Մատչելիության հղումներ

Գևորգ Ղազարյան․ Երկու շատ լավ հաղթանակներ ունեցանք


«Եվրո 2020»-ի ընտրական փուլի շրջանակում կայացած Հունաստան - Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Գևորգ Ղազարյանի գնահատմամբ՝ այդ խաղում Հայաստանի ընտրանու կազմում լավագույնն էին բոլորը․ - «Ոչ թե ինձ համար, կարծում եմ, բոլորի համար տպավորությունները, բնականաբար, դրական են, քանի որ երկու շատ լավ հաղթանակներ ունեցանք»:

Հայաստանի հավաքականի 10 համարի խոսքով, Հունաստանի և Լիխտենշտեյնի դեմ տարած հաղթանակներից հետո թիմի և հայ երկրպագուների ոգևորությունը մեծացել է․ - «Ինտերնետի միջոցով հետևում, անընդհատ նորություններ եմ տեսնում, թե որ դիրքում ա հիմա Հայաստանի հավաքականը գտնվում, ինչպիսի շանսեր ունենք մենք խմբից դուրս գալու համար: Դա լավ ա, ժողովուրդն ուրախանում ա, բայց կարծում եմ, դեռ շատ շուտ ա»:

Ղազարյանը նշեց, որ երկրպագուներն արդեն սպասում են Իտալիայի և Սերբիայի հավաքականների դեմ սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին և դրական ակնկալիքներ ունեն․ - «Շատ ա սպասումը, որ պետք ա շարունակենք նույն կերպ: Դա մեզ նույնպես մոտիվացնում ա: Ճիշտ ա, արդեն սպասում են, որ պետք ա լավ խաղ լինի, հաղթանակ լինի, բայց, կարծում եմ, պետք չի ամեն անգամ նույն սխալն անել, և մեկ-երկու հաղթանակից հետո մտածել, որ խմբից պետք է դուրս գանք, մենք ուժեղ ենք Իտալիայից կամ Բոսնիայից»:

Ֆուտբոլիստն «Ազատությանը» հայտնեց, որ ի սկզբանե ֆեդերացիայի ղեկավարությունն ու գլխավոր մարզիչը «Եվրո 2020»-ի ընտրական խմբից դուրս գալու խնդիր չէին դրել:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցեն ընտրական խմբերի լավագույն երկու հավաքականները, ևս չորս ուղեգիր էլ կխաղարկվի ազգերի լիգայի շրջանակում:

«Ես անկեղծ պետք է նշեմ, որ մենք այս պահին չունենք այն հավաքականը, որը որ պետք ա խնդիր դնի Իտալիայից ու Բոսնիայից առաջ անցնելու: Կարա դնի խնդիր, բայց դա իրական չէ նույնիսկ Հունաստանի համար», - ասաց Ղազարյանը։

2015-ից Պորտուգալիայում հանդես եկող Ղազարյանը այս պահին ակումբ չունի: Նրա վերջին ակումբը «Շավիշն» էր, որը այս մրցաշրջանում դուրս մնաց առաջին լիգայից և տեղափոխվեց երկրորդ դիվիզիոն, և ֆուտբոլիստը որոշեց երկկողմ համաձայնությամբ խզել պայմանագիրը․ - «Հանդիպում ունեցա պրեզիդենտի հետ, ասեց՝ դու պետք ա որոշես: Եթե ուզում ես մնաս, մենք միայն ուրախ կլինենք: Մի քիչ չուզեցի մնամ երկրորդ լիգայում»:

Ղազարյանի խոսքով, այլ ակումբներից առաջարկներ ունի, բայց դեռ որոշում չի կայացրել․ - «Անկեղծ ասած, ուզում եմ մնալ Պորտուգալիայում, բայց շատ հանգամանքներ կան, որ պետք ա հաշվի առնեմ, հավասարակշռեմ, թե որ տարբերակն ա իմ և ընտանիքիս համար ավելի հարմար: Ընտանիքս խոսում է պորտուգալերեն, էրեխեքի համար հեշտ էր, արդեն դպրոց մանկապարտեզ էին գնում էնտեղ: Առաջնությունն ինձ դուր է գալիս, շատ բարձր մակարդակի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG