Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի ինքնաբացարկը կուսակցությունում սուպերլիդերի բացառումն է․ Սուրեն Պապիկյան


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխությունից հետո առաջին համագումարն անցկացրեց երեկ: Շուրջ 13 ժամ տևած համաժողովում ընտրվեց վարչություն, որն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ընտրեց կուսակցության ղեկավար:

Սուրեն Պապիկյանը մինչ այդ կուսակցության փոխնախագահն էր, իսկ կուսակցության ղեկավարը՝ Սասուն Միքայելյանը: Հատկանշական է, որ Միքայելյանն այս անգամ չընտրվեց անգամ վարչության անդամ: Լրագրողները Պապիկյանից հետաքրքրվեցին հնարավո՞ր է պատճառն այն էր, որ Սասուն Միքայելյանը Աբովյանի ընտրություններում չաջակցեց կուսակցությանը:

«Ես գուշակությամբ չեմ ուզում զբաղվել», - պատասխանեց նորընտիր ղեկավարը։

Վարչության կազմում ընտրված 21 անդամների թվում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որն էլ հայտարարել էր, որ Սասուն Միքայելյանն իրենց չի աջակցել:

Նորընտիր վարչությունում են գործադիրի անդամներ Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովից Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը և ևս մի քանի պատգամավոր և կուսակցականներ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ էր առաջադրվել, բայց չընտրվեց:

«Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր Նիկոլ Փաշինյանը երբեք չի ղեկավարել կուսակցությունը: Վարչության 21 անդամից մեկն է: Սկզբունքը պահպանվում է նաև իշխանության գալուց հետո, ասաց նորընտիր ղեկավարը:

Իշխանության գալուց հետո, բնականաբար, առաջին անգամ է, որ երկրի վարչապետը հրաժարվում է, ինքնաբացարկ է հայտնում և չի ստանձնում վարչության ղեկավարի պաշտոնը», - նշեց Պապիկյանը։

Լրագրողների հարցին, թե այդ սկզբունքը ինչո՞վ է պայմանավորված, պատասխանեց. «Այդ սկզբունքների մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռ 2015 թվականից։ Խոսքը մեկ լիդերի, սուպերլիդերի բացառումն է և այլ գործընկերների նման հնարավորություն ընձեռնելը, քաղաքական ինքնադրսևորման աճին նպաստելը»։

Արդյո՞ք կուսակցական պարտականությունները չեն խոչընդոտում նախարարական գործառույթների լիարժեք իրականացմանը, հարցրինք Պապիկյանին, առավել ևս որ օրեր առաջ ընդլայնվեցին իր լիազորությունները և ստանձնեց ևս մի քանի միավորված գերատեսչության պարտականությունները:

«Իմ զբաղեցրած պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է, և բացի այդ, մենք ունենք ևս 20 վարչության անդամներ, որոնք բոլորը հավասարապես կարող են մասնակցել թե՛ կուսակցաշինությանը և թե՛ մեր կուսակցության բոլոր գործողություններին, որ մենք կձեռնարկենք։ Այնպես որ, ես մենակ չեմ», - ասաց Պապիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG