Մատչելիության հղումներ

Կասկածելին շատ մեղմ բառ է՝ բնութագրելու այսօր առավոտյան տեղի ունեցածը. Իրանի ԱԳ նախարար


Օմանի ծոցում հարձակման ենթարկված նավթակիր նավերից մեկը, 13-ը մայիսի, 2019 թ.
Օմանի ծոցում հարձակման ենթարկված նավթակիր նավերից մեկը, 13-ը մայիսի, 2019 թ.

Օմանի ծոցում այսօր առավոտյան երկու նավթակիր նավ հարձակման է ենթարկվել, հաղորդումներ կան, որ մեկի՝ նորվեգական Front Altair-ի վրա մի քանի պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել, մյուսը՝ ճապոնական Kokuka Courageous-ը, ըստ սեփականատեր ընկերության, երկու ժամվա ընթացքում երեք անգամ ընկել է կրակահերթի տակ։

«Մեր ստացած նախնական տեղեկությունների համաձայն, մեր նավը, որը Հորմուզի նեղուցով ուղևորվում էր դեպի Ասիա, ռմբակոծվել է: Հարվածից հետո մեր անձնակազմը տեսել է այլ նավեր, որոնք ևս ընկել են կրակի տակ, և շրջանցել ճանապարհը՝ հարվածներից խուսափելու համար: Երեք ժամ անց նավը երկրորդ անգամ է ռմբակոծվել, ինչից հետո անձնակազմը եզրակացրել է, որ իրավիճակը շատ վտանգավոր է, և որոշել է հեռանալ փրկարար նավակներով», - նշել է KOKUKA SANGYO ընկերության նախագահ Յութակա Կատադան:

Հաղորդվում է, որ երկու նավերի բոլոր՝ 44 նավաստիներին հաջողվել է տարհանել, զոհեր չկան, մանրամասներն ու պատճառները մինչ այս պահը շատ մշուշոտ են:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Պարսից ծոցը Հորմուզի նեղուցին կապող, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքում, որով միլիոնավոր դոլարների նավթ է փոխանցվում: Ընդ որում, սա տեղում վերջին մեկ ամսում արձանագրված արդեն երկրորդ նման միջադեպն է. անցած մայիսին էլ Օմանի ծոցում հարձակման էին ենթարկվել Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի ու Նորվեգիայի 4 նավթակիրներ։ Միացյալ Նահանգները կատարվածի համար Թեհրանին էր մեղադրել:

Այսօրվա հարձակումից հետո Նորվեգիան է սլաքներն ուղղել Իրանի կողմը, պաշտոնական Օսլոն հայտարարություն է տարածել՝ հորդորելով նորվեգական ընկերություններին զերծ մնալ Իրանի տարածքային ջրերից:

Թեհրանը, ինչպես և անցած ամիս, այսօր էլ կտրականապես հերքում է մեղադրանքները: Արտգործնախարարը «Թվիթեր»-ում փաստել է.- «Ճապոնիայի հետ առնչություն ունեցող նավը հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ այդ երկրի վարչապետը բովանդակալից և բարեկամական զրույց էր վարում այաթոլա Խամենեիի հետ»:

«Կասկածելին շատ մեղմ բառ է՝ բնութագրելու այսօր առավոտյան տեղի ունեցածը», - պնդել է Մուհամադ Ջավադ Զարիֆը:

Մեկը մյուսին հաջորդող միջադեպերը տեղի են ունենում Վաշինգտոնի ու Թեհրանի միջև սրված հարաբերությունների ֆոնին, երբ կողմերը հրապարակավ չեն բացառում տարաձայնությունները ռազմական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը: «Եթե ինչ-որ բան պատահի, Իրանի համար շատ վատ կլինի», - անցած ամիս նավթակիրների վրա տեղի ունեցած հարձակումից հետո հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը՝ նշելով. - «Եթե նրանք իսկապես ինչ-որ բան ձեռնարկեն, կտեսնեն՝ իրենց հետ ինչ կլինի. շատ-շատ կտառապեն»։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին էլ այսօր, ընդունելով միջնորդական ջանքերով Թեհրան եկած Ճապոնիայի վարչապետին, պնդել է՝ Թրամփը անկեղծ չէ, Թեհրանը նրան փոխանցելու որևէ ուղերձ չունի։

«Մենք վստահ ենք, որ Ամերիկայի հետ բանակցություններով մեր ունեցած որևէ խնդիր չի լուծվելու, ամերիկացիները իրենց թշնամու պես են պահել Իրանի նկատմամբ և այսօր էլ շարունակում են: Այն դեպքում, երբ աշխարհում որևէ ազատ երկիր չի կարող համաձայնել բանակցություններին, եթե դա առաջարկվում է ճնշումների ներքո», - ասել է այաթոլա Ալի Խամենեին:

Մի շարք գերտերություններ շտապել են կողմերին զսպվածության կոչեր անել: «Այժմ տեղում իրավիճակը այնքան պայթյունավտանգ է, որ ցանկացած սխալ հաշվարկ կամ թյուրըմբռնում կարող է շատ մտահոգիչ հետևանքներ ունենալ», - հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախար Սերգեյ Ռյաբկովը:

Հարձակումները ծայրահեղ մտահոգիչ են, իր հերթին փաստել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, ով շաբաթասկզբին էր մեկնել Իրան՝ լարվածությունը թուլացնելու համար:

«Գնահատականներ հնչեցնելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ տեղեկատվություն ստանալ կատարվածի վերաբերյալ: Այս դեպքերը հակասում են այն մթնոլորտին, որի կարիքը մենք հիմա ունենք առանց այդ էլ լարված այդ տարածաշրջանում: Դա ակնհայտ դարձավ իմ վերջին այցի ընթացքում, և ես բոլոր կողմերի համար ընդգծեցի, որ լարվածության հավելյալ սրացումը խիստ վտանգավոր է», - նշել է Գերմանիայի արտգործնախարարը:

ՄԱԿ-ը ևս խստորեն դատապարտել է կատարվածն ու զսպվածության կոչ հնչեցրել, Եվրամիության արտգործնախարարի խոսնակը փաստել է՝ «տարածաշրջանը լարվածության ու ապակայունացնող հավելյալ զարգացումների կարիք չունի»:

Մինչ միջազգային համայնքը սառնասրտության կոչեր է անում, նավթի միջազգային շուկան կատարվածին բավական բուռն է արձագանքում: Այսօր՝ շուրջ հինգ ամիս շարունակված գնանկումից հետո նավթը միջազգային շուկաներում մոտ չորս տոկոսով թանկացել է: Փորձագետները փաստում են՝ շուկայի խաղացողները մտավախություն ունեն, որ Նահանգների և Իրանի միջև խորացող ճգնաժամի հետևանքով նավթի արտահանումը առանցքային այդ տարածաշրջանից կարող է հայտնվել վտանգի տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG