Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում. Ռուբինյան


ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում», - գրել է Ռուբինյանը։

Նա նշել է, որ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին այսօր խորհրդարանում չի ասել, որովհետև այդ պահին տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն չի ունեցել։

Այսօր ավելի վաղ, խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջյանի հարցին, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո դեսպանը չի կանչվել նախարարություն պարզաբանում տալու համար և արդյոք խնդիր չէ արտգործնախարարության համար, որ «Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի հետ դեսպանը 2 ժամ հանդիպում է ունենում», փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ասել էր, թե դեսպանը որևէ սխալ չի գործել: Մինչդեռ իշխող «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքն այդ հանդիպման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG