«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առայժման դժվարանում է որևէ գնահատական տալ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապիրկինի հանդիպմանը Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ Զորաբյան ասաց՝ ավելի առարկայական կխոսի, երբ անձամ Հայաստանի արտգործնախարարությունից այդ հանդիպման մասին մանրամասն տեղեկատվություն ստանա։
«Անկեղծ ասած, նոր տեղեկացա, որ նման հանդիպում եղել է, այսինքն՝ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։ Ես ծանոթացա Ռուսաստանի դեսպանի հայտարարությանը, որ «այդտեղ որևէ քաղաքական կոնտեքստ փնտրել պետք չէ՝ ես հանդիպել եմ բացարձակ ապաքաղաքական հարցերի շրջանակում», թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ես կդժվարանամ էս պահին որևէ գնահատական տալ։ Ես կարծում եմ, որ ավելի մանրամասն տեղեկատվություն, երբ որ մենք կունենանք, ես անձամբ կփորձեմ արտաքին գործերի նախարարից ստանալ, այդ ժամանակ ես կարող եմ ավելի առարկայական հարցին պատասխանել», - ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հունիսի 14-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդեց, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հաղորդագրությունում նշված էր, որ հանդիպումը կայացել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում:
Երեկ խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջյանի հարցին, թե ինչո՞ւ դեսպանը չի կանչվել նախարարություն պարզաբանում տալու համար և արդյո՞ք խնդիր չէ արտգործնախարարության համար, որ «Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի հետ դեսպանը 2 ժամ հանդիպում է ունենում», փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանեց, թե դեսպանը որևէ սխալ չի գործել:
Սակայն ավելի ուշ Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.