Մատչելիության հղումներ

Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունները


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ պաշտպանական կողմի միջնորդությունները:

Քոչարյանի պաշտպանական խումբը կասկածելի էր համարում, որ էլեկտրոնային եղանակով դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին:

Նշենք, որ այսօր դատական նիստի մեկնարկին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց՝ տեղեկություն ունեն, որ մեղադրյալ Քոչարյանը դատարան է մուտք գործում փակ գոտուց։

«Դատարանից, առնվազն պաշտպանության կողմից պարզաբանում եմ ակնկալում, թե դա ինչի՞ հիման վրա և ի՞նչ նկատառումներից ելնելով է կատարվում, և արդյո՞ք դա չի ենթադրում շփում գործը քննող դատավորի հետ», - ասաց Բաղդասարյանը։

Դատավոր Դանիելյանը փոխանցեց, որ ինքը նման հանձնարարական չի տվել և տեղեկությունն ավելի ուշ կճշտի. - «Նման կարգ իմ կողմից չի սահմանվել, ոչ մեկն ինձ չի դիմել, որպեսզի էդպիսի կարգ սահմանվի, կամ նման հնարավորություն ընձեռվի»։

Պաշտպանական կողմը հայտարարեց՝ հատուկ գոտուց Քոչարյանի մուտք գործելը պայմանավորված է անվտանգության խնդիրներով:

«Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացնում դատարանի կողմնակալության մասով, խնդրեմ, թող միանան մեր ինքնաբացարկին», - ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Նիստից հետո «Ազատություն»-ը Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքվեց՝ եթե Քոչարյանի կողմից հատուկ մուտքից օգտվելու հետ կապված ռիսկեր չեն տեսնում, ինչո՞ւ էին նման խնդրի մասին բարձրաձայնում, երբ առաջին ատյանի դատարանում դատավորի մուտքից էր ներս մտնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Դատախազն ու հանրապետության նախկին նախագահը նույն մակարդակի վրա չեն կարող լինել, նույն կանոնները չեն տարածվում դատախազի վրա, որոնք որ տարածվում են պաշտոնաթող նախագահի վրա», - ասաց Ալումյանը՝ շարունակելով. - «Դատախազությունը մի փոքր շփոթել է, դատախազությանը թվացել է, թե պարոն Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճում գտնվող այն դատավորի դռնից է ներս մտել, իրականում, պարոն Քոչարյանն այդտեղից չի ներս մտել, պարոն Քոչարյանը ներս է մտել ուրիշ դռնից»։

Նիստի ավարտին «Ազատության» հարցին, թե Սերժ Սարգսյանի հետ վերջերս ունեցած հանդիպման ընթացքում Մարտի 1-ի հարցը քննարկվե՞լ է, Քոչարյանը պատասխանեց, թե այսօր հարցերի պատասխանել տրամադրված չէ։ «Ես համաձայնվե՞լ եմ հարցազրույց տալ, ոնց որ՝ չեմ համաձայնվել։ Այսօր մտադրված չեմ որևէ բան ասելու», - ասաց պաշտոնաթող նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG