Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բելառուսական ОНТ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Հայաստան:
Արմեն Սարգսյանն ասել է, թե Հայաստան-Բելառուս երկկողմ հարաբերություններն ապագա ունեն, ու կցանկանար Բելառուսի նախագահին հյուր հրավիրել պաշտոնական այցով, նշելով, որ ինքն էլ կցանկանար մեկ անգամ ևս այցելել Բելառուս:
«Ես շատ կցանկանայի մանրամասն խոսել համագործակցության՝ հատկապես երկու-երեք ոլորտների շուրջ՝ պարենային անվտանգություն, նոր տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտ: Շատ ուրախ կլինեմ մեր երկխոսության համար, որը լավ արդյունքներ կտա», - ասել է Արմեն Սարգսյանը:
Բելառուսական հեռուստաընկերության լրագրողը Հայաստանի նախագահի հետ զրույցում հիշեցրել է, որ Արմեն Սարգսյանը համակարգչային ամենավաճառվող խաղերից մեկի՝ «Տետրիս»-ի մշակողներից է, որը ժամանակին նախկին Միությունը վաճառել է ամերիկյան ընկերություններին:
Արմեն Սարգսյանը պատմել է, որ ոչ ոք դրանից փող չի սարքել, բայց իր գլխավորած խումբը մնացել էր՝ խմբում կորեացի կար, հրեա, ռուս։ Նա ասել է, որ ուրիշ խաղեր էլ են ստեղծել, օրինակ՝ թափվող տառերից բառեր կազմել, ավելի ուշ այդ խաղերն ԱՄՆ-ի շատ վայրերում գրանցվել են «Արմենիկա» ընկերության կողմից:
Հայաստանի նախագահն անցյալ տարի էր այցելել Բելառուս, հանդիպել Լուկաշենկոյին։ Լրագրողի խնդրանքով անդրադառնալով այդ այցին ու բնութագրելով Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով 25 տարի անընդմեջ Բելառուսի նախագահն է, Արմեն Սարգսյանն ասել է. - «Գիտեմ՝ նախագահ լինել 25 օր, 250 օր դժվար է: 25 տարին ահռելի ժամանակաշրջան է: Ես Բելառուսը տեսել եմ որպես զարգացած երկիր։ Ինձ շատ է դուր եկել ոչ միայն երկրի կայունությունը, այլև կանխատեսելիությունը, բայց ինձ դուր է գալիս, որ այս երկրում շատ մեծ ուշադրություն է դարձվում գիտությանը և կրթությանը»:
Նա հիշեցրել է, որ Մինսկում այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա, գիտահետազոտական ինստիտուտ, մի քանի IT ընկերություններ:
Նախագահը նշել է՝ Բելառուսն ու Հայաստանը որոշ ընդհանրություններ ունեն, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաները երկու երկրներում կարևոր ոլորտ են համարվում:
«Հայաստանի նախագահն ամենօրյա կառավարմամբ չի զբաղվում, դա կառավարության գործն է, բայց նախագահն առաջնահերթ ծրագրեր ունի, որոնց թվում առաջիններից մեկը Հայաստանում նոր տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի զարգացումն է», - ասել է Արմեն Սարգսյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե դա իրեն մոտ է, ուստի դրանից է սկսել, Արմեն Սարգսյանն այսպես է արձագանքել. - «Ոչ միայն որ մոտիկ է, այլև դա աշխարհի ապագան է, դա իմ երկրի ապագան է։ Փոքր երկիր Հայաստանի ամենակարևոր ռեսուրսը, ես նույնիսկ կասեի` բնական ռեսուրսը, մարդն է: Ապագայում մարդու զարգացումն առանց նոր տեխնոլոգիաների, առանց արհեստական ինտելեկտի հնարավոր չէ»։