Որոշում է կայացվել երթուղայինում ծխող վարորդին հեռացնել աշխատանքից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Կարապետյանը տեղեկացրել է, որ նախօրեին Ֆեյսբուքում տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:
«Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից: Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաև ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հարցում», - գրել է Կարապետյանը:
Ակտիվիստ Անի Խաչատրյանը երեկ Ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է 46 համարի երթուղայինի վարորդը հրաժարվում հանգցնել ծխախոտը։ Ուղևորի հիշեցմանը, թե հանրային տրանսպորտում ծխելն արգելված է, վարորդը կոշտ հակադարձում է՝ պահանջելով իջնել երթուղայինից: Վարորդի և Անի Խաչատրյանի միջև վիճաբանություն է սկսվում։