«Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը ամբողջովին համապատասխանում է իրավական ընթացակարգերին, այդտեղ որևէ խնդիր չկա: Մենք Ազգային ժողովում քննարկել ենք այդ հարցը և պարզաբանումը արձանագրված է», - «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
ՍԴ դատավորի թափուր պաշտոնում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը Ազգային ժողովում երկրորդ անգամ է քննարկվելու: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջին անգամ նրան առաջադրել էր անցած տարի ՝ հեղափոխությունից հետո: Ընտրությունը տապալեց Ազգային ժողովում մեծամասնություն Հանրապետական խմբակցությունը: Ընդդիմադիրները, մասնավորապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պնդում են, որ Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով:
«Ինչ վերաբերում է կախվածությանը իշխանությունից՝ ես ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել․ այն, որ պարոն Մարուքյանը ունեցել է գործընկերային կապեր իշխող կուսակցության ներկայացուցիչների, անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, եղել է նույն խմբակցությունից՝ դա նրան կաշկանդո՞ւ է ինչ֊որ կերպ լինել ընդդիմություն: Կարծում եմ չի կաշկանդում», - ընդգծեց Լենա Նազարյանը:
ԱԺ փոխնախագահը անդրադարձավ նաև դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների հրաժարականներին:
«Բարձրագայն դատական խորհրդի անդամները, գիտակցելով, որ վստահությունը այն կարևորագույն հենարանն է, որը նրանց անհրաժեշտ է գործելու համար՝ չունեն, և բնականաբար, որպեսզի այդ կառույցը լինի լեգիտիմ և կենսունակ, պետք է նոր անդամներ ընտրվեն Ազգային ժողովի կողմից», - մեկնաբանեց Լենա Նազարյանը:
«Ազատության» հարցին՝ կարելի՞ է փաստել, որ ԲԴԽ-ի լուծարում չի լինելու, Նազարյանը պատասխանեց, որ պարզապես պետք է փոխվի այդ մարմնի կազմը․ - «Քանի որ չի բացառվում, որ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լինի շատ կարևոր գործառույթ՝ այսպես կոչված վեթինգի իրականացումը»: