Մատչելիության հղումներ

Էդմոն Մարուքյանը պատասխանում է Կոտայքի մարզպետի՝ իրեն ուղղված հարցին


Պետրոսյանն ավելի շատ վնաս է հասցրել իրենց թեկնածուին, քան օգուտ է տվել, այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման եթերում ի պատասխան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարցի հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պետրոսյանը, մասնավորապես հարցրել էր, թե Մարուքյանը, որ այսօր խորհրդարանում ասել էր՝ Պետրոսյանն իր պահվածքով ամեն ինչ փչացրել է, ի՞նչ նկատի ուներ. ա՞յն, որ հանցափորձ է կանխել, որ սերտ համագործակցել է իրավապահների հետ՝ պետականությունը ամրացնելու Աբովյանի կլանային կառավարման տիրույթում։

«Ես ասել եմ, որ փչացրեց ընտրությունները, ես նկատի ունեմ, որ իր գերակտիվ մասնակցությամբ և մարզպետի ինստիտուտի նվազ կարևորելով, որովհետև ես չեմ կարծում, թե մարզպետը պետք է ընկնի և հանցագործություններ փորձի կանխել։ Եթե եղել է հանցագործության դեպք, պետք է լինի քրեական գերծ հարուցված հենց հիմա, պետք է կոնկրետ պատասխանատվության ենթարկվեն կոնկրետ անձինք։ Եվ ես նկատի եմ ունեցել այն, որ նա մտնում էր տեղամասեր և իր այնտեղ լինելով՝ հնարավորություն էր տալիս բոլոր թեկնածուներին վիճարկելու ընտրությունների ընթացքը, որովհետև ասում էին, որ ճնշում է, ադմինիստրատիվ մասնակցություն է։ Ես կարծում եմ, որ նա մի քիչ քիչ ակտիվություն դրսևորեր՝ միգուցե իրենց թեկնածուն չէր պարտվի։ Այսինքն՝ ավելի շատ վնաս է հասցրել իրենց թեկնածուին, քան օգուտ է տվել», - նշեց Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարն ընդգծեց, որ չի կարծում, որ Հայաստանի պետականությունն այնքան թույլ է, որ որևէ մի քաղաքում ՏԻՄ ընտրություններով թուլության կամ ամրության հարց է քննարկվում։

«Ինչ վերաբերում է կլանային համակարգին, եթե նկատի ունի «Բարգավաճ Հայաստան»-ին, կներեք, բայց նույն «Բարգավաճ Հայաստան»-ի հետ ձեր կուսակցության լիդերը գնաց և հուշագիր ստորագրեց ընտրություններից առաջ, էդ ժամանակ կլանային չէր, հիմա կլանայի՞ն է», - ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով հունիսի 6-ի կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի հայտարարությանը սևազգեստ մարդկանց խմբերի վերաբերյալ օպերատիվ տեղեկություն ստանալու մասին՝ ԼՀԿ ղեկավարը նշեց. «Ես տպավորություն ունեմ, որ այդ հայտարարությունը, որ արվել է, դրանով հնարավորություն է տրվել, որ որևէ խմբի, որը կուզենար դրա տակ հանդես գալ և աճել որպես քաղաքական գործոն, աճել, որովհետև վարչապետին ինչ-որ մեկը իրավապահ մարմիններից զեկուցել է, որ ակցիա են ուզում անել սև վերնաշապիկներով, նա միանգամից դա հրապարակային ասում է և ասում է՝ «զբաղվեք դրանցով», և հաջորդ օրը մարդիկ դուրս են գալիս սև վերնաշապիկներով քայլում են, և նրանց բերման են ենթարկում, այսինքն՝ սրանով և՛ ոստիկանության գործողություններն են կասկածի տակ դրված, և՛ այդ հայտարարությունը»։

Նա նշեց, որ մյուս կողմից՝ սև վերնաշապիկներով մարդիկ հստակ կրեդիտ են ստանում իշխանության գործողությունից. «Հիմա պետք է հասկանալ՝ սա ի՞նչ է, այսինքն՝ սխալ զեկուցմա՞ն արդյունք է, վարչապետին սխալ ուղղորդե՞լ են, ի՞նչն է էլի պատճառը»։

«Ես կարծում եմ, որ եթե նման տեղեկություն կա, ուրեմն՝ իրավապահ մարմինները գիտեն, որ ինչ-որ բան է նախապատրաստվում, եթե դա հակաօրինական է, կկանխարգելեն: Դա դարձնել կառավարության նիստի առարկա՝ ես չեմ կարծում, թե դա ճիշտ էր», - շեշտեց Էդմոն Մարուքյանը:

Հաղորդումը կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG