Մատչելիության հղումներ

«Ոնց տեսնում եք, ես աշխատանքի եմ գնում». Հրայր Թովմասյանի արձագանքը Վահե Գրիգորյանի հայտարարությանը


«Ոնց տեսնում եք, ես աշխատանքի եմ գնում», - «Ազատության» հարցին ի պատասխան այսօր առավոտյան այսպես արձագանքեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ Ազգային ժողովում արած հայտարարությանը, թե Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված են, և ինքը Սահմանադրական դատարան է գնում այդ դատարանի նախագահի լիազորություններով:

Թովմասյանը չհստակեցրեց, թե արդյոք իր համար հասկանալի է, թե ինչ նկատի ուներ Գրիգորյանը․ - «Ինչ-որ հայտարարություններ, եթե անհրաժեշտություն լինի, մամուլի հետ կհանդիպեմ և կանեմ: Էս պահին ոչինչ չունեմ ասելու»:

Վահե Գրիգորյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս դատավորները, բացառությամբ Արման Դիլանյանի, ընտրվել են ՍԴ անդամներ, իսկ նոր Սահմանադրության համաձայն, որոշումները կարող են կայացնել միայն դատավորները:

Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում հրաժարվեցին հստակ գնահատական տալ առաջացած իրավական այն վեճին, թե իրենք ՍԴ անդամնե՞ր, թե՞ դատավորներ են:

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե «իրավական վեճ չկա»:

Դատավոր Արային Թունյանն ասաց, թե սահմանադրական վեճերի պատասխանը միայն Սահմանադրական դատարանն է տալիս․ - «Սահմանադրությունը մեկնաբանում է Սահմանադրական դատարանը: Վերջ»:

Արդեն օրվա երկրորդ կեսին դատարանի դահլիճից հեռացավ ՍԴ դատավոր Արևիկ Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ աշխատակարգային քննարկում են ունեցել, որին մասնակցել է նաև Վահե Գրիգորյանը, սակայն վերջինիս երեկվա հայտարարությունները չեն քննարկվել:

Հարցի շուրջ իր դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքին Արևիկ Պողոսյանն արձագանքեց․ - «Մեկնաբանություններ չեմ ցանկանա ներկայացնեմ: Եթե ներկայացնելու անհրաժեշտություն լինի, ամբողջական տեսակետ դատարանով կներկայացնենք»:

Իսկ դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը ճգնաժամի մեջ չէ, ինքը հրաժարական տալ չի պատրաստվում:

Գյուլումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումն այսօր վարույթ են ընդունել․ - «Քննության է ընդունվել իր դիմումը Քրեական դատավարության 135 և 35 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ, և Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի կապակցությամբ»:

Արդեն աշխատանքային օրվա ավարտին Սահմանադրական դատարանի շենքի մոտ հաջողվեց զրուցել նաև ընտրված նոր դատավոր Վահե Գրիգորյանի հետ: Նա տեղեկացրեց, որ օրվա ընթացքում թե՛ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, թե՛ մյուս դատավորների հետ կառուցողական քննարկումներ ունեցել է իր երեկվա հայտարարությունների հետ կապված: Նա խոստացավ հետագա անելիքների մասին ավելի մանրամասն խոսել ավելի ուշ․ - «Ես սխալ եմ համարում հիմա որևէ մեկնաբանություն անելը»:

Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանել նաև Ռոբերտ Քոչարյանի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ ասելով․ - «Դա դատարանի որոշում է, ես չեմ մեկնաբանում: Կհրապարակվի, կտեսնեք»:

Սահմանադրական դատարանի շենքի դիմաց անցկացվեցին բողոքի ակցիաներ՝ Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների հրաժարականի պահանջով:

Փաստաբան Վահե Գրիգորյանին հունիսի 18-ին խորհրդարանը ընտրեց 99 կողմ, 22 դեմ ձայներով: Նա մինչև այդ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG