Մատչելիության հղումներ

Վանաձորի կենտրոնական հատվածում անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրվել ՕԵԿ-ին


Այսօր Վանաձորի ավագանին 93 քառակուսի մետր տարածք անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով հատկացրեց «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցին։

«Օրինաց երկիր»-ը քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող, համայնքին պատկանող տարածքը վարձակալությամբ տնօրինում է 2010 թվականից։ Այսօր քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի պետ Վահագն Դավիթավյանը նշեց, որ կուսակցությունը տարածքն օգտագործելու է ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության գործունեության համար։ Դավիթավյանն առաջարկեց անցած 9 տարիներին վճարած 18 հազար դրամ վարձավճարն այլևս չգանձել, քանի որ քաղաքապետարանը պարտավոր է խմբակցություններին անհատույց տարածք տրամադրել։

Նշենք, որ ավագանու մյուս 4 խմբակցություններին սենյակ է տրամադրվել քաղաքապետարանի շենքում։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Վահե Կռոյանը հակադարձեց՝ ասելով, որ քաղաքապետարանը բավականին մեծ տարածք է տրամադրում 5 անդամ ունեցող խմբակցությանը՝ համեմատած քաղաքապետարանի շենքում սենյակներ ունեցող մյուս խմբակցությունների հետ:

Ավագանու ընդդիմադիր անդամն առաջարկեց տարածքը կուսակցությանը տրամադրել ոչ թե հինգ, այլ երկու տարով՝ մինչև Վանաձորի համայնքի ավագանու լիազորությունների ավարտը․ - «Մեզ օրինական կարգով երկու տարի ա մնացել: Մեկ էլ, «Օրինաց երկրի» հետ կապված, եթե ֆրակցիային ենք տալիս, լավ կլիներ հենց «Հայկական վերածնունդ» խմբակցությանը տայինք այդ գրասենյակը, ոչ թե «Օրինաց երկիր» կուսակցությանը, որովհետև իրավական առումով «Օրինաց երկիրն» ու «Հայկական վերածնունդը» որպես այդպիսին իրավահաջորդներ չեն հանդիսանում»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ևս արդարացրեց 5 տարով «Օրինաց երկիր» կուսակցությանն անհատույց տարածք տրամադրելու քաղաքապետարանի նախաձեռնությունը։

Ասլանյանն ասաց, որ ցանկացած պահի կարող են ետ վերցնել․ - «Էստեղ որևէ խնդիր մեզ համար, պլուս կամ մինուս, չի լուծում: Եթե սեպտեմբերին լիազորությունը ավագանու կրճատվի, կամ, ասենք, էդ կուսակցությունը փակվի, հո էդ սենյակը չի մնալու․․․»

2016 թվականին ձևավորված ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության 5 անդամներից մեկը՝ Արկադի Փելեշյանը, կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր։ Ընտրություններից հետո ընդդիմությունը բոյկոտում էր ավագանու նիստերը, որի պատճառով քվորում չէր ապահովվում նիստեր գումարելու համար։

Ավելի ուշ «Հայկական վերածնունդը» հուշագիր ստորագրեց այն ժամանակվա իշխող Հանրապետական կուսակցության հետ։ Արկադի Փելեշյանն ստանձնեց փողքաղաքապետի պաշտոնն ու ավագանու նիստերը մեկնարկեցին։

Մինչդեռ այսօր Փելեշյանն «Ազատությանն» ասաց՝ կուսակցական չէ, անհատույց օգտագործման տարածքի պահանջի հետ էլ՝ կապ չունի․ - «Ֆրակցիան դիմել ա, հատկացրել ենք: Որևիցե խնդի՞ր եք տեսնում ստեղ: Ես ֆրակցիայի անդամ չեմ, ես ավագանու անկախ անդամ եմ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը ավագանու նիստի ժամանակ հարց ուղղեց Արկադի Փելեշյանին․ - «Առնվազն երեք աշխատասենյակ ունեք քաղաքապետարանում, չորրորդի անհրաժեշտությունը տենց մե՞ծ ա: 18 հազար դրամն էլ մեծ թիվ չի ո՛չ ձեզ համար, ո՛չ մեզ համար: Էդ ի՞նչ տենց հարց ա առաջացել, որ եկել ա հասել ստեղ»:

Ի վերջո, չնայած ընդդիմադիրների քննադատությանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության որոշ անդամներ կողմ կամ ձեռնպահ քվեարկեցին, «Բարգավաճ Հայաստանը» ևս ձեռնպահ էր։ Դեմ էր միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը։ Որոշումն ընդունվեց։

«Օրինաց երկիր» կուսակցությունը 5 տարի քաղաքի կենտրոնական հատվածում 93 քառակուսի մետր տարածք կտնօրինի՝ անհատույց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG