Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարության և Առողջապահական տեսչական մարմնի դիմակայությունը սրվում է


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան (Ձ) և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան (Ձ) և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյան

Առողջապահության նախարարը պատրաստվում է դիմել վարչապետին՝ կառավարությանը ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնավարման հարցը վերանայելու համար:

Այս տեսչական մարմինն օրերս 250 հազար դրամով տուգանել է Առողջապահության նախարարի նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի գովազդի համար:

Արսեն Թորոսյանն այստեղ միտում է տեսնում․ - «Նաև տեղի են ունենում տեսչական մարմնի աշխատողների կողմից տարբեր բուժհաստատություններում կիսաահաբեկման գործողություններ, որ ինչի եք էդ պատվաստումը անում և այլն: Ես էդ հարցը դրեմ եմ խորհրդի նիստին, և մենք խորհրդի անդամներով որոշել ենք տեսչական մարմնի պետի պաշտոնավարման հարցի քննարկումը ներկայացնել վարչապետին։ Որովհետև այսպես չի կարող շարունակվել, երբ որ տեսչական մարմինը հակադարձ գործողություններ է իրականացնում քաղաքականություն մշակող և իրականացնող մարմնին»:

Առողջապահական ծրագրերին խոչընդոտելու մասին նախարարի պնդումներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անհեթեթություն է որակել: Տեսչական մարմնի ղեկավարը
Էդգար Խուրշուդյանն «Ազատությանն» ասաց, որ խորհրդի նիստի ընթացքում անձամբ է փորձել նախարարից ճշտել, թե ովքեր են եղել այդ ճնշում գործադրող աշխատակիցները, բայց պատասխան չի ստացել:

Տեսչական մարմինը Թորոսյանի հայտարարությունից հետո հաղորդագրություն է տարածել, թե՝ նախարարը նախնական տեղեկություն ունի այն մասին, որ ստուգումներ են իրականացնում նաև իմունոկանխարգելման գործընթացի կազմակերպման ողջ շղթայում, և հավանաբար գիտակցելով հայտնաբերված խախտումների համար պատասխանատվության իր բաժինը՝ փորձում է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել տեսչական մարմնին:

«Եթե որոշակի գործընթաց ենք իրականացնում, որը իրականացվում է բազմաթիվ խախտումներով, դրա պատասխանատուն նախարարությունն է: Մեր կողմից կատարված վարույթների ընթացքում արձանագրված խնդիրը ոչ թե պետք է էսպես վատ ընդունվեր նախարարության կողմից, այլ հակառակը՝ փորձեին վերացնել դա», - նշեց Խուրշուդյանը:

Տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ բժիշկ Վահե Տեր-Մինասյանին տուգանել են «Առողջ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանի բողոքի հիման վրա: Խաչատրյանը մայրաքաղաքի նախկին ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ էր:

Էդգար Խուրշուդյան․ - «Տուգանքը եղել ա նրա համար, որ դեղատոմսով դուրս գրվող դեղի մասին տեղեկատվություն է տարածվել: Նմանատիպ դեղերի մասին ինֆորմացիա տարածելը ուղղակի արգելվում է: Դա իր մեջ ունի որոշակի պատճառներ և հիմնավորումներ: Տվյալ վերահսկողական գործառույթը տեսչական մարմնի գործառույթն է, և մենք գործել ենք բացառապես մեր կանոնադրական իրավունքների և հնարավորությունների սահմանում»:

Հայաստանյան հայտնի բուժհաստատություներից մեկի՝ Վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Վահե Տեր-Մինասյանը, որը Առողջապահության նախարարի նախկին խորհրդականն էր, պնդում է, որ այդ տեսչական մարմինն իրեն տուգանելու իրավունք չուներ: Նա ընդգծեց, որ ինքն իր ողջ թիմով ու բացառապես անվճար աջակցում է պետական այդ ծրագրին: Տեր-Մինասյանն ասաց, որ եթե իրեն որպես նեղ մասնագետ հրավիրել են հեռուստաընկերություն՝ խոսելու արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից, պապիլոմա վիրուսի վարակից ու դրա դեմ արվող պատվաստանյութի արդյունավետության մասին, ի՞նչ աներ, հանելուկներո՞վ խոսեր:

Նրա խոսքով, եթե տեսչական մարմինը միայն բողոքի հիմնա վրա տուգանում է մարդկանց, որոնք այդ պատվաստանյութի անունը երբևէ տվել են էկրանից, ապա իրենք կբողոքեն, թող տեսչական մարմինը բոլորին հերթով տուգանի․ - «Էն կառույցը, որը որ մյուսներին բոլորին թողնում ա մի կողմ և որոշում ա, որ հենց ինձ պիտի տուգանի։ Ասում է՝ որովհետև մենակ ձեր վրա են բողոքել: Իմ իրավաբանը կգրի բոլոր էն մարդկանց [անունները], ովքեր գարդասիլ բառը արտասանել են, բոլոր լրատվամիջոցները, որով որ խոսել են։ Հիմա բոլորին մենք կտանք, իրանց ստիպված կլինեն, ասենք, մի հիսուն լրատվամիջոց ու մի հիսուն անձ տուգանել: Ընդ որում, էդ տուգանվողների մեջ լինելու են նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, կարծում եմ, կարող է լինել վարչապետը, վարչապետի կինը: Մենք պատրաստ ենք անգամ իրավաբանական ծառայություն տրամադրել էդ տուգանվողներից բոլոր էն մարդկանց, ովքեր կուզեն, դատի կտան, ինչպես ես եմ անելու, և դատարանում կապացուցեն, որ էս տեսչությունը դրա իրավունքը չունի, կստանան համապատասխան ֆինանսական կոմպենսացիա պետական բյուջեից»:

Տեր-Մինասյանը պնդում է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ու իր տեղակալները նույնպես ուղիղ եթերում այդ պատվաստանյութի անունը տվել են, թող իրար վրա բողոք գրեն ու իրար տուգանեն:

Տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ասաց, որ օրենքի առաջ իրենք կաշկանդված չեն, բողոք լինի՝ կտուգանեն․ - «Մենք տարբերվում ենք նախորդ իրականությունից նրանով, որ որևէ մարմին՝ տեսչական կլինի թե նախարարություն կլինի, պետք է լինի անկաշկանդ և գործողությունները իրականացնի օրենքի սահմաններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG