Մատչելիության հղումներ

Կարծում եմ՝ ռուս գործընկերները կհասկանան, որ վասալի եւ տիրոջ հարաբերություններին ցտեսություն ենք ասել․ Արման Բաբաջանյան


Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում Ռուսաստանի դեսպանի հետ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպումը Հայաստանի ինքնիշխանությունը կարեւոր հանգրվանի բարձրացնող փաստ է: Այսպես է արծում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Շատ կուզեմ, որպեսզի սա հատվածական չլինի: Լինի ավելի կուռ, ավելի համակարգային: Եվ մենք այսպիսի առանձին դեպքերով ուրախանալու առիթներ չունենանք, հետայսու վստահ լինենք, որ ցանկացած քայլ, ցանկացած ուղղակի միջամտություն անարձագանք չի մնա», - նշեց Բաբաջանյանը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել նախկին նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո: Քոչարյանին դեսպանը հանդիպել է հունիսի 13-ին, մեկ օր անց դեսպանատունը հայտարարություն տարածեց, թե այն հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակում է եղել:

Երկու օր անց այս հանդիպման վերաբերյալ դժգոհություն հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ չի ողջունում այն: Երեկ էլ Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքում գրեց․ Արտգործնախարար Զոհրապ Մնացականյանն իրեն տեղեկացրել է, որ ուրբաթ օրը ԱԳՆ-ում դեսպանի հետ եղել է զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

«Այս որակի ուղերձը մեր դաշնակցին աննախադեպ է, նախկինում հատվածական կսմիթներ են եղել», - ասաց Արման Բաբաջանյանը: - «Եվ ես կարծում եմ, որ սա մեր ռուս գործընկերներ մոտ հասկացողություն կգտնի, որ Հայաստանում իսկապես փոփոխություններ բերել են նաև արժանապատվության հետ կապված կարևոր փոփոխություններ, և մենք այլևս վասալի և տիրոջ հարաբերություններին ցտեսություն ենք արել, և փնտրում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները արժանապատվության վրա կառուցելու ուղիներ և հնարավորություններ»:

Դիվանագիտական առումով բավականին կոշտ ուղերձ է դեսպանի հետ ԱԳՆ-ում Հայաստանի ինքնիշխանության թեմայով զրույցը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նման դեպք նախկինում չհիշեց պատգամավորը, բայց շատ կուզենար անձամբ արտգործանախարարից լսել՝ կոնկրոտ ի՞նչ շեշտադրմամբ է քննարկվել Քոչարյանի եւ դեսպանի հանդիպումը․ - «Դիվանագիտական առումով ինքը բավականին կոշտ ուղերձ է, հասկանալի առումով կոշտ ուղերձ է: Թե որն է այդ ուղերձի պատճառը, այդ ուղերձը զուտ այս գործի տիրույթում էր, թե ինքը շատ ավելի պատմություն ունի, որի մասին ես և դուք տեղեկացված չենք, և քանի որ ինձ մոտ կա ինֆորմացիայի իսկապես կրիտիկական պակաս այս ամբողջ պատմության վերաբերյալ, ես կդժվարանամ շատ ավելի ամփոփ գնահատական տալ»:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր էլ լրագրողների հետ ճեպազրույցում հարցին անդրադառնալով ասաց, որ այս բովանդակությամբ զրույցներ ռուս գործընկերների հետ նախկինում էլ են եղել:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ հետևություններ չեն արվել, խորհրդարանի ղեկավարը պատասխանեց․ - «Ռուսաստանի դեսպանի հետ ես ինքս բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, և բազմաթիվ հարցեր ենք քննարկել, այդ թվում նաև խոսել ենք փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին, հայ ժողովրդի դիրքորոշումները հարգելու մասին»:

Անդրադառնալով դեսպանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը՝ Միրզոյանն ասաց․ - «Դե հիմա մարդը մի անգամ հանդիպել ա, մենք էլ չենք ողջունում, ես ինքս չեմ ողջունում: Արտաքին գործերի նախարարություն դեսպանին հրավիրել են, ինչ որ զրույց ա եղել: Ես մանրամասներին տեղյակ չեմ: Բայց հեռուն գնացող հետևություններ, կարծում եմ, որ պետք է անել»:

«Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերին իշխանության արձագանքը կոշտ է ոչ միայյն գործընկեր Ռուսաստանի նկատմամբ», - Վստահեցրեց արարատ Միզրոյանը: Ավելացրեց, որ քաղաքական գործիչների հետ հանդիպումներին առարկություններ չունեն, բայց Ռոբերտ Քոչարյանն անցնում է քրեական գործով, լուրջ մեղադրանք է նրան առաջադրված, դատական գործընթացը շարունակվում է եւ այդ ընթացքում դեսպանի մակարդակով հանդիպումները կարող են դիտարկվել միջամտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG