Մատչելիության հղումներ

Զելենսկին արմատական կադրային փոփոխություններ է նախաձեռնում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցում է Սահմանադրական դատարանի նիստին, Կիև, 11-ը հունիսի, 2019թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցում է Սահմանադրական դատարանի նիստին, Կիև, 11-ը հունիսի, 2019թ․

Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց Վլադիմիր Զելենսկին արմատական կադրային փոխատեղումներ է նախաձեռնում: Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահի հրամանագրով պաշտոնանկ արվեցին երկրի 25 նահանգապետերից 15-ը:

Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին երկրի խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց նոր արտգործնախարարի թեկնածությունը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Զելենսկին առաջարկում է նշանակել կադրային դիվանագետ Վադիմ Պրիստայկոյին:

Զելենսկու կողմից արտգործնախարարի պաշտոնում առաջադրված Պրիստայկոն 2014 թվականից զբաղեցնում էր փոխարտգործնախարարի պաշտոնը, մինչ այդ` 2012-2014 թվականներին եղել է Ուկրաինայի դեսպանը Կանադայում: Վերջին մի քանի շաբաթներին Պրիստայկոն աշխատում է նորընտիր նախագահի աշխատակազմում որպես այդ կառույցի ղեկավարի տեղակալ:

Կադրային փոխատեղումներից բացի, Զելենսկին երեքշաբթի օրը հասցրեց մասնակցել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նիստին, որտեղ քննվում էր նորընտիր նախագահի առաջին հրամանագրերից մեկի` Գերագույն ռադայի լուծարման մասին որոշման սահմանադրականությունը:

Դիմելով դատարանի անդամներին՝ Զելենսկին նշում էր․ - «Ես չէ, որ պետք է բացատրեմ ձեզ, թե ինչ է նշանակում «օրենքի տառին և ոգուն» համապատասխան: Ես համոզված եմ, որ Գերագույն ռադայի լուծարման մասին իմ որոշումը այդ երկու չափանիշներին էլ համապատասխանում է: Վերջին հարցումների համաձայն՝ Գերագույն ռադային վստահում է ուկրաինացիների ընդամենը չորս տոկոսը: Կարելի է արձանագրել, որ Ուկրիանայի ժողովուրդը ողջունում է խորհրդարանի լուծարումը»:

«Կարծում եմ, որ դուք արդար որոշում կկայացնեք: Հուսով եմ, որ մենք այդ որոշման համար չենք ամաչի ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ մեր երեխաների, ո՛չ ուկրաինացիների առջև», - հայտարարում էր երկրի նախագահը:

Սահմանադրական դատարան հայցադիմում ներկայացրած Ռադայի պատգամավորները, սակայն, պնդում են` Զելենսկին, լուծարելով երկրի խորհրդարանը, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը:

«Մենք ողջ ուկրաինական հանրությանը և դատարանի անդամներին կներկայացնենք մեր փաստարկները, որոնց համաձայն, Ռադայում առկա հին կոալիցիայի փլուզումից հետո նախագահն իրավունք չուներ խորհրդարանը լուծարել` խախտելով նոր կոալիցիայի ձևավորման համար նախատեսված 30-օրյա ժամկետը», - նշում էր Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Տետերուկը:

Գերագույն ռադայի լուծարման հարցով վերջնական վճիռը Ուկրաինայի Սահմանադրական դատարանը կայացնելու է մինչև հունիսի 29-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG