Մատչելիության հղումներ

Բնապահպանական սուբվենցիաները ոչ միշտ են արդյունավետ ծախսվում. Քննարկում Ալավերդիում


Ալավերդիի համայնապատկեր, արխիվ
Ալավերդիի համայնապատկեր, արխիվ

Ալավերդի և բնապահպանական խնդիրներ ունեցող այլ համայքներին պետության կողմից տրվող բնապահպանական սուբվենցիաները ոչ միշտ են արդյունավետ ծախսվում և ծառայում իրենց նպատակին։ Այսօր Ալավերդիում կազմակերպված քննարկմանը հայտարարեցին Շրջակա միջավայրի նախարարության, Լոռու մարզպետարանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Ալավերդիում անցած տարի մոտ 6 միլիոն դրամ էր ծախսվել փակ շուկա կառուցելու համար, որն այդպես էլ չի գործարկվել։ Քաղաքացիները դա անարանդյունավետ ծախս են համարում։ Անգամ շինարարությունից առաջ հանրային քննարկումներ տեղի ունեցան, քաղաքացիներն ու ավագանին դժգոհեցին։ Միևնույնն է՝ շուկան կառուցվեց։ Այսօր Ալավերդու քաղաքապետարանում կազմակերպված քննարկմանը Մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Արտակ Դեմիրչյանն ասաց՝ օրենքը պահանջում է, որ այդ գումարները ծախսվեն միայն առողջապահական և բնապահպանական միջոցառումների համար, ոչ թե ասֆալտապատման կամ քաղաքաշինական այլ նպատակներով։

Ուսումնասիրություն իրականացրած Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Մարի Չաքրյանն ասաց՝ հանրությունը դեռևս պահանջատեր չէ ծրագրերի ուղղությունների ընտրության հարցում։

Ալավերդցիներն արդարանում են՝ տարիներ շարունակ պղնձաձուլարանի ազդեցությանը ենթարկված քաղաքում բնապահպանական լուրջ ծրագրերն անհնար են։ Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնի առաջարկած «Կանաչ քաղաք» մոդելի համար խոչընդոտ է հողերի աղտոտվածությունը ծանր մետաղներով։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Արթուր Ղավալյանը նշեց՝ մինչև 2022 թվականը կիրականացվի հողերի աղտոտվածության մոնիտորինգ պետական մակարդակով, բայց հողերի վնասազերծում դեռևս նախատեսված չէ։ Նրա կարծիքով՝ խնդիրն այստեղ նաև համայնքների իրատեսական ծրագրեր ներկայացնելու կարողությունների մեջ է։

«Ինչ վերաբերում է ծրագրերի որակին կամ ուղղություններին, բնականաբար, բոլորիս էլ հայտնի է, որ համայնքներում և ոչ միայն համայնքներում կա կարողությունների զարգացման խնդիր ու հուսով եմ պետության, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ կարճ ժամանակում հնարավոր է հասնենք խնդրի լուծմանը։ Արդյունքում կունենանք նաև լավ ծրագրեր, կունենք իրատեսական ծրագրեր», - ընդգծեց Ղավալյանը։

Արթուր Ղավալյանի խոսքով՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շուտով կմեկնարկի հանքարդյունաբերության ազդեցության գնահատում, սկսված է պոչամբարների գույքագրման գործընթացը, տարբերակներ են դիտարկվում՝ ինչպես կարելի է պոչամբարների տարածքները դարձնել գյուղատնտեսական նշանակության հողեր։

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլարանը սեփականատիրոջ՝ «Վալլեքս» ընկերության ՎՏԲ բանկին ունեցած խոշոր պարտքի համար գրավադրված է ՎՏԲ բանկում։ «Վալլեքս»-ին պատկանող Թեղուտի հանքավայրը նույն պարտքի պատճառով բանկին անցնելուց հետո գործունեությունը դադարեցրեց նաև Ալավերդու գործարանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG