Եվրամիությունը աջակցում և հատուկ ուշադրությամբ է հետևում Հայաստանում հայտարարված դատական բարեփոխումներին, երեկ հայտարարել է միության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Հայտարարությունից ժամեր առաջ Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որի արդյունքում հայաստանցի և եվրոպացի դիվանագետներն ընդգծել էին՝ անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև տնտեսական զարգացման և օտարերկրյա ներդրումների համար:
«Եվրոպական միությունը հատուկ ուշադրություն է դարձնում դատական բարեփոխումներին, որոնց ևս անդրադարձ եղավ այսօր մեր քննարկման ընթացքում: Մենք աջակցում ենք սկսված աշխատանքին, որն ուղղված է Հայաստանի դատական համակարգի համապարփակ բարեփոխումներին՝ Հայաստանի Սահմանադրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան», - ասել է Մոգերինին:
Ողջունելով հայաստանյան վերջին զարգացումները, այդ թվում՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, Եվրամիությունը վերահաստատել է ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունների հետ սերտորեն համագործակցելու, Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Ըստ Բրյուսելից հնչող հայտարարությունների, հենց այդ բարեփոխումների արդյունքում եվրոպական ընտանիքը որոշել է ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:
«Հաշվի առնելով Հայաստանի կատարած քայլերը, ինչպես նաև անցած տարվա ժողովրդավարական բարեփոխումները, Եվրամիությունը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի այս տարի: Արդյունքում, այս տարվա ընթացքում միայն Հայաստանը 65 միլիոն եվրո կստանա՝ բարեփոխումների ու Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը արդյունավետ իրագործելու համար», - հայտնել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Երկկողմ հարաբերություններից բացի, երեկվա հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան խնդիրը: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի հանձնառությունը, հավելելով՝ պաշտոնական Երևանի համար առաջնային հարցերից մեկն է բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու ամրապնդումը:
Եվրամիության արտգործնախարարն էլ դիմել է բոլոր կողմերին՝ կոչ անելով հարգել առաջորդների ու արտգործնախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Հակամարտությունը արագ քաղաքական լուծման կարիք ունի, և Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, այդ թվում՝ Հարավային Կովկասում մեր սեփական ներկայացուցչի միջոցով: Կոչ ենք անում հակամարտության կողմերին խստորեն հարգել հրադադարը և հետևել առաջնորդների ու արտգործնախարարների վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին ու անցնել բովանդակալից քննարկումների: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք աջակցել կողմերի միջև վստահությունն ամրապնդող և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստող միջոցառումներին», - շեշտել է Ֆեդերիկա Մոգերինին:
Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի միջև Վիեննայում մարտի վերջին կայացած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին՝ «առաջնորդները կրկին պարտավորվեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը և բարելավել ուղիղ հաղորդակցություն հաստատելու մեխանիզմները, ինչպես նաև համաձայնեցին մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում»: