Մատչելիության հղումներ

Միրզոյանը բացառում է, թե Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ են բանեցվում՝ վերջինիս կանչելով հարցաքննության


Ազգային ժողոի նախագահ Արարատ Միրզոյան, 17-ը հունիսի, 2019 թ.
Ազգային ժողոի նախագահ Արարատ Միրզոյան, 17-ը հունիսի, 2019 թ.

Ազային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը բացառում է, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ են բանեցվում՝ վերջինիս կանչելով հարցաքննության։ Նշենք, որ այդօրինակ կարծիք հայտնել էր ԲՀԿ պատգամավոր Գևրոգ Պետրոսյանն՝ ասելով, թե միտում է տեսնում այդ ամենում, և որ Ծառուկյանի դեմ գրոհ է կազմակերպվում:

«Ես նման բան բացառում եմ, մեկ, երկրորդը, բոլորովին համաձայն չեմ էդպիսի կարծիք հնչեցրած մարդկանց հետ և երրորդը, ի՞նչ է նշանակում միտում, երբ որ նույն ձև հրավիրում են նախկին նախագահների, վարչապետների, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց։ Ի վերջո, օրենքը բոլորի համար է և օրենքի առաջ բոլորը հավասար են, եթե որևէ գործի քննության շրջանակներում իրավապահ մարմինը անհրաժեշտություն է գտնում հարվիրել՝ տեղեկություններով կիսվելու, էսպես ձևակերպենք, որևէ մարդ, անկախ զբաղեցրած պաշտոնից, այդ մարդը պարտավոր է գնալ և իր կարծիքը ասել», - նշեց Միրզոյանը։

Մինչդեռ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր հակադարձեց՝ Արարատ Միրզոյանը չի կարող բացառել մի բան, որն իրավապահ մարմինների տիրույթում է: Պետրոսյանը շեշտում է՝ ոմանք իսկապես փորձում են Ծառուկյանի անունը կապել բացասական տարբեր գործընթացների հետ: Ընդ որում, ըստ ԲՀԿ պատգամավորի, այդ անձինք թե՛ գործադիր և թե՛ օրեսնդիր մարմնից են:

«Մեր կյանքի գլխավոր խնդիրը դարձրել են ոմանք Ծառուկյանի ծանուցագիրը, անհարմար է։ Ծառուկյանը ինքը մինչև Միրզոյանի այդ կարծիքը հայտնելը, որ ասում է՝ բոլորն էլ պարտավոր են, ամենաառաջինը ինքը՝ Ծառուկյանն ասաց, որ բոլորս հավասար ենք օրենքի առաջ, երբ իրեն հարց են տվել։ Հլը տեսեք՝ պետական վարչարարությունը բոլորի նկատմամբ նույն ջանասիրությամբ արվո՞ւմ է, որ էսօր արվում է Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող օբյեկտների նկատմամբ։ Էսօր բոլոր քաղաքական գործիչների՝ ընդդիմադիր կամ իշխանական, արտահայտությունները այդպիսի մեծ հնչեղություն ստանո՞ւմ են», - ընդգծեց Պետրոսյանը։

«Ազատության» հարցին՝ միտո՞ւմ է տեսնում, պատասխանեց. «Պարզապես ոմանց համար ցանկալի է, որ Ծառուկյանի անունը անպայման կապվի այսինչ դատավարության հետ, այնինչ գործընթացի հետ»։

Հարցին էլ, թե դա ո՞ւմ համար է ցանկալի, Պետրոսյանը արձագանքեց. «Ինքներդ լավ գիտեք, ովքեր որ շահագրգռված են դրանով։ Այդպիսի անձինք կարող են լինել և՛ օրենսդիրում, եթե հաշվի առնենք էն թեման, թե ինչպիսի գրոհ ձեռնարկվեց Ազգային ժողովում ընդամենը մի քանի օր առաջ կապված ցեմենտի հետ առնչվող օրակարգի հարցին, ես հիմքեր ունեմ մտածելու, որ էստեղ էլ կան մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ անպայման Ծառուկյանի անունը կապվի ինչ-որ մի բացասական գործընթացի հետ»։

Հիշեցնենք՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին հրկիզվել էր իշխանության թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածը: Քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդները իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Գրիգոր Գուլյանը և ԲՀԿ-ի աջակցությունը վայելող, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն էին, վերջինս 400 ձայնի առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին։ Ընտրություններից հետո Աբովյանում մեծ ազդեցություն ունեցող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր, թե հրկիզման այդ գործը «սարքված է»։ Այս հայտարարությունից հետ Ծառուկյանը կանչվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության, սակայն ինչպես հայտնել էր կոմիտեն՝ Ծառուկյանը պատռել էր ծանուցումը, այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավապահ մարմնի նկատմամբ: Երկրորդ անգամ Քննչական կոմիտեն ծանուցումն ուղարկել էր խորհրդարան:

Թե ինչո՞ւ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հետևյալ պարզաբանումը տվեց. «Ինչի մասին մենք խոսում ենք, երբ որ չի ներկայանում, ուղարկում են աշխատավայր, աշխատավայրում հոգ են տանում այն մասին, որ ծանուցումը հասցվի այդ ճանապարհով՝ ենթադրելով, որ գուցե գրանցման հասցեում ինչ-որ խնդիրներ են եղել։ Դա թղթային կլինի, էլեկտրոնային կլինի, չի մանրամասնում օրենքը և կարիք էլ չկա։ Վստահաբար կփոխանցենք ծանուցումը պարոն Ծառուկյանին»։

Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակացության քարտուղար Արման Աբովյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր ժամը 14-ի դրությամբ խմբակցությունը Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ծանուցումը չէր ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG