Մատչելիության հղումներ

«Ակօս»-ի նախկին խմբագրատունը վերածվեց Դինքի հիշատակի վայրի


Ավելի քան 4 տարվա աշխատանքներից հետո Հրանտ Դինքի հայտնի «ապրիլ 23,5» հոդվածի անունով կոչված հիշատակի վայրն օրերս իր դռները բացեց այցելուների համար:

Ստամբուլի Օսմանբեյ մետրոյի կայարանի հարակից Սեբաթ Ափարթմանում գտնվող «Ակօս»-ի նախկին խմբագրությունում այսօր էլ Դինքի ներկայությունն է զգացվում:

Նախագծի հեղինակները վերարտադրել են նրա կյանքի կարևոր դրվագները, ցույց տվել նրա դավանած արժեքներն ու գաղափարները, ներկայացրել Դինքի պայքարն արդարության ու ճշմարտության համար:

Հիշատակի վայրի համակարգող Նայաթ Քարաքյոսեի խոսքով՝ 2015 թվականին, երբ «Ակօս»-ի խմբագրությունն ու Հրանտ Դինքի հիմնադրամը տեղափոխվեցին Անարատ Հղության շենք, մտածեցին տարածքը վերածել յուրատեսակ թանգարանի:

«Երբ տեղափոխվելու հարց առաջացավ, հասկացանք, որ չենք կարող պարզապես հեռանալ ու թողնել այս վայրը, քանի որ այն խորհրդանշական նշանակություն ունի հանրային հիշողության ու համընդհանուր խղճի համար: Այդ պատճառով էլ մեր պարտքը համարեցինք այս տեղի պարունակած ճշմարտության խոսքը լսելի դարձնել ու այդ հիշողությունն ապրեցնել: Այսպես ծնվեց հիշողության վայր ստեղծելու գաղափարը», - ասաց համակարգողը:

Քարաքյոսեն պատմեց, որ սա Թուրքիայում նմանօրինակ առաջին վայրն է, թանգարանի ստեղծման նախապատրաստական փուլում ուսումնասիրել են համաշխարհային փորձը, խորհրդակցել մասնագետների հետ, այցելել աշխարհի մի շարք երկրներում գործող շուրջ 80 հիշողության վայրեր:

«23,5»-ի այցելուները երեք լեզվով՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն շուրջ 60 հարցազրույցների, տեսանյութերի, ֆիլմերի միջոցով կարող են ծանոթանալ Հրանտ Դինքի կենսագրությանն ու գործունեությանը՝ նրա ձայնով:

Այստեղ հավաքված է նաև նրա հիմնած «Ակօս» շաբաթաթերթի արխիվը՝ հիմնադրման օրից՝ 1996-ից մինչև 2007 թվականը:

Միջանցքներում «Ակօս»-ի հայտնի համարներից կոլաժներ են, պատերին էլ լուսանկարներ՝ Դինքի ընտանեկան ալբոմներից:

Հիշատակի վայրում մի շարք թեմատիկ սենյակներ են ստեղծվել, որոնք պատմում են Դինքի անցած ուղու մասին: Դրանցից մեկը Հրանտի մանկության տարիների հուշերի՝ Ատլանտիսի քաղաքակրթության՝ «Քամփ Արմենի» մասին է, որտեղ նա ծանոթացել է ապագա կնոջ՝ Ռաքել Դինքի հետ:

Մեկ այլ սենյակ էլ պատմում է նրա քաղաքական հայացքների, հայկական ինքնության և թուրքական պետության համար խնդրահարույց հարցերի շուրջ արտահայտած մտքերի համար ենթարկված ճնշումների ու նվաստացումների, բանակային տարիների փորձառության մասին:

«Վախվորած աղավնի» անունով սենյակում էլ ներկայացված է Հրանտ Դինքի թիրախ դառնալու ժամանակագրությունը՝ 2004 թվականին Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին գրած հոդվածից հետո տեղի ունեցած զարգացումները: Այստեղ Դինքը տեսանյութերի միջոցով այդ շրջանի մասին է պատմում ու տարբեր հարցերի պատասխանում: Անդրադարձ կա նաև Դինքի սպանությանը, 12 տարի շարունակվող դատական գործին, ամենամյա հիշատակի միջոցառումներին ու նրա մտերիմների պահանջատիրությանը», - ասաց Քարաքյոսեն:

«Ակօս»-ի երբեմնի խմբագրատանը կարելի է տեսնել նաև Դինքի աշխատասենյակը ճիշտ այնպես, ինչպես նա թողել էր 2007-ի հունվարի 19-ին՝ իր սպանության օրը:

Հիշատակի վայրի ամենամեծ սրահի պատին փոքրիկ դարակներում արդարություն, ճշմարտություն, հիշողություն, հույս գրություններով թղթիկներ կան, որոնց հակառակ կողմում այցելուները կարող են իրենց խոսքը գրել սիրելի Հրանտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG