Օմանի ծոցում երկու նավթակիր նավեր հարձակման են ենթարկվել, նավաստիներին հաջողվել է տարհանել:
Բահրեյնում տեղակայված ամերիկյան 5-րդ ռազմական նավատորմը նավեր է ուղարկել Օմանի ծոց այն բանից հետո, երբ նավթակիրներից աղետի ազդանշան է ստացել:
Պարսից ծոցին Հորմուզի նեղուցով միացող Օմանի ծոցում մեկ ամիս առաջ հարձակման էր ենթարկվել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող 4 նավթակիր:
Այսօրվա միջադեպի մասին ստացվող դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն՝ առնվազն մեկ նավթակիր խոցվել է ինքնաշարժ ջրականով (տորպեդո):
Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նորվեգական Front Altair նավթակիրը հարձակման ենթարկվելուց հետո, ըստ Reuters գործակալության, ջրասույզ է եղել:
21-հոգանոց անձնակազմը տարհանվել է օգնության եկած Coastal Ace նավի օգնությամբ: Նավաստիներից մեկը թեթև վնասվածք է ստացել: Ենթադրվում է, որ նավը մոտ 75 հազար տոննա հում նավթ է կրել:
Երկրորդ նավթակիրի՝ Պանամայի դրոշի ներքո նավարկող Kokuka Courageous-ի նավաստիներին տարհանել է օգնության եկած Hyundai Dubai նավը:
Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները մայիսին տեղի ունեցած միջադեպի համար Իրանին են մեղադրել: Իրանը կտրականապես հերքել է միջադեպին առնչությունը: