Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Պաշտպանները բողոքարկում էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու՝ մայիսի 2-ի կայացրած որոշումը։ Գրիգորյանի պաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալի կալանքն անհամատեղելի է նրա հիվանդությունների հետ:
Այսօր Երևանի առաջին ատյանի դատարանում էլ ընթանալու է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի բուն գործով նիստը։
Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Մանվել Գրիգորյանը անցած շաբաթ «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Մինչ այդ նա գտնվում էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ «Նաիրի» բժշկական կենտրոնից «Ազատությանը» երեկ տեղեկացրել են, որ Գրիգորյանի վիճակը միջին ծանրության է: