Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բաղդասարյան․ «Չես կարող գտնել Հայաստանում ՍԴ դատավորի թեկնածու, որը որևէ մարդու հետ շփում չունենա»


Ազգային ժողովում ընտրություններից առաջ խմբակցությունների հետ հանդիպումներ է սկսել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում Հայաստանի նախագահի առաջադրած թեկնածու, հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա երեկ հանդիպել է «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներին, այսօր էլ պատրաստվում է հանդիպել իշխանական «Իմ քայլը» խմբակցության հետ:

Գրիգորյանի ընտրությունը մեկ անգամ՝ դեռ հանրապետական մեծամասնության օրոք, նախկին խորհրդարանում, տապալվել էր: Ազգային ժողովը նախագահի ներկայացրած ևս երեք թեկնածուի է մերժել:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ չի կիսում «Լուսավոր Հայաստան»-ի մտահոգությունները՝ կապված Վահե Գրիգորյանի թեկնածության հետ:

Հակադարձելով «Ազատության» հետ զրույցում «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի հնչեցրած այն մտահոգությանը, որ Վահե Գրիգորյանն օրենքի խախտմամբ է առաջադրվել, քանի որ, ըստ օրենքի, պետք է նոր թեկնածու առաջադրվի, մինչդեռ Գրիգորյանը մեկ անգամ արդեն առաջադրվել էր նախագահի կողմից, Բաղդասարյանը ասաց․ - «Խնդիրը ինչում է կայանում՝ որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված են, թե ովքեր չեն կարող Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածու, այսինքն՝ էդ շրջանակը հստակ Սահմանադրությամբ սահմանված է: Մեր օրենսդրությամբ՝ էդ շրջանակը կարող է սահմանված լինել բացառապես Սահմանադրությամբ, այսինքն՝ հանրապետության նախագահի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ: Հետևաբար՝ իրենց հարցի պատասխանը պետք է լինի բացառապես Սահմանադրության մեջ․ Սահմանադրության մեջ որևէ արգելք չկա: Եթե օրենքը ասում է նոր թեկնածու, և էդ նոր թեկնածուն իրենք կարող են մեկնաբանել այնպես, որ հակասի Սահմանադրությանը, գործում է Սահմանադրությունը, և իրենք իրավաբաններ ունեն իրենց կազմում՝ էդ իրավաբանները կարող են պարզաբանել․ եթե օրենքը հակասում է, օրենքի մեկնաբանությունը անգամ տրվող, հակասում է Սահմանադրությանը, գործում է Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրությունը ունի ավելի բարձրագույն արժեք, ուժ, քան ավելի ստորադաս օրենքը»:

«Լուսավոր Հայաստան»-ի մյուս մտահոգությանը, թե Վահե Գրիգորյանը մտերիմ կապեր ունի իշխանության հետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն այսպես արձագանքեց․ - «Նաև մյուս հարցի պատասխանը նույն տրամաբանության մեջ եմ ուզում տամ, որ ինձ թվում է, որ Վահե Գրիգորյանին ավելի շուտ ճանաչել է պարոն Մարուքյանը, քան, օրինակ, ես կամ վարչապետը: Որովհետև մենք բոլորս եղել ենք փաստաբաններ, և ի սկզբանե Վահե Գրիգորյանը եղել է փաստաբան, և ես ինչպես ճանաչում եմ պարոն Մարուքյանին, ավելի շուտ, քան Նիկոլ Փաշինյանին, դա, չեմ կարծում՝ որևէ ծանոթություն, բարեկամություն, ընկեր լինելը կամ ընկերական հարաբերությամբ շփվելը կարող է խոչընդոտել ինձ աշխատելու, օրինակ, դատավոր կամ փաստաբան»:

«Չէ, որ նա մտերիմ հարաբերություններ ունի իշխանությունների հետ, և կարող է հետո այդ մտերմությունը կաշկանդել իրեն որպես դատավոր», - «Ազատության» այս դիտարկմանը Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց․ - «Եթե ինքը այդպիսի երևույթ կա, ինձ թվում է՝ Վահե Գրիգորյանի պարկեշտությունը այն աստիճանի է, որ ինքը կհրաժարվեր էդ պաշտոնից: Այսինքն՝ մարդու անձով է պայմանավորված: Հետևաբար՝ չես կարող գտնել Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական դատավորի թեկնածու, որը որևէ մարդու հետ շփում չունենա, որևէ մտերմություն կամ ընկերական հարաբերություն չունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG