խմբակացության ղեկավարի փոխանացմամբ, խորհրդարանական իրենց գործընկերների, դատաիրավական համակարգի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կմշակվեն այն չափանիշները, որոնց համաձայն կիրականացվի վեթինգը: Հատակապես մեծ ուշադրություն են դարձնելու դատավորների հայտարարգրերին, որոնք ավելի մեծ տեղեկատվություն կներառեն դատավորների մասին:

«Վեթինգի մասին նախագիծ չի լինելու, բայց գործընթաց իրականացնելու համար որոշակի օրենսդրական նախաձեռնությունների կարիք է լինելու, որը կիրականացվի», - ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

«Ազատության» դիտարկմանը՝ հնարավերություն կտա՞ ԲԴԽ-ին և Կոռուպցիոն մարմնին որոշակի հավելյալ լիազորություններ ստանձնել այս գործընթացքում, արձագանքեց. «Այո։ Պետք է ասել, որ այստեղ շեշտադրումը լինելու է հենց բարեվարքության կանոնների վրա։ Կարծում եմ, որ նոր որակի հայտարարագրի կարիք ենք ունենալու, որտեղ կներառվեն շատ ավելի ընդլայնված տեղեկատվության տրամադրումը կներկայացվի, քան հիմա կա, այդ թվում և ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև այն կապերի մասին, որոնք դատավորները ունեն»։

Նկատենք, Ընդդմադիր «Լուսավոր Հայաստան»-ը հրապարակել է վեթինի գործընթացի վերաբերյալ իրենց մոտեցումները: Մասնավորապես, որ, ըստ ընդդիմադիր խորհրդարանական ուժի, պետք է ստեղծվի վեթինգի առանձին հանձնաժողով, որտեղ պետք է ընդգրկված լինեն ապաքաղաքական անձինք, դատավորների վեթինգի գործընթացը կարգավորող իրավական ակտը պետք է ունենա առնվազն օրենքի մակարդակ, և եթե Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա, ապա պետք է կատարվեն նաև սահմանադրական փոփոխություններ: Ըստ «Լուսավոր Հայաստանի», գործընթացը պետք է տևի 18 ամիս:

Հարցին, թե ինչպե՞ս են գնահատում ընդդմադիր իրենց գործընկերների այս առաջարկը, Լիլիթ Մակունցն ասաց, որ քանի որ որուշում է կայացվել գոյություն ունեցող կառույցների միջոցով վեթինգն իրականցնել, ապա ճիշտ կլինի առաջարկներ ներկայացնել արդեն չափանիշների վերաբերյալ։

Այն, ինչ առաջարկում է իշխանությունը, ոչ թե վեթինգ է, այլ աջաբսանդալ. Մարուքյան

Մինչդեռ ընդդմադիր «Լուսավոր Հայստան» խմբկացության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ այն, ինչ առաջարկում է իշխանությունը, ոչ թե վեթինգ է, այլ աջաբսանդալ:

«Ոչ մի բան չի քննարկվել ո՛չ մեր հետ, ո՛չ այլ քաղաքական ուժերի հետ, որևէ տեղեկություն չկա դրա մասին։ Ես պետք է ասեմ, որ դա վեթինգ չէ, դատավորների վեթինգ դա չի կարող անվանվել, որովհետև վեթինգը հստակ գործընթաց է, հստակ ինստիտուցիոնալ ընթացակարգով, հետևաբար, հնարավոր է, որ տարբեր մարմինների միջոցով ստանան ինչ-որ աջաբսանդալ և այն մտահոգություններ, որ մենք ներկայացնում էինք, որ այնպես չստացվի, որ ունքն ուղղելու տեղը տաք աչքն էլ հանեք, այդ մտահոգությունները հիմա ավելի կարող են սրվել։ Երբ որ մանրամասն նախագծերը կգան, ավելի մանրամասն գնահատական կտանք, բայց հիմա իմ գնահատականը հետևյալն է՝ դա վեթինգ չէ, դա մի այլ գործընթաց է, որը կապ չունի վեթիգի հետ», - ասաց Մարուքյանը։

«Ազատության» հարցին՝ ԲԴԽ-ն վեթինգ չի՞ կարող իրականացնել, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ չի կարող իրականացնել, որովհետև պետք է Սահմանադրության և օրենսդրության մեջ փոփոխություններ արվեն, որպեսզի ԲԴԽ-ն կարողանա վեթինգ իրականացնել։ Եթե դա չի արվում, ուրեմն դա վեթինգ չէ»։

Հավելենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որը և հիմնականում պետք է իրականացնի դատավորների վեթինգը, բաղկացած է 10-ը անդամից՝ 5 դատավորից և 5 իրավաբան-գիտնականից: 5 անդամի հրաժարականից հետո, խորհրդարանն արդեն ընտրել է 2 նոր անդամի: Դեռևս 4 անդամի ընտրություն առջևում է:

Ըստ Սահմանադրության, բարձրագույն դատական խորհուրդն է կազմում ու հաստատում դատավորների թեկնածուների ցուցակները և նախագահին առաջարկում նշանակել դատավորների, զբաղվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, անգամ՝ լիազորությունները դադարեցնելու հարցերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG