Մատչելիության հղումներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինարարական ծրագիր կիրականացնի


«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկ տասնյակից ավելի ընդմիջումից հետո Գյումրիում բնակարանաշինարարական ծրագիր կիրականացնի: Գյումրիի ավագանին արդեն որոշում կայացրել է Բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի երկու շենքը տրամադրել հիմնադրամին: Շենքերից մեկը պետական էր, մյուսը 15 մլն դրամով համայնքապետարանն էր ձեռք բերել:

Համայնքապատկան շենքը ժամանակին տրամադրվել էր շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշին, ով նախատեսում էր ժամացույցի դետալների արտադրություն հիմնել: Սակայն ներդրումն ուշացավ, և Գյումրիի ավագանին ավելի վաղ կայացրած որոշումը ուժը կորցրած ճանաչեց ու շենքը տրամադրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հիմնադրամը նախատեսում է 80 սոցիալական բնակարան կառուցել: Գյումրիում մինչ այս սոցիալական բնակարանների կառուցման նախադեպ արդեն կար: Արդեն երրորդ ծրագիրն է իրականացնում «Արդա» բարեգործական հիմնադրամը։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը սոցիալական բնակարանների մոդելն իդեալական է համարում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, շահառուին բացի բնակարանով ապահովելուց, նաև կոմունալ ծախսերն է հոգալու, ինչպես «Արդա» հիմնադրամը, բայց մի կարևոր բաղադրիչ էլ է ավելացրել ծրագրում: - «Ինքը [«Հայաստան» համահայկական հիմնադրամը] ասում է բերեք նաև ինչ-որ արտադրամաս, ինչ֊որ զբաղվածություն ստեղծենք, էդ շենքում լինի, ինքը իր գումարը ստեղծի և կարողանա նաև իր ծախսերը հոգալ», - մանրամասնեց քաղաքապետը, - «Ինձ թվում է Գյումրու համար իդեալական ծրագիր է, որովհետև և՛ աշխատատեղ է, և՛ բնակարան՝ երկու գլոբալ խնդիրները, որոնք ունենք մենք քաղաքում»:

Թե ովքեր են լինելու սոցիալական բնակարանների շահառուները, դեռ պարզ չէ: Հայտնի չէ նաև, թե որ կառույցը կզբաղվի բնակարանների բաշխմամբ: Քաղաքապետն ասում է՝ քաղաքը և հիմնադրամը միասին են ընտրելու, համապատասխան ուսումնասիրության հիման վրա:

Ի դեպ, երկու շենքում կան բնակիչներ՝ մեկում 11 ընտանիք, մյուսում՝ 2: Սամվել Բալասանյանի խոսքով՝ «համենայնդեպս, ինձ թվում է, որ մենք այդ մարդկանց անպայման որպես սոցիալական բնակարաններ պետք է բավարարենք իրենց կարիքները, որովհետև տարիներ շարունակ բնակվում են այդ շենքում»:

Առաջիկայում կավարտվի նաև աղետի գոտու՝ Շիրակի, Լոռու ու Արագածոտնի մարզերում տնակներում ապրողների ու անօթևան ընտանիքների հաշվառումը և արդեն հստակ թիվ կնշվի, թե որտեղ քանի անօթևան կա, քանի ընտանիք ինչ կարգավիճակում է տնակում ապրում: Պաշտոնյաները խոստանում են նաև տալ գլխավորը հարցի պատասխանը՝ որքան գումար կպահանջվի խնդիրը վերջնական լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG