Անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը և իր ղեկավարելիք գրասենյակի ստեղծմանը՝ Սինանյանն ասաց․ - «Ոչ միայն Սփյուռի նախարարությունը իրականում չանհետացավ այն իմաստով, որ գործառույթներն անհետացան, քանի որ գոյություն ունի գրասենյակը: Եվ ասեմ, որ գրասենյակը շատ ավելի բարձր կարգավիճակ ունի, այն ենթարկվում է ուղղակիորեն վարչապետին, վարչապետի գրասենյակի մի մասն է կազմում: Սրանով վարչապետը նաև ազդարարում է սփյուռքին, թե որքան կարևոր է սփյուռքը Հայաստանի Հանրապետության և վարչապետի համար: Սփյուռքի նախարարությունը կրում էր անցյալի հին համբավը, հետևաբար մի փոքր երևի նաև ռիբրենդինգի կարիք կար: Ես բոլոր ջանքերը գործադրելու եմ, որպեսզի գրասենյակը աշխատի մեծ արդյունավետությամբ: Սկզբից մի քիչ կենտրոնանալու եմ Ռուսաստանի վրա՝ անկեղծ ասեմ: Որովհետև շատ մեծ հայանք է, շատ կարևոր է, նաև մեր ստրատեգիական դաշնակիցն է»:
Նա հավելեց, որ, անշուշտ, նաև Միացյալ Նահանգներն են մնում շատ կարևոր․ - «Ասել, որ ես ամերիկացի եմ․․․ այո, ես 31 տարի ապրել եմ Միացյալ Նահանգներում, բայց մինևնույն է ես սկզբունքայնորեն երևանցի եմ, հայաստանցի եմ: Եթե անհանգստանում են Ռուսաստանի համար, ես շատ լավ տիրապետում եմ ռուսերեն լեզվին, շատ լավ ճանաչում եմ ռուսական մշակույթը, քանի որ մեծացել եմ սովետական համակարգի օրոք, երբ ռուսական մշակույթը շատ ավելի ներկա էր Հայաստանում»:
Միացյալ Նահանգների քաղաքացի Զարեհ Սինանյանը իրանահայ համայնքի հետ աշխատելու հարցում որևէ սահմանափակում չի տեսնում․ - «Շատ նրբանկատ պետք է լինենք այս հարցերում․ որևէ օրենք չխախտենք, որևէ խնդիր չստեղծենք Հայաստանի համար, մեր համայնքների համար: Բայց որևէ սկզբունքային խնդիր չեմ տեսնում»:
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը՝ ասաց․ - «Հիմնականում ասում են՝ Սինանյանը ԼԳԲՏ-ի ակտիվիստ է, Սինանյանը մասոնների աջակիցն է, որովհետև նկար են գտել մասոնների հետ ինչ-որ միջոցառման են մասնակցում: Սիրելի հայրենակիցներ, եթե հայ են, եթե իմ ընտրողներն են, նույնիսկ կարող էին հայ չլինեին, և նրանք խնդրել են, որպեսզի ես ներկա լինեմ, հարգեմ իրենց, ես բոլոր իմ ընտրողներին հարգում եմ: Եթե իրենք ինչ-որ հանցագործություն չեն գործում և ուզում են, որ իրենց քաղաքապետը ներկա լինի ինչ-որ կարևոր միջոցառման, բոլորին հավասար ներկա եմ եղել և իմ պարտականությունը կատարել եմ: Եվ նույն ձևով շարունակելու եմ այստեղ՝ եթե մտնելու է իմ պարտականությունների մեջ, անելու եմ»:
Պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական համարում հայրենադարձությունը, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարն ասաց․ - «Շատ լավ հարց տվեցիք, որովհետև մեծ սիրով եմ այդ հարցին այս օրերին պատասխանում: Ես Ձեզ ասեմ անկեղծ՝ մեր մոտից, համենայն դեպս արևմտյան Ամերիկայից կա հայրենադարձություն: Ես սա չեմ ասում այն պատճառով, որ գիտեմ մարդկանց, որոնք ընտանիքներով տեղափոխվում են, այլ ավելի վիճակագրական փաստեր գիտեմ: Օրինակ, եթե զրուցեք մեր բեռնափոխադրող ընկերությունների հետ, որոնք գործում են և՛ Երևանում, և՛ այնտեղ, կտրուկ աճ է տեղի ունեցել բեռնափոխադրության այն մարդկանց համար, որոնք ընտանիքներով տեղափոխվում են Հայաստան: Մարդիկ իրոք ոգևորված են, մարդիկ իրոք լուրջ հույսեր են կապում այսօրվա Հայաստանի հետ, նաև իրենց տեսնում են դերակատար այսօրվա Հայաստանի կերտման մեջ: Դա շատ դրական երևույթ է: Պարզապես պետք է այս իներցիան, մոմենտումը դրական շարունակել, խթանել, արագացնել, որպեսզի նախ տեղացիները չհիասթափվեն, եկողները չհիասթափվեն, իսկ դրսում մնացածներն էլ բարի նախանձով ապրեն և հնարավորության դեպքում կարողանան գալ»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․