Ուկրաինայի փոխարտգործնախարար Օլենա Զերկալն ասել է, որ Հոլանդիայի իշխանություններն առաջիկայում կհրապարակեն MH17 չվերթն իրականացնող մալայզիական «Բոինգը» 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում վայր գցելու մեջ կասկածվող անձանց անունները:
Փոխարտգործնախարարն ասել է, որ հոլանդացիներն առաջին 4 կասկածյալների անուններն արդեն վաղը կհայտնեն:
«Անունները հայտնի կդառնան, մեղադրանքը կներկայացվի, և դրանից հետո հոլանդական դատարանը կսկսի քննել այդ գործը»,- ասել է Զերկալը «Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությանը:
Նիդերլանդների մամուլը հաղորդել է, որ կասկածյալների անունների մասին առաջինը կտեղեկացվեն զոհվածների ազգականները:
Հունիսի 14-ին քննչական խումբը զոհերի իրավահաջորդներին էլեկտրոնային նամակով տեղեկացրել է, որ «գործում կան նոր զարգացումներ»:
2016 թվականին հոլանդացի քննիչները հայտարարել են, որ ինքնաթիռը վայր է գցվել «Բուկ» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգով, որը 2014 թվականին Ռուսաստանի հակաօդային պաշտպանության 53-րդ բրիգադից փոխադրվել է Ուկրաինա, ապա վերադարձվել Ռուսաստան:
Մոսկվան կտրականապես հերքում է մալայզիական «Բոինգը» վայր գցելու հետ որևէ առնչություն:
Ղրիմի բռնակցումից հետո Ուկրաինայի արևելյան շրջաններում սկսվել է պատերազմ, որի ընթացքում զոհվել է շուրջ 13 հազար մարդ:
«Բոինգը» հրթիռակոծվել է ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքից:
Bellingcat բրիտանական վերլուծական կենտրոնը բաց աղբյուրներում պարունակվող նյութերի ուսումնասիրության արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ռուսական բրիգադն է իրականացրել «Բուկ» հրթիռներով համակարգը Դոնբաս հասցնելու և օդանավը խոցելուց հետո Ռուսաստան վերադարձնելու գործողությունը:
Ռուսական կողմը պնդել է, թե օդանավը ոչնչացրել են ուկրաինացի զինվորականները: Ռուսները նաև փորձել են առաջ քաշել վարկած, որի համաձայն աղերի համար պատասխանատվությունը կրում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը: