Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքների քննությունը ընդմիջվեց


Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքների քննությանն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի հետ կապված: Դատական նիստը կշարունակվի վաղը:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավար Արմեն Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը: Սա դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունն է։ Առաջինը ներկայացրել էր Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Իսկ երկրորդը՝ Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը, ինչպես նաև այս գործով մեղադրյալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները:

Միջնորդությունը մերժելուց հետո, երբ դատավորը փորձում էր անցնել դատական ստուգման փուլին, խոսք խնդրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, սակայն դատավորը թույլ չտվեց: Քոչարյանի փաստաբանների Հայկ Ալումյանը առարկեց ու լեզվակռիվ ծագեց դատավոր Դանիելյանի ու Ալումյանի միջև:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդում էր, որ մինչև դատական ստուգման փուլին անցնելը, դատավորը պետք է որոշակի ընթացակարգային, տեխնիկական խնդիրներ պարզի՝ մասնավորապես, կողմերին ներկայացնի նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Ելույթ ունեցավ նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ ասելով, թե մինչև հիմա ինքը տեղյակ չէ, թե կարող է արդյոք կարծիք հայտնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի բողոքարկման առնչությամբ:

Կարճատև ընդմիջումից հետո նիստը շարունակվեց, որոշվեց, որ վերաքննիչ բողոքները կներկայացվեն ըստ ժամկետների․ նախ մեղադրող կողմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի հարցի վերաբերյալ որոշման հետ կապված իրենց դիտարկումները, այնուհետև գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու բողոքը:

2008-ի արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի գործով վերանքնիչ բողոքներ են ներկայացրել ինչպես գլխավոր դատախազությունն, այնպես էլ տուժողների ներկայացուցիչները։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը վերաքննիչ ատյանից պահանջում է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը գործի վարույթը կասեցնելու մասին և գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ այն ըստ էության քննելու համար։ Միաժամանակ, դատախազ Պետրոսյանը նաև պահանջում է հաստատել դատավոր Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու հիմքերի բացակայությունը։ Դատախազը Վերաքննիչ դատարանից պահանջում է նաև կալանավորել մայիսի 18-ին կալանքից ազատ արձակված Հայաստանի երկրորդ նախագահին։

Տուժող կողմը ևս փաստաբաններ Վահե Գրիգորյանի և Սեդա Սաֆարյանի միջոցով պահանջում է Վերաքննիչից կալանավորել Քոչարյանին և բեկանել գործը կասեցնելու մասին որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG