Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Երիտասարդ գրողների ամենամյա համաժողովը


ՀԳՄ ստեղծագործական տունը Ծաղկաձորում
ՀԳՄ ստեղծագործական տունը Ծաղկաձորում

Ամեն տարի հունիս ամսին Գրողների միությունը Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպվում է երիտասարդ գրողների համաժողով, որին մասնակցում են նաև ավագ և միջին սերնդի գրողները՝ համատեղ քննարկելու գրական ամենատարբեր հարցեր։

Այսօր առավոտյան հյուրընկալելով մոտ 60 գրողների՝ քառօրյա համաժողովը սկսեց իր աշխատանքը, որը ներառում է երիտասարդ գրողների ստեղծագործությունների գիտավերլուծական մի շարք բանախոսություններ, գրքերի շնորհանդեսներ, առանձին ստեղծագործությունների քննարկումներ, գրական ընթերցումներ և այլն:

Մինչև համաժողովի բացումը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասաց․ - «Սրանք շատ հետաքրքիր են ոչ միայն ջահելների համար, այլև մեր՝ ավագների, որովհետև մեր անհրաժեշտ է ճանաչել, թե երիտասարդ գրողը ինչ կերպ է մտածում»:

«Գրականությունը տարածք է լայնացնում՝ զարգացում կկոչեք, առաջընթաց թե չգիտեմ ինչ», - շարունակեց Միլիտոնյանը: - «Դա նոր տիպ է, նոր հետաքրքիր մտածողություն, նոր բանաստեղծի կամ արձակագրի կամ դրամատուրգի հայտնություն, նաև գրականագետի: Ասեմ, որ մեր երիտասարդական գրականությունը շատ լավ տեղ ունի տպագրվելու․ և՛ մեր «Գրեթերթ» թերթը, և՛ «Գրական թերթը», և՛ ամսագրերը մեր: Մենք ունենք նաև էլեկտրոնային հարթակ, որտեղ ներկայանում են»:

Անդրադառնալով երիտասարդ գրողների հիմնախնդիրներին՝ Գրողների միության նախագահն ասաց․ - «Երիտասարդ գրողի հիմնախնդիրը, ես կարծում եմ, եթե տպագրելու մասին է, էսքան հարթակ կա ներկայացնելու իր գործը: Խնդիրը յուրաքանչյուրիս մեջ է: Թե մենք ինչպես ենք մեզ թրծում որպես գրողի, որպես աշխարհը ճանաչողի: Պիտի ընթերցի, պիտի ճանաչի՝ անցյալ, ներկա, ապագա, ինքնաճանաչողություն, ինքնակրթություն, ինքնազարգացում, որովհետև գրող լինելը մեծ ինստիտուտ է»:

Համաժողովի բանախոսներից մեկը՝ գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը «Ազատության» հետ զրույցում ևս մի քանի ուշագրավ դիտարկում արեց՝ կապված թե՛ երիտասարդ գրողնների, թե՛ նրանց ստեղծագործական զարգացման հետ․ - «Այն, որ այսօր երիտասարդ ստեղծագործողները, գրողները ակտիվ են, դա շատ ուրախալի է: Բայց այդ ակտիվության մեջ որակի խնդիր ենք տեսնում մենք, և դա գալիս է նրանից, որ էսօր երիտասարդ գրողները շատ քիչ են պարտաստված, քիչ են կարդում, միմյանց քիչ են կարդում: Եվ նրանք, օգտվելով էլեկտրոնային հարթակի տված հնարավորություններից, սոցցանցերի հնարավորություններից կամ իրենց ստեղծած բլոգներից, կարողանում են առանց որևիցե ֆիլտրացման, առանց խմբագրման տեսքտեր ներկայացնել: Դե, բնականաբար, կարողանում են որոշակի այսպես կոչված ուշադրության արժանանալ, և էդ ուշադրությունից ոգևորված, առանց աշխատելու․․․ չաշխատված տեքստերի առատություն է նկատվում այսօրվա երիտասարդ գրողների շրջանում: Կա տեքստի հետ չաշխատելու անփութություն: Երիտասարդ գրողը պիտի հասկանա, որ պատասխանատվություն է կրում, քանի որ գրիչ է վերցրել, թղթին է հանձնում և դա ներկայացնում է հանրությանը: Դա մեծ պատասխանատվություն է: Կան խմբագրություններ, կան մասնագետներ, այդ մասնագետների հետ համատեղ աշխատանք պետք է լինի: Այս ծաղկաձորյան հավաքների ժամանակ որոշակի փորձում ենք այդ աշխատանքներին մոտեցնել երիտասարդներին: Տեսնենք, ասենք, 30 կամ 35 երիտասարդից գոնե երկուսը դառնան: Ցանքսը առատ է, հունձքը ավելի սակավ է լինում: Բայց պիտի դա լինի էն ամենաոսկեկորիզ հունձքը»:

Հավելենք, որ այս համաժողովին ավանդաբար հրավիրվում են երիտասարդ գրողներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև Արցախից և Հայաստանի բոլոր մարզերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG