Անմիջապես ընտրությունից հետո Գրիգորյանը հույս հայտնեց, որ Հրայր Թովմասյանի հետ արդյունավետ կաշխատեն՝ ինչ տեւողությամբ էլ լինի: Բարձր դատարանի նախագահի պաշտոնը իշխանափոխությունից հետո էլ շարունակում է զբաղեցնել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը, բայց Գրիգորյանը չէր թաքցրել՝ պատրաստ է աշխատել նաև ՍԴ նախագահ․ - «Որքան էլ որ ձեր համար շատ տարօրինակ կարող է հնչի, ես այն պատկերացնում են բացառապես արդյունավետ՝ ինչ կարգավիճակում և ինչ տևողությամբ էլ որ դա կլինի»:
Չնայած ուղիղ չհայտարարեցին կողմ քվեարկելու մասին, բայց և իշխանական «Իմ քայլից» չէին թաքցնում Գրիգորյանի նկատմամբ դրական վերաբերմունքը: «Իմ քայլը» 88 պատգամավոր ունի, Գրիգորյանի օգտին տված 99 ձայները հուշում են, որ ազատ քվեարկության մասին հայտարարած ընդդիմադիր ԲՀԿ-ից ու «Լուսավոր Հայաստանից» ևս թեկնածուն, չնայած քննադատություններին, աջակցություն ունեցել է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն առնվազն երկու մտահոգություն բարձրաձայնեց․ - «Մեկը քաղաքական [առումով] թեկնածուի անկողմնակալ լինելը, երկրորդը՝ օրենքի խախտում: Ոորվհետև հստակ օրենքով ասվում է, որ պետք է նախագահը առաջադրի նոր թեկնածու: Վահե Գրիգորյանը գիտենք, որ նոր թեկնածու չէ: Մեծամասնությունը կարող էր օրենքը փոխել, և կարող էր սպասել, որպեսզի մյուս տարի արդեն Կառավարությանը բաժին ընկած տեղի համար առաջադրել պարոն Գրիգորյանին: Ինչու դա չարեցին, չեմ հասկանում: Այս ամեն ինչով մենք, կարծես թե, դանդաղ աշխատող ռումբ ենք դնում հենց Սահմանադրական դատարանի ներսում»:
Գրիգորյանը երկուսին էլ պատասխանեց։ Ինչ վերաբերում է երկրորդ անգամ իր թեկնածության առաջադրմանը, նա բացառեց, որ խոցելի կարգավիճակով գար ու կանգներ ամբիոնի մոտ։ Ասաց, թե առաջինն ինքն է շահագրգռված, որ հարցը քննության առարկա դառնա ու վերջնական կարծիք հնչի: Անդրադարձավ նաև իր կողմնակալ լինելու մասին մտահոգություններին․ - «Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ես ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում: Մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, և այդ գաղափարական հիմքը ամենևին էլ ոչ կուսակցական գաղափարական հիմքն է: Մեր ընդհանուր երազանքի և ընդհանուր նպատակի՝ ժողովրդավարական, ազատ Հայաստան ունենալու շուրջ է եղել: Անկախ նրանից, թե նրանք իմ ընկերներ են, թե իմ ընկերները չեն՝ դատավորի երդում տալու պահից, որ պահից որ ես ընտրվեմ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս»:
Քննարկումները բավականին բուռն էին՝ ծափահարություններ, հուզմունք, քննադատություն ու գովեստի խոսքեր հնչեցին։ Ինչպես նախկին թեկնածուների դեպքում էր, իշխանական «Իմ քայլից» Գրիգորյանին նեղը գցող հարցեր չհնչեցին։
«Եվ այսօրվա հիստերիան: Բնական է, որ պետք ա հիստերիա լիներ: Ամբողջ ֆեսյբուքչի կեղծ ստատուսչիները զբաղված են տարբեր տեսակի ինչ-որ բաներ գրելով, հետո իրենց մամուլի միջոցով դա դուպլիկացնելով, դա շարունակելով, որովհետև հիստերիայի մեջ են: Պետք ա հիստերիայի մեջ լինեն, որովհետև պետք ա վախենան իրավական պետությունից, որովհետև իրենք միշտ հակաիրավական են եղել», - ասաց իշխող խմբակցության պատգամավորներից Հովհաննես Հովհաննիսյանը:
Իշխանական ուժի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանի երկրորդ առաջադրումը համարեցին արդարության վերականգնում, հիշեցրեցին Վահե Գրիգորյանի անցած ուղին: Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ թեկնածուն ավտորիտար ռեժիմի օրոք անցել է բռնաճնշումների միջով: 2005-ին Գրիգորյանը չորս ամսով կալանավորվել է խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով, 8 տարի անց՝ 2013-ին նրա նկատմամբ հարուցված գործը կարճվել է հանցագործությանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:
Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է, նաև հայաստանյան դատարաններում է պաշտպանում նրանց շահերը: Հյուսիսային պողոտայի կառուցապատման ժամանակ հանրային գերակա շահի զոհ դարձած քաղաքացիների փաստաբանն է եղել: ՍԴ-ում ներկայացրել է ընդդիմության դիմումը՝ համապետական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:
Այսօր հուզվել էր «Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը: Նա հիշեց, որ Գրիգորյանի հետ ծանոթացել է Հյուսիսային պողոտայի բնակիչների ունեզրկման ժամանակ, երբ ԴԱՀԿ աշխատակիցները եկել էին վտարելու քաղցկեղով հիվանդ մի կնոջ․ - «ԴԱՀԿ-ի աշխատակիցները այդ կնոջը մահճակալին գամված, մահճակալի մեջ հանեցին դուրս: Ասաց՝ ոչինչ, ես մեկ ա մեռնելու եմ, բայց կարևորը, որ Վահեն ընտանիքիս կողքին է կանգնած»:
Իշխանական պատգամավորները ծափեր հնչեցրեցին «Լուսավոր Հայաստանից» Արման Բաբաջանյանի ելույթից հետո: Բաբաջանյանի տեսակետը տարբերվում էր ընդդիմադիր խմբակցության մյուս պատգմավորների արտահայտած քննադատական դիրքորոշումից․ - «Այսօրվա ընտրությունը ընդամենը հնարավորություն է թույլ չտալու, որ այդ իշխանության պարագլուխներն ու նրանց նորելուկ արբանյակները վերադարձի շանս կամ հույս ունենան»:
Վահե Գրիգորյանը այսօր էլ պնդեց, որ ինքը նախագահական կառավարման համակարգի կողմնակից է: Առնվազն քննարկումներ փոփոխությունների հարցով, նրա կարծիքով, անհրաժեշտ են։
Գրիգորյանն իր կարծիքը հայտնեց 2015-ին ընդունված Սահմանադրության մասին․ - «Կներեք շատ կոպիտ արտահայտության համար․ դա բռնաբարությունից ծնված երեխայի նման է: Մենք բոլորս սիրում ենք նրան և այլն, բայց մենք միշտ հիշում ենք իր ծագումնաբանությունը»:
ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը հակադարձեց Գրիգորյանին․ - «Շատ անհաջող սրամտություն արեցիք, հարգելի պարոն Գրիգորյան: Ի՞նչ ա նշանակում՝ գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես հիմա չեմ ուզում Ձեզ հարցնեմ՝ բռնաբարողն ով ա եղել, բռնաբարվողը՝ ով: Բայց եթե այդ այսպես է, բա ինչո՞ւ եք այդ բռնաբարված ծնունդի արդյունք հանդիսացող երեխայի ուսերին․․․ ուզում եք էդ ուսերով հանգրվանել Սահմանադրական դատարանում»:
Գրիգորյանի թեկնածության գաղտնի քվեարկությանը այսօր մասնակցեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նա, ի դեպ, արձագանքեց ՍԴ նախագահ աշխատելու Գրիգորյանի հայտնած պատրաստակամությանը․ - «Ես, որպես Ազգային ժողովի նախագահ, չասեցի մի բան, որից բխում է, որ ես ուզում եմ, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա և այլն: Ես ասում եմ Վահե Գրիգորյանի տեսանկյունից․ ո՞վ չէր ուզի ինքը դառնար, եթե էդպես պատրաստված մարդ լինի»: