Մատչելիության հղումներ

Դատավորը մեկ օր ժամանակ տվեց Քոչարյանի պաշտպաններին՝ գործի նյութերին ծանոթանալու համար


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 12-ը հունիսի, 2019թ.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 12-ը հունիսի, 2019թ.

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման և գործի կասեցման դեմ բերված բողոքների քննությունն այսօր հետաձգվեց։

Դատավոր Արմեն Դանիելյանը մասնակիորեն բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և նրանց մեկ օր ժամանակ տրամադրեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Փաստաբանները նշեցին, որ գործի նյութերն ավելացել են՝ դառնալով 88 հատոր։

2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահը այս անգամ էլ հրաժարվեց խոսել լրագրողների հետ։

Մոտ 2,5 ժամ տևած նիստի սկզբում փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին։ Մեղադրյալ Քոչարյանը ևս միացավ այս միջնորդությանը։

Երկրորդ նախագահը հայտարարեց՝ հանցագործություն է տեղի ունեցել՝ դատավորին հորդորելով ինքնաբացարկ հայտնել։ Ըստ Քոչարյանի պաշտպանական կողմի, կասկածելի է, որ էլեկտրոնային մակագրությամբ դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին։

«Ես ուղղակի հորդորում եմ ձեզ հասկանալ նաև, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չի առանց..., բավական լուրջ է ներկայացված հանգամանքները, ես ծանոթ եմ այդ քննիչի նյութերին, դա ուղղակի նկարած բան է, մեկը նստել է հավաքել և ներկայացրել, կոմպյուտերի միջամտությունը կարծում եմ եղել է, և նույնիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու են այդ համակարգչի մեջ և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվում։ Էն գլխից այս ամենը բացառելու համար, հորդորում եմ Ձեզ՝ առանց անդրադառնալու, առանց անձնավորելու, բայց հանգամանքները այսպիսին են, որ ես հորդորում եմ Ձեզ, որ ընդունեք ինքնաբացարկի միջնորդությունը», - ասաց Քոչարյանը։

Ալումյանն էլ հարց ուղղեց դատավորին. «Ինչպե՞ս են այդ երկու տարբեր բողոքները հանձնարարվել Ձեզ»։

Ըստ պաշտպանական կողմի, այս երկու բողոքները տարբեր են և պետք է մակագրվեին որպես առանձին գործեր։

«Մեր դիտարկմամբ՝ դա տեղի է ունեցել ելնելով Ձեր անձի առանձնահատկություններից, հավանաբար էն ընթացակարգերը, որոնք որ կիրառվել են, էն անձինք, ովքեր որոշել են, որ գործը պիտի քննեք Դուք, նկատի են ունեցել, որ Դուք էն դատավորն եք, ով առավել հազվադեպ է կայացնում այնպիսի դատական ակտ, որը հակասի դատախազության դիրքորոշումներին», - նշեց Ալումյանը։

Այս հարցի հետ կապված արդեն դատական նիստից հետո փաստաբան Արամ Օրբելյանն ասաց՝ հիմք ունեն ենթադրելու, որ տեղի է ունեցել խախտում։ Ըստ Օրբելյանի՝ Քոչարյանի խափանման միջոցի և գործի վարույթը կասեցնելու որոշումները մակագրվել են դատավորին մեկ գործընթացով՝ մեկ փաթեթում, այնինչ դրանք պետք է մակագրվեին առանձին-առանձին։

«Համակարգչային ծրագրում երբ որ կատարվում է ինչ-որ փոփոխություն, որպես կանոն՝ կա մի հատ առանձին մատյան, որտեղ երևում է, որ այս օգտագործող անունով անձը մտել է, կատարել է հետևյալ գործողությունը, համակարգիչը կատարել է այդ գործողությունը, մենք դա չենք ստացել։ Հիմա մենք խնդրել ենք դատարանին դա տրամադրել, որպեսզի կարողանանք վերլուծել՝ ե՞րբ է մուտք եղել գործը, արդյո՞ք նույն ժամին է եղել, թե՞ նույն ժամին չի մուտք եղել, արդյո՞ք մուտք լինելուց հետո մակագրվել է ավտոմատ կերպով, թե՞ ոչ ավտոմատ կերպով, արդյո՞ք ինչ-որ արհեստական մակագրում է եղել, թե՞ չէ, արդյո՞ք որոշ դատավորներ հանվել են մակագրման համակարգից, թե՞ չէ, դրանք երևում է։ Եթե դա չկա, համապատասխանաբար մենք չենք կարողանում գնահատենք։ Ենթադրում եմ՝ պարոն Քոչարյանը հենց դրա մասին է խոսում», - ընդգծեց Օրբելյանը։

Օրբելյանը նշեց՝ ակնկալում են, որ Վերաքննիչ դատարանը կմերժի բողոքները. «ՍԴ դիմելու որոշումը դատարանի սուվերեն իրավունքն է։ Ցանկացած դատական ատյան, որ գործ է քննում, մինչև այդ դատախազությունը երբ որ գործը քննում է, իրավունք ունի դիմել ՍԴ, և դա ենթակա չի վերանայման որևէ այլ ատյանի կողմից, բացի Սահմանադրական դատարանի կողմից»։

Վերաքննիչ բողոք են ներկայացրել մեղադրող կողմն ու Մարտի 1-ի տուժողների ներկայացուցիչները։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը վերաքննիչ ատյանից պահանջում է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը գործի վարույթը կասեցնելու մասին և գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ այն ըստ էության քննելու համար։ Միաժամանակ, դատախազ Պետրոսյանը նաև պահանջում է հաստատել դատավոր Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու հիմքերի բացակայությունը։ Դատախազը Վերաքննիչ դատարանից պահանջում է նաև կալանավորել մայիսի 18-ին կալանքից ազատ արձակված Հայաստանի երկրորդ նախագահին։

Տուժող կողմը ևս փաստաբաններ Վահե Գրիգորյանի և Սեդա Սաֆարյանի միջոցով պահանջում է Վերաքննիչից կալանավորել Քոչարյանին և բեկանել գործը կասեցնելու մասին որոշումը։

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը ներկա էր նիստին, հայտարարեց՝ մակագրման գործընթացին միջամտելը հանցագործություն է, և կասկածներով դատարանին տանել ինքնաբացարկի՝ անլրջություն է։ Մեղադրող կողմը նաև խնդրեց իրենց տալ Ալումյանի միջնորդության օրինակը՝ առերևույթ հանցագործության հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Դատարանի բակում լրագրողների հետ հարցազրույցում Դավթյանն ասաց՝ Մարտի 1-ի գործով հազարից ավելի անձ է հարցաքննվել։

Անդրադառնալով Քոչարյանի՝ ազատության մեջ մնալու հարցին, Դավթյանն օրինակ բերեց Եվրոպական դատարանի որոշումներից. «Եվ մենք էսօր մեղսագրել ենք մեղադրյալ Քոչարյանին մի արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ տեղի է ունեցել էդ իրադարձությունները, և այդ իրադարձություններին ներգրավված են եղել նրա հետ ծառայողական և այլ կախվածություն ունեցող բազում անձինք, պարզ է, որ մեծ է հավանականությունը։ Բազմաթիվ Եվրոպական դատարանի ակտեր ենք մեջբերում, որոնց պայմաններում հենց էդ պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, նույնիսկ՝ նախկինում, Եվրոպական դատարանը շատ նորմալ է գնահատում, որ էսպիսի իրավիճակում ռիսկը ապօրինի ներգործության մեծ է»։

Մարտի 1-ի տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ հայտնելով՝ փորձում է շեղել իրենց։ Չի բացառվում, սակայն, որ Սաֆարյանը ևս ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնի։

«Ես առայժմ ուսումնասիրում եմ 2008 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում այս դատավորի և այս դատարանի, նաև Եվրոպական դատարանում այս դատավորի հետ կապված գործերի ամբողջ էդ շղթան, և կարծում եմ, որ ինձ հետաքրքրող նյութերը կհայտնաբերեմ։ Այս մեկ օրը կօգտագործեմ իմ դիրքորոշումները հստակեցնելու համար», - ասաց Սաֆարյանը։

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 14-ին։

Մայիսի 18-ին Ղարաբաղի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելով, դատավորը անմիջապես էլ կասեցրել էր գործի վարույթը, այն ուղարկել էր ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։

Քոչարյանի և երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործով առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG