Մատչելիության հղումներ

Չնայած Վաշինգտոնի վերջնագրերին՝ Անկարան S-400-ներից հրաժարվելու միտք չունի


Ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, արխիվ
Ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, արխիվ

Չնայած Վաշինգտոնի տված վերջնագրերին ու հնարավոր պատժամիջոցներին՝ Անկարան պնդում է՝ ռուսական S-400 (C-400) հակաօդային պաշտպանության միջոցներից հրաժարվելու միտք չունի:

Նախօրեին Պենտագոնը հայտարարել էր, թե պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նամակ է հղել թուրք գործընկերոջն ու մինչև հուլիսի 26-ը ժամանակ տվել՝ վիճահարույց այդ որոշումը վերանայելու համար:

«Թուրքիայի իշխանությունները պետք է ընտրություն կատարեն ռուսական արտադրության C-400 զենիթային համակարգերի և ամերիկյան արտադրության F-35 օդանավերի միջև: Սպառազինության այս երկու տեսակների միաժամանակյա ձեռքբերումը բացառվում է», - պնդել էր Պենտագոնի ղեկավարը:

Ի պատասխան, Թուրքիայի ռազմական արդյունաբերության գծով գերատեսչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը երեկ հայտարարել է՝ Անկարան բազմիցս փորձել է Վաշինգտոնի հետ քննարկել խնդիրը, Ամերիկան, սակայն, չի ընդառաջել:

«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել ամերիկյան կողմի մտահոգությունները, եթե դրանք կապված են Թուրքիայում S-400-ների տեղակայման հետ, սակայն նրանք որևէ քայլ չարեցին տեխնիկական թիմ ձևավորելու և այդ հարցերը քննարկելու համար», - ասել է Դեմիրը:

Թուրքիայի պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել էր, որ Անկարան պատասխան նամակ է ուղարկել Պենտագոնի ղեկավարին, մանրամասները, սակայն, չէր հրապարակել:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հավաստիացրել է՝ ռուսների հետ կնքված գործարքը վերանայման ենթակա չէ: «Մենք արդեն գծել ենք S-400 համակարգերի մատակարարման ճանապարհային քարտեզը և համապատասխան քայլեր ենք ձեռնարկել, ամեն ինչ ավարտված է: Նրանք, ովքեր ուզում կամ առաջարկում են մեզ հրաժարվել գործարքից, իրականում մեզ լավ չեն ճանաչում», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Պենտագոնը, իր հերթին, անցած շաբաթ Անկարա ուղարկած նամակով զգուշացրել էր՝ եթե ՆԱՏՕ-ի դաշնակից երկիրը որոշումը չփոխի, դուրս կմնա ամերիկյան F-35 -կործանիչների ծրագրից: «Մենք այլևս չենք վերապատրաստի թուրք օդաչուներին, այս պահին Ամերիկայում վերապատրաստում անցնողներն էլ կվերադառնան հայրենիք, քանի որ նրանց անհրաժեշտ չէ հավելյալ հմտությունների տիրապետել», - գրել էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, ընդգծելով՝ երկկողմ հարաբերություններից բացի այդ գործարքը սպառնում է նաև ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին, վնասում է Թուրքիայի տնտեսությանն ու մեծացնում այդ երկրի կախվածությունը Ռուսաստանից:

Օր-օրի սրվող այս տարաձայնությունների ֆոնին երկու երկրների պաշտպանության նախարարները պատրաստվում են դեմ առ դեմ բանակցությունների: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, հունիսի 26-27-ը Հուլուսի Աքարն ու Պատրիկ Շանահանը կհանդիպեն Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG