Մատչելիության հղումներ

«Սվետայի փունջը քաշել եմ, Վոլոդյային տրորել խաղողի պես». Միջադեպ տարեցների տանը


Տուն-ինտերնատի լրագրողը զրուցում է «Ազատության» լրագրողի հետ, 21-ը հունիսի, 2019 թ.
Տուն-ինտերնատի լրագրողը զրուցում է «Ազատության» լրագրողի հետ, 21-ը հունիսի, 2019 թ.

Ոստիկանության ծառայողները վաղ առավոտից Երևանի առաջին տուն-ինտերնատում էին։ Ինտերնատի բնակիչներից տիկին Լիդիան էր ահազանգել, պնդում է՝ իրեն հարվածել ու վնասվածք է հասցրել մեկ այլ բնակիչ։

Դեպքը երեկ է եղել, շտապօգնությամբ տիկին Լիդիային հիվանդանոց են հասցրել, լուրջ վնասվածքներ բժիշկը չի հայտնաբերել, բայց տատիկն ասում է. «Արմունկս, ձեռքս շատ է մղկտում»։

Սրտի խնդիր էլ ունեցող տատիկը սարսափում է իրեն հարվածողից՝ տիկին Ալլայից։ - «Հեռու-հեռու եմ փախնում, վախենում եմ ու մենակ ես չեմ տենց», - նշեց Լիդիա Պոպովան։

Ոստիկանություն է դիմել սարսափը մեղմելու հույսով։

Շատ ծանր ձեռք ունի, հաստատում է ինտերնատում խնամվողներից Հրածին Փալաջյանը։ Նա տիկին Ալլայի հետ մեկ տարի ապրել է նույն սենյակում, համարում է՝ հերոսություն։

«Կարծում են, որ պետությունը իրենց տվել է մի սենյականոց բանակարան ու իրանք իրավունք ունեն էն մարդը, ով հետները ապրում է, ճնշեն, նեղացնեն, անպատվեն, ծեծեն», - ասաց Հրածին Փալաջյանը։

Նրան է միանում Սիլվա տատիկը, բողոքի հասցեատերը էլի տիկին Ալլան է։

Միջուկային ֆիզիկայի դասախոսը մեկ ամիս է դիմացել տիկին Ալլայի հետ նույն սենյակում, ասում է. «Այնքան լավություն եմ արել, պահածոյացրած կարմիր բիբար ուղարկել որդուն, իսկ նա ինձ ասում էր՝ գլուխդ ունիտազի մեջ կմտցնեմ ու եռման ջուրը կլցնեմ գլխիդ»։

Տիկին Ալլայի հետ բախված բնակիչները հերթով մոտենում ու կա՛մ վնասվածք էին ցույց տալիս, կա՛մ որևէ հայհոյախոսության մասին պատմում։

Ծերանոցի բնակիչներից շատերը տիկին Ալլային ներկայացնում էին որպես սպառնալիք իրենց առողջությանն ու անվտանգությանը։

Ալլա Աեքսանյանը 82 տարեկան է, այս ընթացքում ոստիկանության աշխատակցին էր պատմում եղածը և արդեն բարկացած էր՝ մի հին միջադեպի առթիվ։

Ի՞նչ է եղել երեկ, արդյո՞ք Ալլա տատիկը խփել է Լիդիա տատիկին։ Տիկին Ալլայի մեկ ամսվա սենյակակիցը պատմում է, որ միջանցքով անցնելիս իրար տարիներով չբարևող տատիկները դռան մոտ պարզապես բախվել են։ Տիկին Աննան սա անվանում է ուղղակի վթար, պարզապես Լիդիա տատիկը վատառողջ է, հարվածին չի դիմացել, ընկել է։

Այս աղմուկը համարում է կազմակերպված. - «Եթե մեկին չեն սիրում, կազմակերպած։ Ալլան իրանցից լավն ա, դուզ խոսող ա։ Իրա վատը գիտե՞ս որն ա, էն, որ դանակահարություն լինում ա, չեն համբերում չէ՞, ինքը այ էդ ձևի համբերություն չունի ուղղակի»։

Ոստիկանություն զանգելն էլ չի ընդունում, համարում է վատ նախադեպ ընտանիքում։

«Բոլորս էլ անտուն մարդիկ ենք, եկել ենք ստեղ՝ նույն ճակատագրի արժանացած, տուն-տեղ չունենք, դե որ լավն եք, թող ձեր էրեխեքը ձեզ պահեն», - նշեց Աննա Մինասյանը։

Բռնության դրվագներ կան, որ տիկին Ալլան բոլորովին չի հերքում։ Ավելին, ասաց, լավ է արել, բայց Լիդիա տատիկն ուղղակի իր ոտքի տակ է ընկել։

«Որ Սվետայի փունջը քաշել եմ, որ Վալոդյային տրորել եմ խաղողի պես, ասում եմ՝ լավ եմ արել», - ասաց Ալլա Ալեքսանյանը։

82-ամյա Ալլա Ալեքսանյանը ասում է՝ չի հանդուրժել իր հետ նույն սենյակը կիսող այն կանանց, որոնք մաքրությամբ չեն փայլել։ Չի դիմանում նաև, երբ իր ինքնասիրությանն են դիպչում։ Վստահ է՝ տուն-ինտերնատում կմնա այնքան, որքան կամենա։

Թիվ 1 տուն-ինտերնատում 225 հոգի է խնամվում։ Ինչո՞ւ է պետության խնամքին հանձնված տատիկների անդորրը խառնվել, ինչո՞ւ խնամողները չեն խառնվում։ Հաստատության տնօրեն Վահան Զուրաբյանն ասում է՝ սոցաշխատող ու հոգեբան ունեն, իրենք էլ պարբերաբար հանդարտեցնող զրույցներ են ունենում, բայց դյուրագրգիռ տարեցի դեպքում՝ բարդ է։ Ալլա տատիկն, ըստ Զուրաբյանի, իշխող, թելադրող բնավորություն ունի, լավ է նրա ճամփին չկանգնել։

«Իրան, եթե չխանգարես, ինքը բան չի ասի։ Ինքը չի սիրում անարդարություն։ Օրինակ բերեմ, պարզ մարդու բնավորության գծերի մասով՝ քայլում է մի գծով ուղիղ, մեծ, լայն միջանցք է, եթե որևիցե մեկն իր դիմաց եկավ, ինքը պետք է ճանապարհ տա, ճանապարհ չտվեց, ինքը կյանքում ճանապարհ չի տա ու դա կդառնա վեճ», - նշեց տնօրենը։

Վահան Զուրաբյանը շեշտեց՝ լավ կլինի հաստատությունում խնամվող ագրեսիվ անձինք բժշկական փորձաքննություն անցնեն։ Նախորդ տարի շատ պնդել են, հանձանժողովը եկել զննել է ու պազել՝ հոգեկան սուր խնդիրներով մարդիկ չկան, բայց այս տարիքային խմբում փոփոխությունները ամենժամյա են։ Այս պատմությունը տնօրենը բոլորովին էլ բռնության դեպք չի համարում, այլ ընթացիկ միջադեպ, տիկին Ալլային ինտերնատից հեռացնել չեն կարող, լուծումը՝ կզրուցեն, կխաղաղեցնեն բոլորին։

Իսկ պապիկները տուն-ինտերնատի այսօրվա աժիոտաժին հետևում էին քմծիծաղով, ասացին՝ ոչ ուզում են, ոչ էլ կարող են զսպել բռնկուն տատիկներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG