«Մենք չենք կարող պահանջել, որ այդ տեսակ ավտոբուսների մեջ գունավոր բաբոչկայով վարորդներ լինեն, թրաշված և ոսկե կոճակներով», - ասաց Բաբայանը՝ հավելելով, որ ահավորը կանանց արձագանքն էր:
Միկրոավտոբուսի մյուս ուղևորները՝ բոլորը կանայք, միահամուռ հարձակվեցին վարորդին պահանջ ներկայացրած Անի Խաչատրյանի վրա, թե՝ թողեք թող քշի, տաքարյուն տղամարդ ա։ Իսկ Խաչատրյանին անվանեցին «գործ տվող, անբարոյական»:
«Լկտիությունը կհասնի այն աստիճանի, որին մենք թույլ կտանք, որ ինքը հասնի: Եթե կանայք իրենք չպաշտպանեն իրենց շահերը, հակառակը՝ համարեն, որ ճիշտը այս տեսակ տղամարդու կերպարն է, իսկ կինը միշտ ստորադասված է, ձայն չհանող, ամեն մի լկտիության, ամեն մի գռեհկության դիմացող, քանի որ դա տղամարդ է ասում, մենք միշտ այդ վիճակը կունենանք», - նշեց Ռուբեն Բաբայանը:
Տրանսպորտում չծխելու կնոջ օրինական պահանջը ինչո՞ւ այդպիսի դիմադրության արժանացավ: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով, եթե նման դիտողություն տղամարդն աներ, հարցն այդքան չէր սրվի․ - «Տղամարդը հավասարը հավասարին է խոսում: Տղամարդը կասեր՝ մի ծխի, նա էլ կարող ա շուռ գար, ասեր՝ ապեր ջան, հեսա հանգցնում եմ: Իսկ տղամարդուն կարգի հրավիրող կամ որևէ նախադասությամբ անհանգստացնող կինն արագ պիտակավորվում է, դառնում շառ»:
Երթուղայինում ոչ մի կին չի միանում բոլորի անունից բողոքող կնոջը: Զարուհի Հովհաննիսյանը նկատում է ՝ նրանք էլ բռնության մշակույթի մաս են․ - «Եվ նրանք վերարտադրում են այդ մշակույթը, որը հայրիշխանական է․ տղամարդը գտնվում է վերևում, նա կարող է անել ցանկացած բան, և նրան որևէ մեկը, հատկապես կինը իրավունք չունի դիտողություն անել և նրան խանգարել»:
Երևանի ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանին հունից հանում է հատկապես «գործ տվող» արտահայտությունը: Նրա խոսքով՝ վարորդին պահանջ ներկայացնող կինը քաղաքացի էր, գործ տվող դարձավ․ - «Անհասկանալի էր, թե ինչու էին սիրաշահում վարորդին: Չէ՞ որ այդ աղջիկը նաև իրենց շահերն էր պաշտպանում: Եվ չգտնվեց էդ սալոնում մեկ գիտակից քաղաքացի, որ ասեր՝ ժողովուրդ, էս ինչ եք անում»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի սոցիալ տնտեսական իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթև Թոխյանը ոչ մեկին չի մեղադրում․ եթե որևէ մեկը կատարյալ վարքագիծ չունի, այս դեպքում, օրինակ, վարորդը նույնիսկ հասարակական տրանսպորտ վարելու իրավունք չուներ, իսկ մարդիկ նրա խոսքի ու պահվածքի նրբերանգներն են քննարկում:
Թոխյանը կարծիքով, պետք է տրանսպորտային նորմալ համակարգ ու դրա նկատմամբ վերահսկողություն․ - «Եթե չի գործում համակարգ, միշտ այդ խնդիրը պիտի լինի: Որովհետև միշտ չեն լինելու կատարյալ մարդիկ, որ կատարյալ վարքագիծ կդրսևորեն»:
Տրանսպորտային ռեֆորմ քաղաքային իշխանությունը խոստանում է երկու տարվա ընթացքում։
Ուղևոր թե հետիոտն, պետք է աշխատեն իրենց արժեքային համակարգը ռեֆորմի ենթարկելու մասին․ Ռուբեն Բաբայանը հորդորում է աշխատե, այդ ուղղությամբ․ - «Եթե պահում ես քեզ ստրկատիրական վիճակի մեջ, այդ գողական արժեքային համակարգի մեջ որևէ բան չի փոխվի՝ ուզում է տաս հատ Նիկոլ փոխվի, կամ տաս հատ Սերժ: Մենք չենք փոխվում: Մենք համարում ենք, որ պետք է ունենանք այ էդ տեսակ գազել, էդ տեսակ վարորդ, մի ամբոխ էդ տեսակ կանայք, որոնք քարոզեն այ էդ տեսակ արժեքային համակարգ»: