Մատչելիության հղումներ

Դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել մեր կողմի նկատմամբ. Արսեն Թորոսյան


«Դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել մեր կողմի նկատմամբ», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ազատություն». - Կա առաջին ատյանի դատարանի վճիռ, որ Դուք պարտավոր եք ներողություն խնդրել Արա Մինասյանից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի [նախկին] տնօրենն է և Սերժ Սարգսյանի խնամին, Դուք պատրա՞ստ եք դա անել ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ, ինչպես դատարանի վճռում է նշված։

Թորոսյան. – Ես ասել եմ, որ էն, ինչ որ ասել եմ, ուժի մեջ է, և մենք իրավական պրոցեսով շարունակելու ենք գործընթացը՝ փաստաբանիս հետ բողոքարկելով վճիռը բոլոր ատյաններում։ Համարում ենք, որ վճիռը իրավաչափ չէ, և դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել մեր կողմի նկատմամբ՝ թույլ չտալով ներկայացնել այն բոլոր ապացույցները, որոնք որ դրված են եղել իմ խոսքերի հիմքում, և այդ ամեն ինչը ներկայացվելու է վերին ատյաններում արդեն։

«Ազատություն». – Պարոն նախարար, բայց այդ ապացույցները առանձին քրեական գործով քննվում են, չէ՞, և քանի դեռ Արա Մինասյանը օրինական ուժի մեջ մտած վճռով մեղավոր չի ճանաչվել ինչ-որ հանցագործության մեջ, Դուք ինչպե՞ս եք նրան անվանում բանդայի պարագլուխ։

Թորոսյան. – Նախ՝ իմ խոսքերի մեջ և դատական պրոցեսում դա ներկայացվել է, անուններ չեն տրվել ընդհանրապես, երկրորդը՝ մենք ասել ենք, որ խոսքերը վերաբերում են մարդուն, ով օրինական դատարանի վճռի մեջ մտած վճռով մեղավոր կճանաչվի հենց այդ քրեական գործում։

«Ազատություն». – Բայց ֆեյսբուքյան ուղիղ եթերում, երբ ասում էիք՝ պայքարում եք, որպեսզի բանդայի պարագլուխը իր աթոռից զրկվի, չէիք ասում, չէ՞, օրինական ուժի մեջ մտած վճռի դեպքում։

Թորոսյան. – Պետք է նայել տեսանյութը ամբողջությամբ և նայել, թե ում է ուղղված իմ խոսքերը։ Ամեն դեպքում՝ այն, որ էնտեղ եղել են խախտումներ ու այդ խախտումների մասին իմ բոլոր մեջբերումները ճիշտ են, ես հաստատում եմ և հետ չեմ կանգնելու իմ խոսքերից։

«Ազատություն». – Բայց որ Դուք մի քիչ շտապել եք, դա չե՞ք ընդունում։

Թորոսյան. – Դա գնահատողական խոսքեր են եղել մի տնօրենի հասցեին, ով որ նման չարաշահումներ է թույլ տվել, ու մենք պարտավոր չենք սպասել դատարանի վճիռներին, մենք ինքներս էլ հիմա ստուգում ենք հիվանդանոցներ և նրանց տուգանում ենք, ու այդ տուգանքները գանձում ենք էդ չարաշահումներ թույլ տված տնօրենների թույլ տված չարաշահումներով։

«Ազատություն». – Դուք Ֆեյսբուքում գրել եք, որ վեթինգը պետք է սկսել «միզաբուժության գուռու և պապայի կամ միգուցե մամայի բալա դատավորներից», կոնկրետ այս վճիռն արձակած դատավորը Սերգո Երիցյանի որդին է, իրե՞ն նկատի ունեք։

Թորոսյան. – Նկատի ունեմ այդտեղ նշված բոլոր մարդկանց։

«Ազատություն». – Պարոն նախարար, իսկ եթե հակառակը՝ Ձեր օգտին վճիռ կայացներ այս դատավորը, ուրեմն լա՞վ դատավոր էր։

Թորոսյան. – Հարցը լավն ու վատը չի, և ես չեմ էդ խոսքերի, այսպես ասած, սկզբնաղբյուրը, հավանաբար իրենք պետք է զբաղվեին իրենց մտքին հետևելով և ոչ թե միայն իմ կողմից արձագանքի դեպքում հիշեին, լավ կլիներ այդ հանրույթը, ով որ տենց քաղաքական շահարկում է համարում իմ խոսքը, զբաղվեր հենց այդ դատավորով, երբ որ ինքը նման արտահայտություններ էր թույլ տալիս իրեն։

«Ազատություն». – Հենց այս դատավորի՞ն նկատի ունեք։

Թորոսյան. – Ես արդեն ասացի։

«Ազատություն». – Դուք հաստատ դիտել եք տեսանյութը՝ երթուղայինում միջադեպը, որ ծագեց ծխելու պատճառով։

Թորոսյան. – Այնքան լավ եմ հասկանում, որովհետև 98 թվականից, երբ սկսեցի ինքս երթևեկել երթուղային տրանսպորտով ուսանողական տարիներին, ինքս այնքան եմ նման միջադեպերի մեջ եղել, որ նույնիսկ օր էր լինում՝ չէի նստում երթուղային, ոտքով էի գալիս տուն։ Այսինքն, այո, շատ բան չի փոխվել վերջին 20 տարում, անկեղծ եթե լինենք, այդ ուղղությամբ։ Մեր խնդիրն է նաև մշակութային փոփոխությունը, որովհետև միայն պարտադրանքով, միայն տուգանելով հարց չի լուծվի։ Կուզենայի, որ ամբողջ բնակչությունը լիներ պահանջատեր իր իրավունքների և առնվազն չխոչընդոտեր նման մարդկանց։ Այսինքն, եթե նույնիսկ դու ինքդ չես դիմում վարորդին, չպետք է խոչընդոտես վարորդին օրինական, իրավական, իր առողջությունը պահպանող պահանջ ներկայացնող մարդուն։

Չգիտեմ՝ ինչքան է մեր ասածը տեղ հասնում, բայց դրանք իրական կյանքեր են, այսինքն՝ մենք կորցնում ենք կյանքեր. օրինակ, թոքի քաղցկեղից՝ տարեկան 1500 կյանք, սրտանոթային հիվանդություններից, մահացության հիմանական տոկոսը՝ 50 տոկոսը ստրանոթային հիվանդություն է, որի հիմնական ռիսկի գործոնը սիգարետն է։ Մենք մեր քմահաճույքի համար չենք պայքարում այդ վատ սովորույթի ու նաև մեկ այլ վատ սովորույթների դեմ, դրանք իրական կյանքեր են, որ հենց մեր քաղաքացիների կյանքերը, հենց էդ վարորդի կյանքն ենք մենք ուզում փրկել, ուզում ենք փրկել Անիին ընդդիմացող կամ քննադատող, վիրավորող մարդկանց կյանքը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG