Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտե ներկայանալու «կարիքը չկա». Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանում հրկիզման գործով ՔԿ հրավիրվելու մասին


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտե ներկայանալու կարիք չի տեսնում։

«Ես ասեմ՝ դրա կարիքը չկա՝ գնալու, ինչ-որ պետք էր... ես իմ փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած, ուղարկած է, այն է գրած, ինչ-որ իմ հարցազրույցում ասել եմ, դա իմ կարծիքն է», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ծառուկյանը։

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին հրկիզվել էր իշխանության թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածը: Քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Գրիգոր Գուլյանը և ԲՀԿ-ի աջակցությունը վայելող, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն էին, վերջինս 400 ձայնի առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին։ Ընտրություններից հետո Աբովյանում մեծ ազդեցություն ունեցող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր, թե հրկիզման այդ գործը «սարքված է»։ Այս հայտարարությունից հետ Ծառուկյանը կանչվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության, սակայն ինչպես հայտնել էր կոմիտեն՝ Ծառուկյանը պատռել էր ծանուցումը, այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավապահ մարմնի նկատմամբ: Երկրորդ անգամ Քննչական կոմիտեն ծանուցումն ուղարկել էր խորհրդարան:

Ծառուկյանը խուսափեց հստակ պատասխանել, թե արդյո՞ք պատռել է ծանուցագիրը, ինչպես Քննչական կոմիտեն է պնդում։

«Ի՞նչ, պետք է կպցնեի պատին, դնե՞ի ռամկայի մեջ։ Որ առանց ծանուցագրի գնայի, չէի՞ն ընդունի։ Համապատասխան ես պատասխանել եմ իմ փաստաբանի միջոցով, քանի որ ես ասել եմ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են և բոլորը պետք է լիարժեք հարգեն օրենքը, և ես միայն մի բան եմ ուզում ասել, որ բոլոր լրագրողներն ու հանրությունն էլ իմանան, որ մեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96 հոդվածի պատգամավորն իր կարծիքն ասելու համար ո՛չ հետապնդման, ո՛չ պատասխանատվության է ենթարկվում»։

Հարցին, թե պատգամավորին վայել պահվա՞ծք է պատռել ծանուցագիրն ու չներկայանալ քննչական մարմին, Ծառուկյանը պատասխանեց. - «Ես նորից եմ ասում, որ Դուք իմանաք՝ Սահմանադրության 96 հոդվածի պատգամավորի իրավունքները և դրա համար չեք երկարացնի այդքան։ Ծանուցագիրը պետք է դնեի՞ ռամկայի մեջ և կախեի՞ Այվազովսկու նկարի կողքին»։

Չնայած Ծառուկյանի հայտարարություններին, Քննչական կոմիտեն նշում է, որ շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ որպեսզի ԲՀԿ առաջնորդը ներկայանա նախաքննական մարմին։

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատության»-ը տեղեկացրեց, որ քննչական մարմինը Ծառուկյանի փաստաբանից ստացել է գրություն, որ «պատգամավորը բացի հարցազրույցում իր կողմից հնչեցված մտքերին, այլ տեղեկություններ չունի հայտնելու, բացի այդ Ծառուկյանը դեպքի առիթով իր կարծիքն է հայտնել»։

Նախաքննական մարմինը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը որպեսզի Ծառուկյանը ներկայանա Քննչական կոմիտե և հարցաքննվի Աբովյանում տեղի ունեցած հրկիզման դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում, ասաց Հարությունյանը։

Ըստ ՔԿ խոսնակի, Ծառուկյանի հարցաքննությունը նշանակված է այսօր18։30-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG