Մատչելիության հղումներ

Առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգիրքը շարունակում է ակտիվորեն քննարկվել


72 կողմ և 32 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ուրբաթ օրը ընդունված նոր Հարկային օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ ևս ընդունվելուց հետո կսկսի գործել գալիք հունվարի 1-ից։

Ըստ պատգամավորների, փոփոխությունների փաթեթում գլխավորը եկամտային հարկի նվազեցումն ու շրջանառության հարկի շեմի բարձարցումն է՝ տարեկան 58,3-ից մինչև 115 միլիոնի։

«Հարկային օրենսգիրքը չի փոփոխվել եկամուտներ գեներացնելու համար: Էս մասով ակնհայտ է, որ ինքը շատ ավելի պետական բյուջեի վրա թերստացում է ապահովելու, քան ներկայումս ունենք», - լրագրողների հետ զրույցում է ասում է պատգամավոր Արտակ Մանուկյանը («Իմ քայլը»):

Այսպիսիով նոր Հարկային օրենսգրքով տարեկան մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսները կվճարեն շրջանառության հարկ՝ խուսափելով ավելացրած արժեքի հարկից։

Արտակ Մանուկյանի խոսքով, այս փոփոխությունը հատկապես հրատապ էր․ - «Ես ինքս էլ որպես պատգամավոր ստանում եմ մի շարք մտահոգություններ, որ բավականաչափ մեծ սուբյեկտներ կան, որոնք որ արդեն մոտեցել են 50 միլիոն դրամի շեմի սահմանագծին: Եվ եթե մենք հայտարարել ենք, որ ըստ էության էս մասով փորձում ենք փոփոխություն անենք, և եթե մենք արագ սա չանենք, այս սուբյեկտների մոտ գայթակղություն է առաջանում ավելի նվազ ծավալով այսպես ասած խփել»:

Իսկ Երևանից դուրս, մարզերում մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցողները ընդհանրապես չեն վճարի շրջանառության հարկ․ - «Փոքր կրպակներն են, որ մեծապես գյուղերում կան, որ տատիկ-պապիկները խանութ են դրել և փորձում են վաճառել, այս նիշան կարծես թե հենց էդ մարդիկ են: Երևանի առևտուրի վրա չի տարածվում: Սրանք մենք պետք է դիտարկենք որպես հավելյալ արտոնություններ և ինչ-որ առումով սոցիալական գործառույթ իրականացնող սուբյեկտներ»:

Նոր Հարկային օրենսգրքի ամենաքննարկված փոփոխությունը եկամտահարկի համահարթեցումն է։ Այժմ գործում է եկամտահարկի 3 տարբերակ՝ 23, 28 և 36 տոկոս, համապատասխանաբար մինչև 150 հազար դրամ, 150 հազարից մինչև 2 միլիոն և 2 միլիոն դրամից բարձր վաստակողների համար։
Կառավարությունն առաջարկում է բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, իսկ 2020 թվականից արդեն՝
20 տոկոս։

Կառավարությունը իր հիմնավորումներում ասում է, որ «պրոգրեսիվ հարկման համակարգի պատճառով երկրում շատերը խուսափում են գրանցել իրական աշխատավարձը, և ստացվում է, որ աշխտողների 65 տոկոսի եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ Հայաստանում ունի վարձու աշխատողների ընդամենը 0,3 տոկոսը»:

Արտակ Մանուկյան․ - «Գաղափարախոսությունը եղել է պարզեցնելը: Իսկ ներկա պահին մեծ հաշվով, ինձ թվում է, բոլորիս շրջանակներում կգտնվեն էդպիսի մարդիկ, որոնք որ հատկապես երբ որ համեմատաբար ավելի բարձր աշխատավարձ են ստանում, գայթակղություններ կա, որ էդ աշխատավարձը ոչ թե գրանցվի, այլ անուղղակի եղանակով վճարվի»:

Ընդդիմախոսները հակադարձում են՝ արդար չէ փոքր գումար վաստակողներին և հարուստներին նույն կերպ հարկել։ «Իմ քայլից» հակադարձում են՝ մեծահարուստները շուրտով բարձր գույքահարկ կվճարեն․ - «Մոնումենտում մենք գիտենք դղյակներ, որոնք որ, ըստ էության, էդ հարստությունը դիզել են, բայց դրա դիմաց չնչին կոպեկներ են տալիս»:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նոր Հարկային օրեսգրքին դեմ են քվեարկել։

Ըստ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի, Ազգային ժողով բերված հարկային փոփոխությունների փաթեթում արմատական փոփոխություններ չկան: Բացի այդ, ԲՀԿ-ն արդար չի համարում հարկային համահարթեցումը։

«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել մի քանի պատճառներով, որոնցից դրանից մեկը ակցիզային հարկի բարձացումն է։ Այս հարկատեսակը կառավարությունը պատրաստվում է բարձացնել՝ փոխհատուցելու մյուս հարկերի իջեցման պատճառով առաջացող կորուստները։

«Ակցիզային հարկի բարձրացումը տարիների ընթացքում ինչ-որ ռիսկեր կարող է պարունակել՝ ընդհուպ մինչև շուկայում կարող են հայտնվել էդ կեղծ ապրանքները», - նշեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:

«Լուսավոր Հայաստանը», սակայն, ըստ Բաղդասարյանի, հարկային համահաթեցման դեմ հանդես չի եկել․ - «Մենք, որպես լիբերալ ուժ, այս պահին համահարթեցման դեմ հանդես չենք եկել, քանի որ չենք կարծում, որ Հայաստանի Հանրապետություն կան քաղաքացիներ, որոնք աշխատավարձով հարստանում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG