Մատչելիության հղումներ

Հրաժարական ներկայացրած ԲԴԽ անդամների թիվը հասավ 5-ի


Դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո Բարձրագույն դատական խորհրդի արդեն 5-րդ անդամն է հրաժարական տալիս։

Միայն երկուսը՝ Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանն այսօր են հրաժարականի դիմում ներկայացրել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավար Կարինե Պետրոսյանը ԲԴԽ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները համարում է դատակաան համակարգի ինքնամաքրման առաջին քայլերը․ - «Վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ էր բարձրաձայնվել այն հարցը, որ դատավորների ինքնամաքրումը, դատական իշխանության ինքնամաքրումը պետք է սկսել Բարձրագույն դատական խորհրդից: Փաստորեն ցույց տվեց ժամանակը, որ դատավորները ի վիճակի են դա իրականացնելու, և նրա բարձրագույն մարմինն էլ է ի վիճակի դա իրականացնելու»:

Կարինե Պետրոսյանը կարծում է, որ հնարավոր է վեթինգի անհրաժեշտություն չլինի, քանի որ համակարգում արդեն իսկ ինքնամաքրման գործընթաց է սկսվել։

Երեկ ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանն էր հրաժարական տվել, իսկ ավելի վաղ՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը:

Խորհրդում հրաժարականները մեկնարկեցին ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո։

Փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով, ստեղծված իրավիճակում Բարձրագույն դատական խորհրդի մյուս անդամների հրաժարականն էլ է անհրաժեշտություն․ - «Դատական իշխանության համակարգում ստեցծված ճգնաժամի հիմնական մեղավորներից մեկը ԲԴԽ-ի գործունեությունն էր առհասարակ, ինչը հիմք տվեց արձանագրելու, որ գործ ունենք մի կառույցի հետ, որը չի արտացոլում այնպիսի գործունեություն, որի համար կոչված է, որի համար ստեղծված է: Ուստի մեկուկես տարվա գործունեությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ ի դեմս այդ կառույցի մենք ունենք անատամ կառույց»:

Այս կազմով Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ի վիճակի չէ լիարժեք գործունեություն իրականացնել։ Խորհրդի անդամների անբավարար թվի պատճառով այսօր չկայացավ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման հրապարակման նիստը։

Դատավոր Կարինե Պետրոսյանն ասում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամներ պետք է նշանակվեն շատ կարճ ժամանակում, հակառակ դեպքում ոլորտում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ․ - «Շատ կարևորագույն մարմին է դատավորների գործունեությունը ապահովելու առումով: Դա նույնն է, որ, ասենք, Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողով չունենանք, կամ չունենանք Կառավարություն: Դատավորները, ի տարբերություն իշխանությունը մյուս կրողների, իրենք են իրականացնում արդարադատությունը, և նրանց անխափան գործունեությունը շարունակվում է, նրանք այդ գործունեությամբ ամեն օր զբաղվում են: Սակայն գործունեության հետ կապված յուրաքանչյուր խնդրի լուծումը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդին»:

Սահմանադրության համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է 10 անդամ ունենա: Նրանցից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս մասին՝ խորհրդարանը՝ 5 տարի ժամկետով: Խորհրդի ընտրված անդամները վերընտրվելու իրավունք չունեն։

Մինչև հրաժարականները խորհրդում անդամի մեկ թափուր տեղ կար։ Իշխող ուժն արդեն առաջադրել է ԲԴԽ անդամի իր թեկնածուին։ Գրիգոր Բեքմեզյանն այսօր խորհրդարանում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։

Թեև առաջադրվել է իշխող ուժից, սակայն Բեքմեզյանը վստահեցնում է, որ ինքը ճնշումների չի ենթարկվի իշխանությունների կողմից, անկախ է գործելու․ - «Այդ առումով ես վստահ եմ, որ եթե փորձ կատարվեց իմ վրա ինչ-որ ճնշում գործադրելու, ես առաջինն եմ դրա մասին ասելու: Ես թույլ չեմ տա, որպեսզի իմ հեղինակությունը ինչ-որ կերպ նսեմացվի»:

Ի դեպ, թեկնածուի խոսքով, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցող հրաժարականները հուշում են, թե ինչպես է աշխատել այդ կառույցը․ - «Եթե իրանք էլ հասկանային, որ լավ են աշխատել ու արդյունավետ, չէր լինի այս հրաժարականների շարանը: Բացի այդ, չէր լինի այս կոնֆլիկտը, որ եղավ դատարանների ու Բարձրագույն դատական խորհրդի միջև: Այնուամենայնիվ, ես նաև գտնում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը ահագին գործ արել ա էս ընթացքում՝ կապված ներքին ենթաօրենսդրական ակտերի ձևավորման հետ: Մեկ տարի է, որ աշխատում են, կարծում եմ, մեկ տարին բավարար չէ, որ կարողանանք վերջնական գնահատական տալ: Բայց փաստ է, որ մենք ունեցանք դատական համակարգի ճգնաժամ, և այդ ճգնաժամի մեջ մեղադրում էին նաև Բարձրագույն դատական խորհրդին»:


Բարձրագույն դատական խորհուրդը կազմում է դատավորների թեկնածուների ցուցակները, նախագահին առաջարկում նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին, լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, անգամ լիազորությունները դադարեցնելու հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG