Մատչելիության հղումներ

Առողջապահական և աշխատանքային տեսչական մարմնի աշխատանքային խումբը «Սաստեքս»-ում ստուգումներ է անցկացնում


«Սաստեքս»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում, մայիս, 2019թ․
«Սաստեքս»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում, մայիս, 2019թ․

«Սաստեքս» կարի գործարանի դռներն այսօր բացվեցին, բայց ոչ թե հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցների, այլ Առողջապահական և աշխատանքային տեսչական մարմնի աշխատանքային խմբի առջև:

Աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացնում աշխատակիցների բողոքներից ու զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից հետո հարուցված վարույթի շրջանակներում: Աշխատակիցները իրենց դժգոհություններն ու բողոքները գրավոր ներկայացրեցին:

Դեկտեմբերին Գյումրիում տեքստիլ ընկերությունը բացած գործարար Քրիստիան Գելեջին այսօր էլ գործարանում չէր, նա այս ընթացքում որևէ պարզաբանում չի ներկայացրել․ շինարարության պատասխանատու Ներսես Տասչյանն ասաց, որ վատառողջ է, բայց Հայաստանում է: Տասչյանը անընդմեջ բողոքող աշխատակիցներին մեղադրում էր, թե սուտ են խոսում, մի քանի աշխատակից էլ պաշտպանում էին գործատուին, ու լարված իրավիճակ էր ստեղծվել:

Աշխատակիցների բողոքները չեն փոխվել՝ աշխատանքային նորմալ պայմաններ են պահանջում, և ամենագլխավորը՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված մինիմալ 55 հազար դրամից ոչ պակաս աշխատավարձ:

«Ամենքս մեր բողոքն ենք ներկայացրել, ինչի՞ համար՝ աշխատավարձը ցածր ստանալու։ Անձամբ ես շատ վատ վիճակով հիվանդանոցից հետո, հաշվի չառնելով, եկել աշխատել եմ, որ աշխատավարձ ստանամ, բայց որ ստացել եմ 22 հազար ու հիմա էլ էսօր նորից առավոտ մեզ կանչել են ու ասում են՝ եթե համաձայն եք էդպես վճարվելու, անցեք աշխատանքի, եթե չէ՝ չէ, մենք համաձայն չենք, առաջինը՝ ես», - նշեց աշխատակիցներից մեկը։

Գործատուն այժմ պայմանագրի նոր օրինակն է նախապատրաստում: Ներսես Տասչյանն ասում է՝ հաշվի կառնեն աշխատակիցների պահանջները, բայց բացառեց, թե մի քանի օր կտրամադրեն՝ փաստաթղթում ամրագրված նոր պայմաններին ծանոթանալու համար:

«Ամեն մեկի պատճառը ուրիշ տեսակ է. մեկն ասում է՝ ես մինիմալ եմ ուզում, մյուսն ասում է՝ պայմանագիրը առաջ բերեք նայենք։ Մինչև բերենք, հատիկ-հատիկ տանք, մարդը երկու օր, երեք օր գնա սերտի, ժամ կանցնի», - նշեց Տասչյանը։

Նա խիստ վրդովվել էր, երբ աշխատակիցները պնդել էին, թե հերիք չէ գրոշներ են ստանում, նաև թունավոր կտորներով են աշխատում, ինչի հետևանքով առողջական խնդիրներ են ձեռք բերում:

«Սուտը չեմ ընդունում, որ թունավոր կտոր կա, սխալ բաները լավ չի», - ընդգծեց Տասչյանը։

Բայց փաթեթավորող բանվորը խոստովանեց, թե թունավոր կտորներ այլևս չկան. «Կտորները արտադրվել գնացել են, արդեն դրանք անցյալում են, էլ չկան»։ «Ազատության» հարցին՝ իրենք իմացե՞լ են, որ թունավոր կտորով են աշխատում, պատասխանեց. «Չէ, ով որ թունավորվել են, դրանք առողջական խնդիրներ են ունեցել, դրա համար վատացել են։ Ես էս տարիքին առողջական խնդիր չունեմ, չեմ էլ վատացել»։

Երբ վերջինս ասաց, թե 30 հազար դրամ աշխատավարձ է ստացել մայիսին, իսկ այս ամիս ավելին կլինի, այստեղ աշխատակիցները միջամտեցին:

Առողջապահական և աշխատանքային տեսչական մարմնի ստուգումները կավարտվեն հունիսի 21-ին, ավարտին արձանագրություն կկազմեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG