Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ հայտնեց, որոշումը կհրապարակվի 12։30-ին


Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։

Այսօրվա նիստի մեկնարկին Քոչարյանի պաշտպանական կողմից փաստաբան Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին` նշելով, որ այն կապված է երեկվա դատական նիստին տեղի ունեցածի հետ։

Հովհաննես Խուդոյան, արխիվ
Հովհաննես Խուդոյան, արխիվ

Երեկ դատավորն արգելեց պաշտպաններին հադես գալ դիրքորոշմամբ, ինչի պատճառով դատարանում իրավիճակը լարվեց։

Խուդոյանը հայտարարեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել։ Փաստաբանը նաև նշեց, որ դատավորը պաշտպաններին չի հստակեցրել իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի այսօր 12։30-ին։

Դատական նիստին այսօր ներկա էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Արթուր Դավթյան
Արթուր Դավթյան

Ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում Դավթյանը նշեց, որ պաշտպանական կողմից գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում են տեսնում։

«Ակնհայտ է, որ պաշտպանության կողմից գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ենք տեսնում, և եթե այս միտումը նաև օրենքով ընձեռված, պայմանական ասած, հնարավորությունների պարբերական գործադրումն էր, ես խնդրեցի, որ դատարանն արձագանքի դրան անհրաժեշտ պահին՝ դիտարկելով դա որպես իրավունքներից օգտվելու անբարեխիղճ կամ չարաշահման դրսևորում», - ասաց դատախազը»։

Նշենք, որ Քոչարյանի գործը վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը երեկ մերժեց տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի, մեղադրյալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանների միջնորդությունն իր ինքնաբացարկի մասին։

Ավելի վաղ Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. Քոչարյանի կողմը կասկածներ ուներ դատավորի՝ էլեկտրոնային եղանակով նշանակման գործընթացի հետ կապված: Դատավոր մերժել էր նաև այդ միջնորդությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG