Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետարանը վերակառուցում է «Արցախ» պուրակի՝ մասնավոր ընկերություններին պատկանող տարածքը


Վանաձորի քաղաքապետարանը վերակառուցում է «Արցախ» պուրակի` երկու մասնավոր ընկերությունների սեփականություն հանդիսացող տարածքը։ Վանաձորի քաղաքապետարանը վերակառուցում է «Արցախ» պուրակի` երկու մասնավոր ընկերությունների սեփականություն հանդիսացող տարածքը։

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը, մինչդեռ, խելամիտ չի համարում պետական ու համայնքային միջոցներ ծախսելը այլ ընկերությունների սեփական տարածքում․ - «Ցանկացած պահի էդ մարդը կարող է ի հայտ գալ և իր տարածքի նկատմամբ իր տիրապետությունը հաստատել՝ ցանկապատել, ասել, որ քանի որ սա իմ տարածքն ա, ես որևէ մեկին ներս չեմ թողնում, սա հանրային տարածք չի և էստեղ որևէ մեկը չի կարող գալ հանգստանալու կամ ժամանակ անցկացնելու»:

«Արցախ» պուրակը համարվում է ղարաբաղյան շարժման խորհրդանիշ և ներառված է հուշարձանների պետական ցանկում։ Մինչդեռ 2006 թվականին այն վաճառվել է երկու ընկերությունների։ Ավելի քան 10 տարի որևէ շինարարություն կամ բարեկարգում չի իրականացվել, ինչի պարտավորությունն ըստ պայմանագրի ունեցել են քաղաքի կենտրոնում գտնվող պուրակի սեփականատեր դարձած «Գ. և Մ.» ու «Կինոթատրոն Մոսկվա» ընկերությունները։

Ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը վերհիշում է՝ 15 տարի առաջ «Արցախ» պուրակը սեփականաշնորհման ենթակա տարածք դարձավ Վանաձորում ընդդիմության կողմից հանրահավաքներ կազմակերպելու շրջանում։ Դա արվեց միայն այդ հանրահավաքները կասեցնելու նպատակով, ասում է Քրիստ Մարուքյանը․ - «Ես շատ լավ հիշում եմ, երբ որ բերեցին փակեցին ինչ֊որ շինարարական կապույտ ժապավեններով, բերեցին մի 10 բեռնատար մեքենա ավազ լցրեցին և սկսեցին ինչ֊որ քանդման աշխատանքներ կատարել, որոնք շատ պատահաբար տեղի էին ունենում հենց միտինգների ժամերին: Էդ պատահական համընկնումը, իհարկե, ոչ մեկի աչքից չի վրիպել և 2003 թվականի էդ քաղաքական անցուդարձից հետո որևէ բան տեղի չի ունեցել, բացի էդ պուրակի տեսքի այլանդակումը, քարուքանդը, դա որպես ավտոկանգառ ծառայեցնելը»:

Չնայած պուրակի վերակառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, քաղաքապետարանը դիմել է պուրակի ներքևի հատվածի սեփականատերեր «Կինոթատրոն Մոսկվա» ընկերությանը՝ սեփականությունից ինքնակամ հրաժարվելու հորդորով։ Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանն «Ազատությանն» ասաց՝ քաղաքապետարանը պատրաստ է ընկերությանը վերադարձնել տարածքի դիմաց 13 տարի առաջ վճարած մոտ 20 միլիոն դրամը․ - «Հիմա դեռ արձագանք չենք ստացել, սպասում ենք: Եթե արձագանք չլինի, արդեն կդիմենք իրավական քայլերի՝ դատարան և այլն»:

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը, մինչդեռ, կասկածներ ունի ժամանակին զուտ քաղաքական նպատակներով օտարված տարածքի հետ վերադարձի հարցում․ - «Հիմա արդեն հարց է առաջանում՝ էդ ո՞ր գումարն են հետ վերադարձնելու, ի՞նչ հիմքով են վերադարձնելու, ո՞նց են գնալու չեղյալ անելու էդ գործարքը, եթե չեղյալ է լինելու ինչ֊որ օրինական հիմքերի պատճառով, ո՞վ ա դրա համար պատասխանատվություն կրելու և այլն»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վստահ է՝ սեփականատիրոջը ձեռնտու առաջարկ են արել, չնայած դեռևս պատասխան չեն ստացել․ - «Ըստ էության դա առևտրային տարածք որպես չի կարա օգտագործվի և դրա վրա շինարարության թույլտվություն չի կարա երբևիցե տրվի»:

Իսկ հուշարձանների պետական ցանկում ներառված պուրակի մյուս հատվածում արդեն մեկ տարի սեփականատեր «Գ. և Մ.» ընկերությունը մանկական զբաղվածության կենտրոն է կառուցում։ Շենքն արդեն ավարտուն տեսք ունի, չնայած այն բազմաթիվ քննարկումների առարկա էր դարձել։ Անգամ անցած տարվա ամռանը մշակույթի նախարարությունը պահանջել էր դադարեցնել շինարարությունը։ Ընկերությունը պարտավորվել էր զբաղվածության կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման նախագիծ ներկայացնել, սակայն քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանի մերձավորներին պատկանող ընկերության՝ Շինէքսպրտի հեղինակած նախագիծն այդպես էլ իրականություն չդարձավ։ Փոխարենն այսօր քաղաքապետարանը «Գ. և Մ.» ընկերության սեփական տարածքը վերակառուցում է պետական ու համայնքային միջոցներով, ընդ որում՝ ինչպես նշեց քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, վերակառուցումն իրականացվում է նույն՝ Շինէքսպրտի կազմած նախագծով, որը պատվիրել էր տարածքի սեփականատեր «Գ. և Մ.» ընկերությունը։ - «Եթե պատրաստի նախագիծ կա, երկրորդ անգամ պատվիրել կամ գումար ծախսել դրա վրա՝ իմաստ չեմ տեսնում ուղղակի», - նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Պատմական հուշարձան հանդիսացող տարածքում շինարարական թույլտվություն տված քաղաքային իշխանությունն արդեն ավարտուն շենք ունեցող ընկերության նկատմամբ ձեռնպահ է։ Պաշտոնյաները նշում են, թե այստեղ իրավական չլուծված հարցեր կան և չեն պատրաստվում հետ պահանջել տարածքը։ Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն անցած տարի դատի տվեց քաղաքապետարանին՝ վիճարկելով «Արցախ» պուրակն օտարելու և շինթույլտվություն տալու մասին Վանաձորի երկու քաղաքապետերի որոշումների օրինականությունը։ Մինչդեռ դատարանը մերժեց իրավապաշտպան կազմակերպության հայցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG