Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ Ռուսաստանի դեսպանի հանդիպման շուրջ Հայաստանի արտգործնախարարությունն ու օրենսդիր մարմնի ղեկավարությունը տարբեր կարծիքներ ունեն։
Մասնավորապես, այսօր խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջյանի հարցին, թե ինչու դեսպանը չի կանչվել նախարարություն պարզաբանում տալու համար և արդյոք խնդիր չէ արտգործնախարարության համար, որ «Մարտի 1֊ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի հետ դեսպանը 2 ժամ հանդիպում է ունենում», փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանեց, թե դեսպանը որևէ սխալ չի գործել:
«Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևիցե սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Անշո՛ւշտ, հանրային կարծիքները բոլորս լսեցինք և տեսանք տարբեր արձագանքներ՝ նաև պետական գործիչների, բայց դիվանագիտական արարողակարգի առումով, նույնիսկ քննության մեջ գտնվող անձի վերաբերյալ, մենք որևիցե կտրուկ առարկություն կամ հայտարարություն չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ», - հայտարարեց փոխարտգործնախարարը:
Մինչդեռ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում «Ազատության» հարցին ի պատասխան վերահաստատեց երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հնչեցրած միտքը՝ չի ողջունում դեսպան Կոպիրկինի հանդիպումը Քոչարյանի հետ, քանի որ Քոչարյանին չի համարում քաղաքական գործիչ: - «Ես ասել եմ՝ չեմ ողջունում, սա է ամբողջը, ինչ ասել եմ: Չգիտեմ՝ արտգործնախարարը ինչ է ասել, ինչ չի ասել», - հայտարարեց ԱԺ նախագահը:
Ի դեպ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նույնպես չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքն այդ հանդիպման շուրջ: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փոխարտգործնախարարի հայտարարությանն ի պատասխան շեշտեց․ - «Ինձ համար՝ որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տարակուսելի է այդ հանդիպումը և ողջունելի չէ»:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ավելի կոշտ արձագանքեց՝ անհեթեթ որակելով դեսպան Կոպիրկինի և Քոչարյանի հանդիպումը։ - «Իրոք անհեթեթ է այս հանդիպումը, այսինքն՝ այս հանդիպումը բացատրություն չունի: Մենք հասկանում ենք, որ դեսպանը տարբեր քաղաքական ուժերի կամ գործիչների կարող է հանդիպել և հանդիպում է, բայց այս իրավիճակում, երբ քրեական գործ է գնում և գործը գտնվում է հասարակության համար բավականին խնդրահարույց, տարօրինակ փուլում, այս հանդիպումը կարող է գնահատվել այլ ձևով: Եվ ինձ թվում է, որ դեսպանը, դիվանագետ լինելով, հասկանում է ինչի մասին է խոսքը», - նշեց Իգիթյանը՝ շարունակելով․ - «Նայեք՝ թերթերում գրում են, որ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է Ռուսաստանի վերնախավը: Ռոբերտ Քոչարյանի շրջապատն է տարածում, որ այդպիսի բան կա: Այս կոնտեքստում դեսպանի հանդիպումը առնվազն անհեթեթ է և դեսպանը, լինելով դիվանագետ, այդպիսի բաներ հասկանում է»:
Ի դեպ, Հովհաննես Իգիթյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ արարողակարգի համաձայն, այլ երկրների դեսպանները արտգործնախարարության միջոցով են իրենց հանդիպումները կազմակերպում, պարզապես, հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերությունները, այդ արարողակարգը չի գործում։ - «Եթե վերցնենք զուտ արարողակարգով, դեսպանը պետք է մեր Արտգործնախարարությանը խնդրեր հանդիպում կազմակերպել Հայաստանի քաղաքացու հետ: Նույնիսկ եթե Ռուսաստանի քաղաքացու հետ է հանդիպում, էդ դեպքում տեղյակ են պահում», - մանրամասնեց Իգիթյանը:
Մինչդեռ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծում է՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը դեսպանի իրավունքն է․ - «Ավելորդ եմ համարում այն անհանգստությունը, որ ոմանք ապրում են: Սկսենք նրանից, որ ցանկացած դեսպան իրավունք ունի հանդիպել Հայաստանի Հանրապետությունում ինչպես գործող, այնպես էլ նախկին պաշտոնյաների հետ: Այսինքն զարմանալ, ողջունել կամ չողջունել՝ ես դրան էդպիսի գնահատական չէի տա: Առավել ևս, ինքներդ էլ նշում եք, որ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող՝ այսինքն դեռ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով հաստատված լինի: Անձանցից վերանանք՝ էս դեպքում պարոն Քոչարյանն է, վաղը մի ուրիշը: Այստեղ մենք անմեղության կանխավարկածի հետ գործ ունենք»:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, անցած ուրբաթ անդրադառնալով դեսպան Կոպիրկինի հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հետ, պարզաբանել էր՝ «հանդիպումը կայացել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում»:
Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։